Փաշինյանը պահանջել է հոգևորականներին առնչվող աղմկահարույց գործեր «բացահայտել»․ գաղտնի ժողով կառավարությունում. politik.am
Advertisement 1000 x 90

Փաշինյանը պահանջել է հոգևորականներին առնչվող աղմկահարույց գործեր «բացահայտել»․ գաղտնի ժողով կառավարությունում. politik.am

Ապրիլի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն լրատվամիջոցներից մեկի խնդրանքով անդրադարձ էր կատարել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման անհրաժեշտությանը․ «․․Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։

Կաթողիկոսի այս հայտարարությունն իշխանությունների սրտով չէր ու ինչպես և սպասելի էր  վարչապետ Փաշինյանի թիմը անցավ տեղեկատվական հարձակման և իշխանության ամենատարբեր ներկայացուցիչները Կաթողիկոսին պախարակող հայտարարություններով հանդես եկան։

Փաշինյանը սակայն միայն այսքանով բավարարվողը չէր։ Մենք արդեն նկատել էինք, որ անանուն իր հոդվածում, որը հրապարակվել էր իր ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթում, Փաշինյանը զգուշացրել էր, որ Քոչարյանի ազատությունը պահանջողներին չի ներելու։

Ապրիլի 15-ին, օրվա սկզբին կառավարական մեր աղբյուրները տեղեկացրեցին, որ Փաշինյանն իր մոտ է հրավիրել ուժային կառույցների ղեկավարներին և հրահանգել, որպեսզի հնարավոր բոլոր ջանքերը գործադրեն և Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորներին պախարակող տարբեր փաստեր գտնեն։ Այն փաստերով որոնցով հնավոր է իրավական գործընթաց սկսել և շոու ապահովել, հրահանգվել է ընթացք տալ դրանց, իսկ այն փաստերը, որոնք կարող են պախարակող լինել, բայց իրավական գործընթաց սկսել հնարավոր չի՝ տալ յուրային լրատվամիջոցներին, որպեսզի դրանք հանրայնացվեն։

Մինչ մենք փորձում էինք ստուգել ստացված տեղեկատվությունը, ԱԱԾ-ն անուղղակի կերպով հաստատեց մեզ հասած տեղեկությունները։ Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամետում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին»:

Խոսքը Աֆրիկայի մայրցամաքում տեղի ունեցած մի պատմության մասին է։ ԱԱԾ հայտարարությունից բոլորը հասկացան, որ խոսքը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի մասին է։ Այս պատմությունը հայտնի է դարձել տարիներ առաջ։ Սրա մասին Ազգային Ժողովում մի քանի անգամ խոսել է Փաշինյանը։

Միանգամից հասկանալի է, որ այս հայտարարությունը պատասխան էր Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայտարարությանը։ Եթե իրավապահները իրապես հանցագործության հետքերով են գնում, ապա երկու տարի շարունակ չէին լռի սրա մասին։

Փաշինյանի հրահանգից հետո, սա ամենահնարավոր պատմությունն է եղել, որը կարճ ժամանակում կարողացել են իմի բերել և գործ հարուցել։ Առաջիկայում կլինեն նոր գործեր և պատմություններ։

Վարչապետի պահանջը շատ կոշտ է եղել։ Նա պնդել է, որ պետք է հուժկու հարված հասցնել Առաքելական եկեղեցուն, որպեսզի այլևս մտքների ծայրով անգամ չանցկացնեն իր հակառակորդներին պաշտպանող հայտարարություններով հանդես գալ։ Փաշինյանը նպատակ ունի նաև քրեական գործերով և լրատվամիջոցների աղմկահարույց պատմություններով հոգևորականների շրջանում դժգոհություն հասունացնել Կաթողիկոսի դեմ, որը հնարավոր է բերի եկեղեցու ներսում հեղափոխության, ինչին այդքան ձգտում են նոր իշխանությունները։

politik.am



Նման նյութեր