Դերափոխություն․ Ինչու է Մխիթարյանին ավելի հարմարավետ «Ռոմայում», քան «Արսենալում» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դերափոխություն․ Ինչու է Մխիթարյանին ավելի հարմարավետ «Ռոմայում», քան «Արսենալում»

Կորոնավիրուսի համաճարակը եկավ ընդհատելու բոլոր թոփ-առաջնությունները: Մեզ համար ցավալի էր հատկապես այն, որ դադարեցվեց Ա սերիան (և դեռ հարց է՝ կվերսկսվի, թե ոչ), քանի որ այնտեղ հրաշալի ելույթներ էր ունենում Հենրիխ Մխիթարյանը: Մեր հավաքականի ավագն ու առաջատարը, տեղափոխվելով «Ռոմա» և անցնելով բազմաթիվ փորձությունների միջով, վերջապես սկսել էր ցուցադրել իրեն բնորոշ վառ ու արդյունավետ ֆուտբոլը (վերջին 6 պաշտոնական խաղում՝ 3-ական գոլ ու արդյունավետ փոխանցում): Հենրիխը գտել էր թիմ, որը բոլոր առումներով համապատասխանում էր իրեն: Ամենևին պատահական չէ, որ ցանկանում է մնալ հենց Հռոմում, ոչ թե վերադառնալ Լոնդոն (տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին»): Փորձենք հասկանալ՝ ի՞նչ տարբերություններ կան «Արսենալում» ու «Ռոմայում» Մխիթարյանի դերերի միջև, և ինչո՞ւ է հայ կիսապաշտպանն իրեն առավել հարմարավետ զգում հենց Ապենինյան թերակղզում:

Նախ սկսենք նրանից, որ Մխիթարյանն «Արսենալում» հայտնվեց 2018 թվականի հունվարին, երբ գլխավոր մարզիչն Արսեն Վենգերն էր: Հենց նա էր այն անձնավորությունը, որ պնդեց՝ հայ խաղացողն անհրաժեշտ է «զինագործներին»: Ցավոք, ֆրանսիացի մասնագետն ու Մխիթարյանը միասին աշխատեցին ընդամենը 6 ամիս, քանի որ Վենգերի՝ «Արսենալում» անվերջանալի թվացող ճանապարհն ավարտվեց: Այդ մարզչի ֆուտբոլային մոտեցումները կատարելապես էին համապատասխանում Հենրիխին: Վենգերն այն մասնագետն է, որի թիմերը միշտ գրավիչ ֆուտբոլ են ցուցադրում, իսկ նա մարտավարությունը կառուցում է այնպես, որպեսզի բացահայտվեն իր խաղացողների լավագույն կողմերը: Դա վերաբերում է հատկապես հարձակման գծի ֆուտբոլիստներին:

Վենգերին փոխարինեց Ունայ Էմերին, որը թիմի խաղաոճի վերաբերյալ այլ տեսլական ուներ: Մխիթարյանը նրա օրոք ստացավ ավելի սահմանափակ դեր: «Արսենալը» Վենգերի գլխավորությամբ վերջին կես տարվա ընթացքում գլխավորապես օգտագործում էր 3 սխեմա՝ 4-2-3-1, 4-3-3 և 3-4-2-1: Մխիթարյանը սովորաբար գործում էր ձախից՝ կատարելով կա՛մ վինգերի պարտականություն, որն իր թիմի դիրքային գրոհների ժամանակ տեղափոխվում է կենտրոն, կա՛մ էլ ստանում ավելի ազատ դեր՝ ընդգրկվելով հարձակման եռյակում: Կատարյալ տարբերակ էր այն, երբ նա ու Մեսութ Օզիլը միասին էին տեղ զբաղեցնում ենթահարձակվողի դիրքում և ունենում էին տեղաշարժվելու բավարար ազատություն: Մխիթարյանը կամաց-կամաց հարմարվում էր այս փոփոխությանը, չէ՞ որ եկել էր «Մանչեսթեր Յունայթեդից», որտեղ աշխատող Ժոզե Մոուրինյոն շատ ավելի մեծ ուշադրություն էր դարձնում պաշտպանությունում հուսալի խաղին: Մխիթարյանի նման ֆուտբոլիստն այդպիսի համակարգում էլ կարող է հիանալի աշխատել ու հատվածներով աշխատեց, սակայն Հենրիխի լավագույն որակները բացահայտելու համար նրան չի կարելի շատ սահմանափակել ինչ-ինչ գործառույթներով:

Եվ տեսեք՝ ինչքան կարևոր է մարզչի գործոնը: Ոմանք ասում են՝ Պրեմիեր լիգան Մխիթարյանի համար չէր: Այո՛, կան որոշակի առանձնահատկություններ (շեշտ ֆիզիկականի վրա, ավելի դինամիկ ֆուտբոլ և այլն), բայց հիմա այն ժամանակներում ենք, որ առաջնություններն իրարից գլխովին չեն տարբերվում: Ավելի առանցքային է այն, թե ինչպիսի խաղաոճ ու ինչ պահանջներ ունի կոնկրետ մարզիչը: Անգլիայում հիմա շատ թիմեր կան, որոնք տիպիկ անգլիական ֆուտբոլ չեն խաղում՝ սկսած «Մանչեսթեր Սիթիից»: Եվ եթե Վենգերը շարունակեր աշխատել «Արսենալում», մենք Մխիթարյանին այնտեղ այլ կողմերով կտեսնեինք: «Չէի ասի, թե չհարմարվեցի անգլիական ֆուտբոլին: Երևի ինչ-որ տեղ մարզչի փոփոխությունն իր դերը խաղաց, քանի որ «Արսենալ» տեղափոխվել էի Վենգերի ցանկությամբ: Հետո մարզիչը փոխվեց, երևի ինչ-որ բան խանգարում էր, երևի իմ խաղաոճը չէր համապատասխանում Էմերիի խաղային փիլիսոփայությանը»,- հայտարարել է Մխիթարյանը:

Ամբողջությամբ՝ vnews.am