ԲԽ առաջին ակումբը, որտեղ խաղացին լեգեոներներ․ Լուծարված «Երևանի» հետքը հայկական ֆուտբոլում
Advertisement 1000 x 90

ԲԽ առաջին ակումբը, որտեղ խաղացին լեգեոներներ․ Լուծարված «Երևանի» հետքը հայկական ֆուտբոլում

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 28 առաջնություններին տարբեր տարիներին ընդհանուր առմամբ մասնակցել են 46 թիմեր: Տարբեր խաղամակարդակի ու խաղաոճի այդ թիմերից յուրաքանչյուրն իր ուրույն տեղն է գրավում հայկական ֆուտբոլի տարեգրությունում, իր ուժերի ներածի չափով նպաստել է մարզաձևի զարգացմանը հանրապետությունում: Ցավոք ֆուտբոլային ակումբների մեծամասնությունը բարգավաճելու և հզորանալու փոխարեն հայտնվելով ֆինանսական ծանր պայմաններում, լուծարվել է: Ճիշտ է, վերջին տարիներին ականատես ենք եղել նաև մի խումբ նոր թիմերի կազմավորմանը, ինչն ուրախալի է:

VNews.am-ը սկսում է նոր շարք, որի հրապարակումներում ժամանակագրական կարգով կանդրադառնանք ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցած, հայկական ֆուտբոլում առավել ծանրակշիռ նվաճումների հասած և մեծ հեղինակության արժանացած լուծարված 5 ակումբների ելույթներին, կներկայացնենք թիմերի և նրանց ֆուտբոլիստների ցուցանիշները: Առաջին հրապարակումը վերաբերում է Երևանի «Երևանին»:

«ԵՐԵՎԱՆ» ԵՐԵՎԱՆ

1997թ. ՀՀ չեմպիոն, 1995/96, 1996/97, 1998թթ. առաջնությունների բրոնզե մրցանակակիր: 1998թ. ՀՀ գավաթի եզրափակչի մասնակից:
ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություններին մասնակցել է 1995/96-1999, 2019թթ.: Անցկացրել է 133 խաղ, +70=21-42, 253-181:
Ամենախոշոր հաշվով հաղթանակները՝ 6-0 («Արագած», 1995/96թթ., «Զանգեզուր», 1996/97թթ.):
Ամենախոշոր հաշվով պարտությունը՝ 0-8 («Լոռի», 2019/20թթ.):
Թիմի կազմում բոլորից շատ խաղ է անցկացրել Տիգրան Եսայանը՝ 89:
Լավագույն ռմբարկուն Տիգրան Եսայանն է՝56 գոլ:
Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Տիգրան Եսայանին՝ 20 գոլ (1995/96թթ.):

Թեև ֆուտբոլային կարճատև կենսագրությանը, «Երևանն» իր արժանի տեղն ունի հայկական ֆուտբոլի տարեգրությունում՝ հանդիսանալով 90-ականների ՀՀ առաջնությունների ուժեղագույն ակումբներից մեկը:

«Երևանը» հիմնադրվեց 1995թ. գարնանային-անցումային մրցաշարի ավարտից հետո՝ «Կոտայք-2-ի» բազայի վրա: Ակումբի նախագահը Լևոն Հարությունյանն էր, գլխավոր մարզիչը` Վաղարշակ Ասլանյանը: Թիմում հիմնականում ընդգրկված էին երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց հետ հանդես էին գալիս արդեն զգալի ճանաչում ունեցող Երվանդ Կրբաշյանը, Տիգրան Եսայանն ու Կարեն Գրիգորյանը: 2-րդ շրջանում թիմը համալրեցին «Փյունիկի» դարպասապահ Արթուր Ավագյանն ու ՀՄՄ-ում հանդես եկած Արկադի և Կարեն Դոխոյան եղբայրները:

Տիգրան Եսայան

Առաջին անգամ աշուն-գարուն մրցակարգով անցկացված 1995/96թթ. առաջնությունում «Երևանը» հաջողությամբ նշեց նորամուտը՝ դառնալով բրոնզե մրցանակակիր: «Երևանն» իրեն դրսևորեց որպես մարտունակ կոլեկտիվ: Արդյունավետ խաղով աչքի ընկավ Տիգրան Եսայանը՝ 22 հանդիպումներում խփելով 20 գնդակ: Ընդ որում Գյումրիի «Արագածի» հետ խաղում նա 5 գոլի հեղինակ էր դարձել: Եսայանը եզրափակեց առաջնության լավագույն ռմբարկուների եռյակը:

Նշենք, որ մինչև 1998թ. ներառյալ, Եսայանը մշտապես դարձել է «Երևանի» լավագույն ռմբարկուն: Նա թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուն է, նաև ռեկորդակիրն է անցկացրած խաղերի ու մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով: Ուստի պատահական չէ, որ Տիգրան Եսայանն իր արդյունավետ խաղով շուտով հայտնվեց Հայաստանի ազգային հավաքականի մարզիչների ուշադրության կենտրոնում:

Հարկ է նշել, որ ակումբի ղեկավարությունը բարձր պահանջներ դնելով թիմի առջև, շատ բծախնդիր էր մարզիչների ընտրության հարցում: Նույնիսկ չնչին սխալները չէին ներվում ու հերթական պարտությունը կարող էր ճակատագրական լինել գլխավոր մարզչի համար: Ուստի թիմում հաճախակի էին մարզչական փոփոխությունները: Երբ 1995/96թթ. առաջնության 2-րդ շրջանի մեկնարկային տուրում 3-րդ տեղում ընթացող «Երևանը» 0-2 հաշվով զիջեց ՀՄՄ-ին, Վաղարշակ Ասլանյանը պաշտոնանկ արվեց, որին փոխարինեց «Արարատից» հեռացած Սամվել Դարբինյանը: Նրա գլխավորությամբ էլ երևանցիներն արժանացան առաջնությունում իրենց առաջին պարգևներին՝ բրոնզե մեդալներին:

Ամբողջությամբ՝ vnews.am