Կառավարության նիստի սկզբում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը․ «Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք և 26 առողջացած։ Այս պահին ակտիվ բուժման մեջ գտնվողների թիվը 840 է, բուժվածների ընդհանուր թիվը՝ 659, մահերի թիվը՝ 24։ Ունենք ծայրահեղ ծանր 10 հոգի, թոքաբորբով՝ մոտ 230 հոգի, արհեստական օդափոխության վրա՝ 5 հոգի, նրանցից մեկը բավական երիտասարդ է, ունի բնածին ծանր հիվանդություն, կարծես հույսեր կան, որ կկարողանանք կյանքը փրկել։ Աճի տեմպը մոտավորապես նույնն է։ Մահճակալային ֆոնդի առումով դեռ ծանրաբեռնվածությունն այնպիսին չէ, որ այլ տարբերակի անցնենք։ Պետք է զգոնությունը չկորցնենք, չթուլանանք»։
Անդրադառնալով աշխարհում կորոնավիրուսի պատկերին ու սահմանափակումների վերաբերյալ ամենօրյա որոշումներին՝ Արսեն Թորոսյանն ասաց․ «Թե՛ ակադեմիական, թե՛ պետությունների միջև կա դեբատ՝ խոսվում է թե՛ երկրորդ ալիքի մասին, թե՛ թուլացումներից զգուշանալու մասին․ նույն Եվրոպայում գնում են աստիճանական թուլացումների, բայց ես վստահ չեմ, որ դրանք չեն բերելու նոր բռնկումների»։