Նախնական տվյալներով և տարբեր երկրներից ստացված փորձից ելնելով՝ վարակի տարածման ամենահավանական աղբյուրները համարվում են բենզալցակայնները, երբ մարդիկ իրենց ձեռքով են լցնում բենզինը, հանրային տրանսպորտը, եթե մարդիկ օգտվում են բռնակներից: Այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարեն Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանը:
Մարուքյանը նշեց, որ անգամ ամենախիստ սահմանափակումներ կիրառած երկրներում մետրոն գործում է: Նա նկատեց, որ երբեմն տաքսիով երթևեկելը ավելի վտանգավոր է, քան մետրոյում՝ սոցիալական հեռավորությունը պահելով:
Ավինյանը նման պնդումը շատ վիճարկելի համարեց:
«Հանրային տրանսպորտում շատ անձինք, մանավանդ, երբ խոսում ենք գազելների մասին, միաժամանակ նույն նեղ տարածության մեջ են, մետրոյում օգտվում են նույն բռնակներից: Եվ աշխարհում դեռ վերջնական վերլուծություն չկա, թե վարակի տարածման հնարավոր աղբյուրները որոնք են: Նախնական տվյալներով և տարբեր երկրներից ստացված փորձից ելնելով, վարակի տարածման ամենահավանական աղբյուրները հենց եղել են, օրինակ, բենզալցակայաններն այն դեպքում, երբ մարդիկ իրենք են բենզինը լցնում իրենց ձեռքով, հանրային տրանսպորտը, եթե օգտվում են բռնակներից: Եվ ավելի հավանական է, որ հանրային տրանսպորտի միջոցով վարակը կտարածվի»,- ասաց Ավինյանը:
Էդմոն Մարուքյանը նաև հետաքրքրվեց նաև, թե հնարավոր է արդյոք, որ կառավարությունը մեկ անգամ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելուց հետո ևս մեկ անգամ երկարաձգի: Ավինյանը նշեց, որ արտակարգ դրության երկարաձգման հնարավորությունը նախատեսված է օրենքով:
«Եվ ընդհանուր առմամբ, եթե արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը դեռ չի կարողացել լուծել այն խնդիրը, որի համար հայտարարված է եղել, տրամաբանական մեկնաբանություն է, որ 30 օրով հնարավորություն է տրվում կառավարությանն այն երկարաձգել: Այլ պարագայում կստացվեր, որ վաղը՝ հենց օրը լրանում է, նոր արտակարգ դրության որոշմամբ պետք է հանդես գայինք»,- ասաց Ավինյանը:
Մարուքյանի կարծիքով՝ մեկնաբանությունը, թե արտակարգ դրության ռեժիմը կարող է անընդհատ երկարեցվել, իրավական հենք չունի: Նա նշեց, եթե կառավարությունը արտակարգ դրություն հայտարարարի 10 օրով, ապա կարող է երկարաձգել, սակայն դա չպետք է անցնի 30 օրը: Փոխվարչապետն արձագանքեց՝ տեխնիկան կարևոր չէ:
«Կարևոր չէ դա երկարաձգմամբ է արվում,թե նոր արտակարգ դրություն հայտարարելով, քանի որ խնդիրը չի լուծվել, արտակարգ իրավիճակը չի վերացել, որով պայամնավորված է եղել արտակարգ դրությունը: Դեռևս արտակարգ դրության ռեժիմն իր խնդրի լուծմանն ամբողջապես չի ծառայեցվել, և շատ տրամաբանական է, որ պետք է երկարաձգվի»,- ասաց նա:
ՀՀ ազգային ժողովը քննարկում է արտակարգ դրության ժամկետը 30 օրով երկարաձգելու հարցը: