Մի նկարի պատմություն. Սկանդալ Բելգրադում, Տիգրան Պետրոսյանը ստիպված խաղում է ուրիշ մրցակցի հետ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մի նկարի պատմություն. Սկանդալ Բելգրադում, Տիգրան Պետրոսյանը ստիպված խաղում է ուրիշ մրցակցի հետ

Անցած դարի 50-60-ական թվականերին Խորհրդային Միությունն իրեն շախմատային գերտերություն էր համարում: Զարմանալի ոչինչ չկար, քանի որ 1948 թվականից սկսած շախմատային թագը նվաճում և կրում էին միմիայն խորհրդային շախմատիստները: Մասնավորապես՝ Միխայիլ Բոտվիննիկը ընդմիջումներով 16 տարի շարունակ իր մոտ է պահել այդ մրցանակը: 1963-69թթ աշխարհի չեմպիոնի կոչումը պատկանել է մեր հայրենակից Տիգրան Վարդանի Պետրոսյանին:

Այդ փաստը, ինքնին, զայրացնում էր աշխարհի շախմատային մյուս երկրներին: Եվ ահա, խորհրդային շախմատի ուժը ստուգելու համար Հարավսլավիայի շախմատի ֆեդերացիան 1969թ ՖԻԴԵ-ի համաժաղովին հանդես է գալիս ուշագրավ առաջարկով՝ անցկացնել շախմատային հանդիպում ԽՍՀՄ և աշխարհի ուժեղագույն շախմատիստների միջև: Հարավսլավցիները նույնիսկ նշում են պարգևավճարի չափը՝ 100 հազար դոլար: ԽՍՀՄ շախմատի ֆեդերացիան անմիջապես համաձայնվում է առաջարկության հետ: ՖԻԴԵ-ն նույնպես դրական է վերաբերվում այդ գաղափարին, և սկսում է աշխարհի հավաքական ձևավորել:

Հանդիպումը նշանակվում է 1970 թվականի մարտի 29-ից մինչև ապրիլի 5-ը: Թիմերը ներկայանում են 10-ական շախմատիստներով: Ըստ մրցակարգի կողմերն անցկացնում են 40 պարտիա՝ 10-ական յուրաքանչյուր տուրում:

Հանդիպումից առաջ մեծ սկանդալ է տեղի ունենում աշխարհի հավաքականում: Ըստ պայմանավորվածության՝ Բոբի Ֆիշերը պետք է հանդես գար առաջին խաղատախտակի վրա, սակայն Բենտ Լարսենը, ով այդ պահին թիմում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստն է լինում, հրաժարվում է խաղալ 2-րդ համարի տակ: ՖԻԴԵ-ին հաջողվում է ամերիկացի շախմատիստին համոզել զիջել իր տեղը ավելի տարեց դանիացուն, և հանդիպումը կայանում է:

ԽՍՀՄ հավաքականի կազմում 2-րդ համարի տակ հանդես էր գալիս Տիգրան Վ. Պետրոսյանը, քանի որ հավաքականը գլխավորում էր աշխարհի նորընծա չեմպիոն Բորիս Սպասկին: Մեր հայրենակիցը, բնականաբար, հոգեբանորեն պատրաստվում էր իրեն քաջածանոթ Բենտ Լարսենի հետ մրցամարտին, քանի որ այդ մասին հայտարարվել էր նախապես: Ինքնին շատ մեծ է լինում նրա զարմանքը, երբ խաղատակխակի հակառակ կողմում տեղ է զբաղեցնում Բոբի Ֆիշերը, որին նա մինչ այդ 14 անգամ հաղթել էր տարբեր մրցաշարերում:

Հանդիպումն ավարտվում է ԽՍՀՄ հավաքականի նվազագույն հաղթանակով՝ 10,5:9,5: Սակայն պետք է նշել, որ խորհրդային շախմատիստները միավորների հիմնական մասը վաստակում են 5-10-րդ խաղատախտակների վրա, իսկ ահա առաջատար քառյակը զիջում է մրցակիցներին:

Աշխարհի հավաքականում հատկապես աչքի է ընկնում հենց Բոբի Ֆիշերը, որը մինչ այդ շատ չէր երևում շախմատային բոմոնդում և բավականին փակ կյանք էր վարում: Նա առաջին երկու պարտիաներում հաղթում է «երկաթյա Տիգրանին» (մեր շախմատիստին այդպես էին անվանում լավ պաշտպանվելու համար – հեղ.) և մեծապես կրճատում է ընդհանուր հաշվի տարբերությունը: Բարեբախտաբար, հաջորդ երկու պարտիաներում Տիգրան Պետրոսյանին հաջողվում է կանգնեցնել շախմատային հանճարին և ոչ-ոքի խաղալ: Հենց այդ միավորն էլ հաղթանակ է բերում ԽՍՀՄ հավաքականին:

Հետագայում, Տիգրան Պետրոսյանն ու Բոբի Ֆիշերը Բույենոս Այրեսում հանդիպում են աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի կիսաեզրափակիչում: Ամերիկացի շախմատիստը հաղթում է 6,5:2,5 հաշվով և մտնում եզրափակիչ, որտեղ արդեն ջախջախում է աշխարհի չեմպիոն Բորիս Սպասկուն՝ 12,5:8,5 հաշվով, չնայած ամերիկացին չի ներկայանում առաջին պարտիային, իսկ երկրորդում միտումնավոր պարտվում է, քանի որ մրցամարտի կազմակերպիչները չէին կատարել նրա բոլոր պահանջները:

Սույն լուսանկարն արվել է 1970թ, Բելգրադում, ԽՍՀՄ – Աշխարհի հավաքական շախմատային հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ:

a1plus.am