Նաիրա Սահակյանը Չինաստանում ապրող այն եզակի հայերից է, որ կորոնավիրուսի պատճառով Հայաստան չվերադարձավ և այս ողջ ընթացքում Չինաստանում մեկուսացված մնաց: Նաիրան ապրում է Հենան նահանգի Ջենջու քաղաքում, որը գտնվում է Հուբեյ նահանգի հարևանությամբ, որտեղ տարեվերջին բռնկվեց կորոնավիրուսը: Սովորում է Ջենջուի պետական համալսարանի չինարեն լեզու, արվեստ, ասիական պատմություն ֆակուլտետում: Մեզ հետ զրույցում Նաիրան պատմել է ինքնամեկուսացման երեք ամիսների, այդ ընթացքում նրա մտորումների, ձեռք բերած փորձի և կարանտինից հետո աստիճանաբար բնականոն կյանքին վերադառնալու մասին:
Շաբաթական միայն երկու անգամ կարող էին տնից դուրս գալ, այն էլ 15-20 րոպեով
Համալսարանում արձակուրդ էր և արդեն չինական Նոր տարին էր մոտենում, երբ սկսվեց այդ ամենը: Համալսարանի զանգահարեցին ինձ ու ասացին, որ եթե Հայաստան չեմ վերադառնալու, ապա ունեցածս գումարով հնարավորինս շատ ուտելիք գնեմ: Վախեցա և սկսեցի բավական շատ նպարեղեն ու նմանատիպ սննդամթերք գնել: Դա ճիշտ որոշում էր, որովհետև մոտ 1.5 շաբաթ այն ինչ անհրաժեշտ էր, սուպերմարկետներում չէինք գտնում: Եվ սկսվեց մոտ երեք ամիս տևողությամբ մեկուսացման շրջանը: Շաբաթական ընդամենը երկու անգամ կարող էինք տանից դուրս գալ, այն էլ 15-20 րոպեով: Հեռախոսի մեջ առկա QR կոդը սկան էինք անում և այդկեչպ դուրս ու ներս անում: Անձնագրի կարիք չկար, քանի որ անձնական բոլոր տվյալներն այդ կոդի մեջ էին: Այդ ընթացքում պետք է արագ գնայիքն մոտ գտնվող սուպերմարկետ, կատարեինք մեր գնումները և հետ վերադառնայինք: Պահակները հսկում էին ամեն ինչ և շատ խիստ էր, ինչը թեև ճնշող էր ու տհաճ, բայց հենց այդ խստությունը փրկեց մեզ: Այս ողջ ընթացքում պետությունը բավականին լավ վերաբերվեց օտարերկրացիներին, ինչի շնորհիվ ամբողջ ընթացքում ինձ ապահով էի զգում: Օրական 6-ից 8 անգամ քլորով կամ այլ քիմիական նյութերով պարտադիր փողոցները լվանում էին: Քանի որ օդը չոր է, մոտ 12 անգամ հատուկ սարքով ջուր էին բաց թողնում, ինչը մինչև վիրուսն էլ անում էին: Այս ընթացքում հասցրեցի ընկերանալ նաև մեր շենքի պահակների հետ: Ամեն անգամ, երբ դուրս էի գալիս, նրանք էլ դուրս էին գալիս, նստում փողոցում ու սպասում իմ և շենքի ցանկացած բնակչի վերադարձին` այդկերպ վտանգելով իրենց կյանքը: Որպես շնորհակալություն նրանց հաճախ թխվածք կամ հյութ էի հյուրասիրում:
Հայաստան վերադառնալիս վարակվելն ավելի հավանական էր, չէի ուզում ինձ հետ վարակ բերել
Սկզբում ծնողներս շատ էին անհանգստանում, հորդորում էին հետ վերադառնալ, սակայն մնացի այստեղ և այժմ հասկանում եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Այս պարագայում վախն ավելի շատ խանգարում է, քան օգնում: Գրեթե բոլոր թռիչքները հետաձգվում կամ չեղարկվում էին: Օդանավակայանում այդքան մարդկանց մեջ ժամերով և նույնիսկ օրերով սպասելու ընթացքում վարակվելու հավանականությունն ավելի մեծ էր: Բացի այդ կարծում եմ` նման պահերին չպետք է էգոիստի նման մտածել, որ ընտանիքի կողքին պետք է լինես: Չէի ուզում ընտանիքիս վարակել, ինձ հետ վարակ բերել: Այս պարագայում միայն ինքդ քո կյանքի համար չէ, որ պատասխանատու ես: Բացի այդ Չինաստանն ինձ համար երկրորդ տուն է դարձել: Արդեն երկու տարի է այստեղ եմ ապրում և դժվար էր մտածել Չինաստանը լքելու մասին: Որոշեցի այստեղ ընկերներիս հետ պայքարել վիրուսի դեմ: Ինձ համար ցավալի է, երբ մարդիկ ասում են` վիրուսը չինական է, չինացիներից է սկսել: Այո վիրուսը Չինաստանում է սկսվել, բայց Չինաստանից դուրս չինացիների պատճառով չի տարածվել: Պարզապես վիրուսի բռնկումից հետո օտարերկրացիները շտապեցին գնալ իրենց երկրներ, իսկ գնացողների մեծ մասն արդեն վարակված էր:
Մենք չենք հասկացել` ինչի միջով ենք անցնում և պատկերցում չենք ունեցել` վիրուսը կարող է հազարավոր մարդկանց կյանք խլել
Այժմ, երբ հետ եմ նայում, հասկանում եմ` ինչ դժվար է եղել: Ամեն ինչ այլ է, երբ ընտանիքի կողքին ես լինում, իսկ այստեղ մենակ էի և միայն հեռախոսով էի կարողանում շփվել ընկերներիս հետ: Ինձ օգնեց շունիկս` Վիվին: Երեք ամիս տանը փակված լինելն իր դրական կողմերն ուներ նաև: Այս ընթացքում ավելի շատ կապվեցի արվեստի հետ, սկսեցի կրկին նկարել, երգել, պարեր բեմադրել և նույնսիկ գրել այս ողջ ընթացքի մասին: Ռեժիմս, սակայն, խախտվել է:Մինչև հիմա չեմ հասկանում` երբ պետք է քնեմ, երբ` արթնանամ: Գիշեն ու ցերեկը խառնվել են: Բավականին սթրեսային էր, ինչի պատճառով նկատում եմ, որ հիմա ավելի շատ ձգտում եմ մենակ մնալ, մելանխոլիկ եմ դարձել: Բայց միշտ ակտիվ կյանքով եմ ապրել և շփվող եղել: Այժմ երբ ռեալ կյանքում պետք է ընկերներով հանդիպենք, մեկ ժամից ավել չենք կարողանում միասին մնալ: Մեկուսացման ժամանակ, քանի որ չկար ինչ-որ մեկն, ում հետ կարող էի զրուցել, գուցե ծիծաղելի հնչի, բայց ժամանակ առ ժամանակ հայելու մեջ էի նայում և ինքս ինձ հետ խոսում, որ չմոռանամ` մարդն ինչ տեսք, դեմք ունի: Այդ օրերին անգամ փողոց դուրս գալիս չէիր կարող մարդկանց դեմքը տեսնել, որովհետև բոլորն ակնոցներով, դիմակներով էին: Վերջին երկու շաբաթը սթրեսի պատճառով անգամ չէի կարողանում հաց ուտել: Ստամոքսս որոշել էր «բոյկոտել», քնել էլ չէի կարողանում: Չինաստանում չինական WeChat կայքում հայերի խումբ ունենք, որտեղ օրվա մեջ մեկ ժամ խաղեր էինք խաղում հայերով: Մնացած ժամանակ էլ ֆիլմեր էի դիտում, կարդում գրքեր ու ինքնազարգացմամբ զբաղվում: Ինձ թվում է` այդ վիճակում մնալն ավելի հեշտ էր, քան դրանից հետոն: Երբ տանն էի, արդեն սվորել էի, որ այս տարածքից չեմ կարող դուրս գալ, իսկ հիմա երբ դուրս եմ գալիս տնից` անընդհատ մտածում եմ, որ հիմա ժամը կմոտենա ու դռները կփակեն: Արդեն ռեֆլեքս է ձևավորվել: Իրականում մենք պարզապես չենք հասկացել` ինչի միջով ենք անցել: Պատկերացում չունեինք, որ այս վիրուսը կարող է հազարավոր մարդկանց կյանքեր խլել: Հիմա ինչ-որ չափով մարդիկ գիտեն` ինչի դեմ են պայքարում:
Մինչ այս բոլորս կլանված ենք եղել աշխատանքի, ուսման մեջ, սակայն երջանկությունը միայն այդ ամենով չի սահմանափակվում
Խանութները, ռեստորանները, մոլերն արդեն բաց են մեզ մոտ: Միայն ժամացի կենտրոնները դեռևս չեն աշխատում, քանի որ վիրուսը 100 տոկոսով դեռ չի վերացել: Հուսանք` այս ամենը շուտ կանցնի և մարդիկ ստիպված չեն լինի երկար տանը մնալ, բայց որքան էլ մնան, թող փորձեն ճանաչել սեփական անձը և այս ժամանակը ռացիոնալ օգտագործեն: Ինքս այժմ ուզում եմ վայելել կյանքն այն գույներով, որով կա: Մինչ այս բոլորս կլանված ենք եղել մեր աշխատանքի և ուսման, գումար վաստակելու մեջ, սակայն երջանկությունը միայն այդ ամենով չի սահմանափակվում: Ցանկանում եմ ավելի շատ ճամփորդել, ավելի շատ բան սովորել: