Covid 19 պանդեմիայի հետ կապված՝ Իսպանիայում շարունակվում է արտակարգ դրությունը: Հատկապես մադրիդաբնակները զգում են այս օրերի ողջ ծանրությունն ու դժվարությունները: Բանաստեղծ, երաժիշտ Աղավնի Գրիգորյանն ընտանիքի հետ ապրում է Մադրիդում, ասում է` ինչպես բոլորը, իրենք նույնպես դժվար ու ծանր օրեր են անցկացնում: «Աշխատում ենք ամուր լինել ու չընկճվել, հարմարվել իրականությանն ու ինքնամեկուսացմանը, թեպետ հոգեպես ծանր է տանը փակված լինել մեկ ամիս շարունակ։ Օրվա ընթացքում փորձում ենք ազատ ժամանակը հետաքրքիր դարձնել, կարդալ, ինքնակրթվել, անձամբ ես` ստեղծագործում եմ, հեքիաթներ եմ գրում, անգամ մեկը կարդացի տեսագրությամբ եւ տեղադրեցի համացանցում։ Առօրյաս լցնում եմ նաեւ ֆեյսբուքյան հարթակում մշակութային ծրագրեր իրականացնելով»:
Դեռ մարտի 13-ին վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարեց Իսպանիայի ողջ տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին, իսկ մարտի 10-ից արդեն դադարեցվել էր հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումը: «Դեպքերի բերումով՝ հենց ամսի 14-ին քաղաքի կենտրոնում էի: Պիտի ասեմ, որ իսպանացիները բավականին մեծ պատասխանատվությամբ եւ հարգանքով արձագանքեցին կառավարության որոշմանը, եւ քաղաքի կենտրոնը, որ սովորաբար մարդաշատ է, պարզապես դատարկ էր»,- ասում է Աղավնին ու նկատում, որ ամեն օր կառավարությունն ուղիղ եթերում զեկուցում է երկրում համաճարակային իրավիճակի մասին:
Ապրիլի 7-ի դրությամբ, միայն վերջին քսանչորս ժամում 743 մահ է գրանցվել։ Ընդհանուր, մինչ օրս՝ 13 հազար 798 մահ, վարակվածների ընդհանուր թիվը՝ 140 հազար, բուժվածները՝ 43 հազար: Թեպետ վերջին օրերին մի փոքր նվազել է վարակվողների ու մահացությունների թիվը, ամեն դեպքում, դրությունն առայժմ լարված է, եւ իսպանական կառավարությունը դարձյալ երկարացրեց արտակարգ իրավիճակը՝ մինչեւ ապրիլի 26-ը:
Աղավնին նկատում է, որ արտակարգ դրությունը բավականին խիստ թելադրվեց կառավարության կողմից. տնից կարելի է դուրս գալ միայն մթերային գնումներ անելու կամ դեղատուն գնալու համար, բոլոր հասարակական վայրերը, ներառյալ՝ այգիները, փակ են: Հասարակական տրանսպորտից այս պահին կարող են օգտվել միայն աշխատողները. «Առաջին մեկ-երկու օրվա ընթացքում դեռ կային «խիզախներ», որ շարունակում էին մարզվել, զբոսնել դրսում, բոլորը տուգանվեցին, անգամ կալանավորվեցին»: Ի դեպ, տուգանքի չափը 300-30.000 եվրո է սահմանված, կառավարությունն իրավախախտումների դեպքում սահմանել է նաեւ կալանք՝ մի քանի օրից մինչեւ մի քանի ամիս:
Իսպանիայում, ինչպեսեւ ամբողջ աշխարհում, առաջնայինը դիմակների պակասն է։ «Դեռեւս երկու ամիս առաջ դեղատներում չկար դիմակ, դեֆիցիտը շարունակվում է մինչ օրս, անձամբ մենք, ի վերջո, հաջողացրինք մի քանի դիմակ ստանալ՝ մեկ ամիս առաջ օնլայն պատվերով, մինչ այդ ինքս եմ կարել իմ եւ ընտանիքիս անդամների համար դիմակներ»,- ասում է Աղավնին ու նշում, որ տնից դուրս են գալիս մի քանի օրը մեկ՝ միայն անհրաժեշտ առեւտուրն անելու համար: Դեռ որեւէ անգամ ոստիկանությունը չի կանգնեցրել, առեւտուր անում են տանն ամենամոտը գտնվող մի քանի սուպերմարկետից. «Ես երբեմն երկարաձգում եմ խանութ այցս, որ հասցնեմ մի քանի րոպե ավելի հիանալ ծառ ու ծաղկով: Իսկ ֆինանսական դժվարություններ, կարծեմ, բոլորս ենք ունենալու, օտարերկրացիները՝ առավել, որքան էլ այս պետությունը ֆինանսական փոխհատուցումների ծրագրեր է մշակում»:
Ինչպես ընդգծում է Աղավնին, արտակարգ դրություն մտցվելու առաջին օրից մարդկանց կյանքի կարեւոր բաղադրիչը դարձել են շնորհակալական ծափերը բուժաշխատողներին, որը մեկնարկում է ամեն երեկո՝ 20։00-ին. «Մարդիկ պատուհաններից, պատշգամբներից ծափահարում են, հետո հաճախ երաժշտություն են միացնում կամ երգում են պատշգամբներից: Իսպանիան, կարծում եմ, պատրաստ չէր հարվածի այս ծավալին: Այդուհանդերձ, բուժաշխատողներն անձնուրաց աշխատում են ու, ցավալիորեն, հազարավոր բուժաշխատողներ իրենք են արդեն վարակված: Իսկ հիվանդանոցներն աշխատում են արտակարգ ռեժիմով, կառավարությունը ստիպված եղավ երկու օրում վերազինել ու հիվանդանոցի վերափոխել IFEMA հսկա տաղավարը»:
Ինչ վերաբերում է կրթությանը, ապա պետական ուսումնական հաստատություններն անմիջապես անցան հեռավար ուսուցման։ «Այդուհանդերձ, Հայաստանի հետ համեմատ, կան տարբերություններ: Մինչեւ 14 տարեկանների հետ հեռավար ուսուցումը կազմակերպվում է զուտ հանձնարարական՝ ուսուցչի կողմից, աշակերտի կողմից՝ առաջադրանքի պատասխան սկզբունքով: 14-ից բարձր տարիքային խմբի հետ արդեն հեռավար ուսուցումն օնլայն տեսադասերով է իրականացվում: Տղաս այդպես է դասերն անում: Կարծում եմ՝ մինչեւ ամառ, երեւի թե, չլինի վերադարձ սովորական դասապրոցեսին»,- պատմում է Աղավնին, ով մասնավոր դպրոցում վոկալ եւ դաշնամուր է դասավանդում։ «Ապրիլ ամսից արդեն որոշ մասնավոր դպրոցներ անցան հեռավար ուսուցման եւ, բնականաբար, կորցրին աշակերտների զգալի մասին։ Ծնողների մի մասը պարզապես նախընտրում է սպասել, մյուս մասը հեռավար ուսուցումն այնքան էլ արդյունավետ չի համարում, երրորդները գործիք չունեն այն տանը, որտեղ ինքնամեկուսացվել են»,- ասում է նա ու նկատում, որ այս ընթացքում մադրիդաբնակ մեր հայրենակիցներից մի քանիսը, ցավոք, հիվանդացել են, բայց մի մասն արդեն կազդուրվել է եւ տուն վերադարձել, մյուսներն առողջացման փուլում են: