«Գնացինք Տալվորիկի շրջան Հոսնուտ գյուղ,մեր պապենական օջախը տեսնելու: Ի զարմանս մեզ` մեր օջախում ապրում էր մի քուրդ բազմազավակ ընտանիք: Իմանալով,որ մենք Համզեի և Համզեի եղբայր Մանուկի թոռներն և ծոռներն էինք,բերեց մեզ տվեց Համզեի պադրոնդաշը, որը պահել էր մինչ օրս։ Նա ասաց մեզ. «Պադրոնդաշը կախված է եղել տան պատից, երեխները միշտ ցանկացել են վերցնել, սակայն մեր մեծ պապը միշտ ասել է, այդ պադրոնդաշը Տեր ունի և մի օր գալու է սրա հետևից։ Եվ ահա դուք այսօր եկել եք, հանձնում եմ Ձեզ»։ Ի դեպ, այժմ այդ պադրոնդաշներից հանձնել ենք որպես նմուշ ՀՀ Պատմության թանգարանին։
Քուրդը ներկայացրեց մեզ դիմացի քարանձավը, որտեղ հանգչում է Հոսնուտի ռես (գյուղապետ, տանտեր,- խմբ.),իշխան Համզեն, մահից հետո տեղի քրդերը քարանձավը անվանել են նրա անունով «Համզեի քարանձավ», իսկ քրդերեն «Հմզե մղարը»:
Ցույց տվեց Համզեի տան թոնրատունը,որը պահպանվել էր շուրջ 2 դարից ավել։
Ճանապարհը որն անցանք մեր գյուղ գնալիս աննկարագրելի բարդ էր, ժեռ քարերով ոլորված ու անդնախոր ձորերի պռունկներով: Մարդու շունչ էր կտրվում: Մեր գյուղը` Հոսնուտը, Տալվորիկի գյուղերից մեկն է եղել, մեր գյուղի, մեր տոհմի պատմությունը մենք շատ լավ գիտենք, պահում ենք ու փոխանցում մեր սերունդներին»:
Շնորհակալություն ձեր պատմությունով մեզ հետ կիսվելու համար: