ՀՀ կառավարությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումների անցկացման համար մշակել էր նոր ձևաչափ՝ ողբերգության տարելիցը վերածելով վերածննդի խորհրդանիշի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նաև ներկայացրեց, թե ովքեր են եղել մտահղացման հեղինակները, ում ջանքերով է իրականացվել և որն է եղել 8 ժամ տևողությամբ համերգային ծրագիր կազմակերպելու գաղափարը։
«Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ստեղծվել է աննախադեպ իրավիճակ. վտանգ կար ընդհատելու տասնամյակների ավանդույթը և, ըստ էության, հնարավորություն չունենալու ներկա լինելու և հավուր պատշաճի հարգելու նահատակների հիշատակը: Բայց կառավարությունը գնաց մարտահրավերն ընդունելու և ստեղծված բարդ ճգնաժամային իրավիճակում առավելագույնս ստեղծարար մոտեցում ցուցաբերելու ճանապարհով»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ սա չափազանց պատասխանատու աշխատանք էր, որովհետև իրենք գործ ունեին մի թեմայի հետ, որը հայ ժողովրդի համար ամենազգայուն և նուրբ թեման է, և այստեղ որևէ շեղում անթույլատրելի էր:
«Կառավարությունում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ գերատեսչությունների ղեկավարների, տնօրենների մասնակցությամբ ձևավորվեց աշխատանքային խումբ։ Այն շատ կարճ ժամանակում մշակեց այնպիսի մի ձևաչափ, որը թույլ տվեց մեր քաղաքացիներին ապահովելու իրենց խորհրդանշական ներկայությունը Ծիծեռնակաբերդի բարձունքում: Մի քանի անգամ խորհրդակցություններ կազմակերպեց վարչապետը, որի ուշադրության կենտրոնում էր աշխատանքների կազմակերպումը։ Շատ լուրջ աշխատանք են տարել Հանրային հեռուստաընկերությունը, Երևանի քաղաքապետարանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որն էլ ապահովեց քաղաքացիների վիրտուալ երթը։ Այսպիսով Սփյուռքի մեր հայրենակիցներին ու Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն ընձեռվեց իրենց անուններն ուղարկել հեռախոսահամարներին և ապահովել իրենց խորհրդանշական մասնակցությունը: Բոլորը մեկ մարդու նման գերպատասխանատու վերաբերմունքով նախաձեռնեցին մի բան, ինչը հնարավորություն տվեց մարդկանց ֆիզիկական բացակայությունը փոխարինել խորհրդանշական ներկայությամբ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ բովանդակության ապահովման տեսակետից աշխատանքների կազմակերպմանն ակտիվ մասնակցություն է ունեցել ԿԳՄՍ նախարարությունը, մասնավորապես, ժամանակակից արվեստի վարչությունը։
Հարությունյանի խոսքով՝ մշակվել էր այնպիսի գեղարվեստական ծրագիր, որը ողջ համերգային ծարգրի ընթացքում սոցցանցերի հրապարակումներում, մամուլում, շատ դրական և լուրջ արձագանք գտավ, որովհետև երգացանկն ընդգրկում էր ինչպես դասական հեղինակների ստեղծագործություններ, այնպես էլ ժողովրդական կատարումներ:
«Մշակված գեղարվեստական ծրագրի միջոցով Ծիծեռնակաբերդի բարձունքում ցույց տվեցինք մեր ամբողջ ստեղծագործական գունապնակը, մեր ստեղծագործողների տարբեր սերունդները` դրանով ներկայացնելով աշխարհին, թե 1915 թ-ին ինչ է փորձել ոչնչացնել Օսմանյան կայսրությունը ու չի հաջողվել: Կարծում եմ, որ հանրային արձագանքն ապացուցեց, որ կառավարությունը գնացել է ճիշտ ճանապարհով և բերել է նոր մոտեցում, մշակել է նոր ձևաչափ՝ ողբերգությունը վերածելով վերածննդի խորհրդանիշի»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
Հարությունյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նախարարության ենթակայությամբ գործող Կամերային երաժշտության ազգային կենտրոնին, որը երեկոյի հիմնական համակարգողներից էր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական մասի վարիչ Նոնա Ոսկանյանին՝ գեղարվեստական ծրագրի մշակմանը մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար, պետական այլ կոլեկտիվներին, մշակույթի ոլորտի այն մարդկանց, որոնք շատ կարճ ժամանակում համախմբվեցին նախարարության շուրջ։
«Ըստ էության, տեղի ունեցավ այն հոգևոր իրադարձությունը, որը մենք տեսանք ապրիլի 24-ին։ Շնորհակալ ենք նաև C-squared թիմին, որն ապահովեց լուսային ձևավորումը. տներից լուսավառության արարողությանը Ծիծեռնակաբերդի բարձունքից եղավ հորդացող լույսի պատասխանը, իսկ «Արի, իմ սոխակ» օրորոցայինով մենք խորհրդանշեցինք կյանքի շարունակակությունը, մահվան հաղթահարումը։ Կարծում եմ՝ կատարումն իսկապես հուզիչ էր»,- նշեց նախարարը։
Գեղարվեստական ծրագրի իրականացման գաղափարն, ըստ Հարությունյանի, եղել է, անգամ երկրում առկա արտակարգ իրավիճակի պայմաններում, նահատակների հիշատակի առջև խոնարհումը վերածել հանրային դրական լիցքավորման մեծ միջոցի, ազդակի։
«Չնայած աշխարհում մոլեգնող համաճարակին և դրանով պայմանավորված բարդություններին, մեզ համար առաջնային է մեր հիշողությունը։ Հայ ժողովրդի պատմական հիշողությունը… Անգամ այս պայմաններում մենք ապացուցեցինք, որ կարողանում ենք խոնարհվել մեր նահատակների հիշատակի առջև և խոնարհումը վերածել հանրային դրական լիցքավորման մեծ միջոցի, ազդակի։ Ամբողջությամբ վերափոխվեց ապրիլի 24-ի նշանավորման տրամաբանությունն ու փիլիսոփայությունը, և ողբերգության խորհրդանիշն այդ օրվա երեկոյան վերածվեց համազգային վերածնության խորհրդանիշի»,- եզրափակեց Արայիկ Հարությունյանը։