«Վեոլիա Ջուր» ընկերությունը, կարևորելով կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում բժիշկների և բժշկական հաստատությունների դերը, որոշում է կայացրել հատուկ պայմաններ տրամադրել COVID-19-ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
«Հատուկ կարգավիճակ ստացած կազմակերպությունների ցանկում են՝
- «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը,
- Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը,
- Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը,
- «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատան մասնաշենքը,
- Արտաշատի բժշկական կենտրոնը,
- Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցը,
- Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը,
- Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը,
- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը։
Ընկերությունը շնորհակալություն է հայտնում առողջապահության համակարգում գործող կառույցներին և բժշկական անձնակազմերին՝ իրենց հերոսական աշխատանքի համար։ «Վեոլիա Ջուր»-ը համոզված է, որ միայն համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել մեր առջև ծառացած լուրջ մարտահրավերը։
«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է աշխատել արտակարգ դրության պայմաններում և ծառայություններ մատուցել իր բազմահազար հաճախորդներին, ինչպես նաև կենսական կարևորության կազմակերպություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։