Վերջին օրերի ցուրտը շատերիս մտահոգել է՝ արդյո՞ք կա ցրտահարության վտանգ։ Գյուղոլորտի մասնագետի կանխատեսումները հուսադրող են։ Ցրտահարություն չի լինի, բայց գյուղատնտեռսության վրա իր բացասական հետքը կթողնի կարանտինային «զինադադարը»։
«Ցրտահարության վտանգ չկա, այս օրերի ցուրտ եղանակը բերքի վրա էական ազդեցություն ունենալ չի կարող»,- վերջին օրերի եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված անհանգստությունը շտապում է փարատել Ագրոգյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը․
«Արարատյան հարթավայրում՝ միանշանակ ոչ։ Լեռնային ու նախալեռնային գոտում էլ վար ու ցանքսը չի սկսվել։ Նոր-նոր փոքր հողակտորներն էին սկսել մշակել , այնպես որ գյուղատնտեսությանն այս առումով վտանգ չի սպառնում։ Կարծում եմ՝ օրերն էլ տաքանալու են»։
Բերբերյանին այսօր ուրիշ խնդիր է անհանգստացնում․ մեղուներն են այս տարի նվազել, ինչը բացասական ազդեցություն կարող է ունենալ բերքի փոշոտման վրա։
«Մի կողմից անձրևները, մյուս կողմից՝ մեղվաքանակի անկումը բերելու են նրան, որ մրգի բերքը պակասելու է, քանի որ ծառերը չփոշոտվեցին։ Այսօր դա ավելի լուրջ խնդիր է, քան ցրտահարությունը»։
Նախորդ ձմեռը ձյունաշատ չէր, արդյո՞ք երաշտը չի սպառնում գյուղատնտեսությանը։ Հրաչ Բերբերյանն այս առումով էլ մտահոգվելու առիթ չի տեսնում՝ գարնանային տեղումները, բարեբախտաբար, բացը լրացնում են․
«Հիմա բավականին շատ են տեղումները, չորս օր առաջ Շիրակի մարզում մոտ 25 սմ ձյուն եկավ, այնտեղ տեղումների մասով վիճակը շտկվում է։ Երեկ էլ Վարդենիսում մոտ 30 սմ ձյուն է եկել։ Այնպես որ՝ խնդիր չունենք, տարին հաջող է սկսվել»,- ասում է Բերբերյանը։
Ամբողջությամբ՝ armradio.am