Պահպանե՛ք հոգևորականներին
Advertisement 1000 x 90

Պահպանե՛ք հոգևորականներին

Մի երիտասարդ կին հայր Անդրեյին հարցրեց. «Ի՞նչ անել, եթե քահանան, որի մոտ խոստովանության ես գնում, քեզ դուր է գալիս որպես տղամարդ»: Հավաքվածքների շարքերով թեթև ծիծաղ անցավ: Սակայն հայր Անդրեյի առաջին իսկ խոսքերից հետո լիակատար լռություն տիրեց: «Եթե ձեզ, տիրուհի՛, ձեր ծխական քահանան դուր է գալիս որպես տղամարդ, եթե դուք անառակության բորբոք կրակ եք զգացել նրա նկատմամբ, ապա ձեր կրունկներին սկիպիդար քսեք ու վազեք ուրիշ եկեղեցի: Դուք պետք է հասկանաք, որ այստեղ բանսարկուի մատը խառն է: Գնացեք այնտեղ, որտեղ ոչ մեկի հետաքրքիր չեք որպես կին և որտեղ բոլոր հոգևորականները ձեզ համար լոկ հոգևոր դեմքեր են: Եվ չմոռանաք ապաշխարելու մասին»: Իհարկե լավագույն տարբերակն այն է, երբ քահանան արդեն ծեր է, ալեհեր, գթասիրտ: Խոստովանության ժամանակ նրան ոչնչով չես զարմացնի: Նա իր կյանքում ամեն ինչ լսել ու տեսել է: Ինչ էլ նրան պատմես, կարեկցանքով գլխով է անում ու ասում. «Ապաշխարիր, թոռնի՛կս, ապաշխարիր և այլևս մեղք մի՛ գործիր»: Իհարկե եկեղեցում շատ չեն նման պապիկները: Իսկ երբ գեղեցիկ կինը կամ կարմրաթուշ աղջիկն իր անառակ խորհուրդներն է բացահայտում երիտասարդ քահանային… ուրեմն դավ փնտրիր այդտեղ: Ուստի, քույրե՛ր, խոստովանության գնացեք տարեց հոգևորականների մոտ, խղճացե՛ք երիտասարդներին: Նրանք առանց այդ էլ ստիպված են ինչ աղբ ասես լսելու, չնայած որ սեփական աղբն էլ բավարար է:

Քահանայի սերն իր հոտի հանդեպ անվախ է ու անձնազոհ: Սակայն դժվար է մշտապես այդպես լարված ապրել, մարդն արագ այրվում է՝ վատնելով կենսական ուժերը: Քահանաներին հատուկ է մարդկանց համար «կերակուր դառնալը»: Ընդ որում մարդիկ դիտավորյալ չեն այդպես անում, և ոչ բոլոր քահանաներին, այլ նրան, ով համարձակվել է իրեն նվիրել մարդկանց: Մյուս քահանաները, դա հրաշալի գիտակցելով, հատուկ հեռավորություն են պահում իրենց ու հոտի միջև: Օրինակ՝ հավատացյալներից մեկն ասում է. «Երկար խոսելիք ունեմ ձեզ հետ»: Քահանան. «Ժամանակ չունեմ»: Նման քահանաները մինչև իննսուն տարեկան ապրում են վարդագույն այտերով: Իսկ այն քահանան, որ ուշադիր լսում է, խորամուխ լինում խնդրի մեջ, թույլ տալիս, որ իր վրա լցնենք այն ամենն, ինչ կուտակվել է ձեր հոգում, հիսուն տարեկանում արդեն ծերունու տեսք ունի: Իսկ մարդիկ շուտով մոռանում են քեզ ու առաջ շարժվում: Հիշո՞ւմ եք՝ «Յոթ սամուրայներ» ֆիլմում սամուրայները զոհվում են, իսկ գյուղացիները շարունակում են իրենց բրինձը հավաքել, ասես ոչինչ էլ չի եղել: Կյանքը շարունակվում է:

Քահանային մի խուլ անկյուն է պետք, որտեղ նա մենակ կլինի՝ բազկաթոռի մեջ գիրքը ձեռքին, այգում՝ ծառերի մեջ աղոթագիրքը ձեռքին, սրբապատկերի առջև արցունքն աչքերին, կամ երեցկնոջ հետ տանը: Քահանայի անձնական կյանքը շատ կարևոր է: Եվ երիտասարդ ճեմարանականները, որ երազում են համբավի մասին, ուղղակի անխելքներ են: Քահանան աղբահան է, կեղտահորերի՝ որպիսիք մեր հոգիներն են, մաքրման վարպետ: Մենք ամեն ինչ գիտեք թե՛ մեր և թե՛ ձեր մասին: Չէ՞ որ մենք էլ երկնքից չենք իջել: Աստված մեզ քահանայության շնորհ է տվել, սակայն մենք չենք դադարել մարդ լինելուց, մենք էլ ենք բորբոքվում, բռնկվում, գայթակղվում, հոգնում, տանջվում… և համբերությամբ ամեն տեսակի գարշելիություն լսում խոստովանության ժամանակ: Հետևաբար դուք էլ խնամքով վերաբերվեք ձեր քահանաներին, չափից ավելի մի՛ հոգնեցրեք: Խոստովանության եք եկել՝ կարճ ու հստակ խոսեք, գնացեք: Թե չէ գալիս են ու. «Հիմա կպատմեմ, թե ինչպես վիճեցի սկեսուրիս հետ…» Եվ կես ժամ անձնավորված պատմում է: Ինչի՞ համար: Խղճացե՛ք տեր հորը: Ախր ծաղրում եք մեզ, սպանում ձեր դատարկաբանությամբ: Հատկապես երիտասարդներին խղճացեք, ընդամենը երեսուն տարեկան է, կինն ու երեխաները սպասում են տանը, դեռ պետք է վաղվա քարոզը նախապատրաստի: Իսկ նա սիրուց մղված լսում է ձեզ, սակայն խելագարվում է՝ փորձելով գլուխ հանել ձեր ու ձեր հարևանի խճճված սիրավեպից: Բայց չէ՞ որ միայն դուք չեք, դեռ մի հիսուն հոգի իր հերթին է սպասում: Այո, մեզ կարելի է առավոտից-երեկո կշտամբել, պատճառ կգտնվի, բայց արժե՞ արդյոք: Ախր ազնիվ չէ: Մենք էլ ձեզ պես մեղավոր մարդիկ ենք, իսկ դուք մեզանից այնպես եք պահանջում, ասես հրեշտակներ ենք: Ինչո՞ւ մեզ բոլորից ավելի շատ քննադատել: Որովհետև Աստծուն ենք աղոթո՞ւմ, որովհետև կանգնում ենք Աստծու դիմաց ու խնդրո՞ւմ. «Տե՛ր Աստված, ողորմիր ինձ՝ անարժանիս և բոլոր նրանց, որ իմ հետևում կանգնած են՝ անառակներին, որկրամոլներին, հարբեցողներին, սուտ վկայություն տվողներին, ծույլերին…»

Տեսե՛ք, թե հրեաներն ու արաբներն ինչպես են իրենց հոգևորականներին վերաբերվում: Ոչ մեկն իր հոգևորականներին չի հայհոյում: Հրեաները գիտեն, որ ռաբբիները ճիշտ նույնպիսի անառակներ, կաշառակերներ, հարբեցողներ ու որկրամոլներ են, ինչպես և բոլորը: Սակայն ոչ մի հրեա իր ռաբբիին չի անարգի: Ոչ մի մահմեդական ձեզ չի ասի, որ իրենց մոլլան որկրամոլ է, կաշառակեր ու անառակ: Միայն մենք ենք աղբ շպրտում մեր հոգևորականների վրա: Չե՞ք ուզում հոգևորականներին պաշտպանել՝ պետք չէ, գոնե նրանց դեմ հալածանքներին մի մասնակցեք: Այո, նյութական արժեքներ չենք արտադրում՝ կաղապարներ չենք պատրաստում, հող չենք փորում, ցորեն չենք ցանում: Սակայն եթե մենք դադարենք մկրտելուց, պսակելուց, հոգեհանգիստ կատարելուց, խոստովանություն ընդունելուց, Հաղորդություն տալուց… բոլորի վիճակն ավելի կվատանա: Հոգևորականների ուսերին ծանրագույն պատասխանատվություն է դրված: Աստված մեզանից այլ կերպ է պատասխան պահանջելու, քան ձեզանից: Տիրոջ խոսակցությունը հոգևորականների հետ այլ է: Ձեզնից որևէ մեկը բարկացած կասի. «Թո՜ւհ, խոզ է, այլ ոչ թե քահանա» Տերը կպատասխանի. «Խոզ է, բայց Իմն է: Դատելն էլ է Իմը, ողորմելն էլ»: Աստված տար, մենք էլ մեր հոգևորականներին սիրեինք այնպես, ինչպես մահմեդականներն իրենց մոլլաներին ու իմամներին, իսկ հրեաներն իրենց ռաբիններին:

Ձեր քահանան ինչ-որ բանով վա՞տն է: Տխուր է: Բայց նա ձե՛ր քահանան է, մի՛ վատաբանեք նրան, մի՛ հայհոյեք ամեն քայլափոխի: Որքան էլ երեխան անբան, բռի ու անտաշ լինի, միևնույն է, ձեր երեխան է, և դուք նրան սիրում եք: Հասկացե՛ք՝ դուք մերն եք, իսկ մենք՝ հոգևորականներս, ձերը: Երբ հեղափոխությունը սկսվեց, ումի՞ց սկսեցին: Ազնվականների՞ց: Կապիտալիստների՞ց: Ո՛չ: Հոգևորականներից: Նախ հոգևորականներին վերացրին, իսկ հետո հեշտ ու հանգիստ մնացածն արեցին: Մտածե՞լ եք, թե ինչու: Մեր թշնամիները հրաշալի գիտեն, թե ում է պետք առաջինն արատավորել ու սպանել: Որովհետև եթե Եկեղեցին ու հոգևորականներին վերացնեն, ժողովուրդը հոտի կվերածվի: Ձեր դուստրերը մարմնավաճառներ ու իգամոլներ կդառնան, ձեր որդիները՝ արվամոլներ, այլասեռվածներ: Իսկ դուք կխելագարվեք լիակատար հուսահատությունից: Եթե մենք չլինեք, թեկուզ անխելք, գեր, տկար, մեղավոր, բայց Քրիստոսի խոսքը, ճշմարտության լույսը տարածող, դուք էլ շուտով չեք լինի: Ձեզ՝ որպես ազգի, արմատախիլ կանեն… Մի՞թե այդքանը չեք հասկանում: Աստված մեզ հնարավորություն է տվել, վերածնել է Եկեղեցին, իսկ մենք ի՞նչ ենք անում: Այսօր կսպանեն մեզ, իսկ վաղը ձեր դուռը կթակեն. «Դո՛ւրս արի, շարվի՛ր, դեմքով դեպի պատը…» Մեր պատմության մեջ այդպես արդեն եղել է: Մենք դա արդեն անցել ենք: Նախ տերտերներին ձերբակալեցին: Բոլորն ուրախացան. «Առա՛ջ, կախե՛ք, գնդակահարե՛ք, խեղդե՛ք այդ երկարամորուս հաստափորերին»: Իսկ հետո նրանց հետևից էլ եկան: Նրանք էլ, թե՝ իսկ մե՛զ ինչի՞ համար: Իսկ ես կասեմ, թե ինչի՝ անաստվածության, հավատուրացության, խիղճը կորցնելու համար: Ձեզ վրդովեցնում է, որ հոգևորականները «մերսեդեսներ» են վարում: Բայց դրանք բարյացկամ մարդիկ են նվիրում, այն էլ հոգևորականների փոքր տոկոսին, իսկ մյուսները հին «Ժիգուլի»-ին էլ են ուրախ: Բա գիտե՞ս, էն տերտերն էլ Բարի գնաց՝ իբր սուրբ Նիկողայոսի մասունքներին անձամբ խոնարհվելու: Հարազատնե՛րս, Ռուսաստանը (տե՛ս՝ Հայաստանը, թրգմ.) կանգուն է, քանի դեռ եկեղեցիներում Պատարագ է մատուցվում, քանի դեռ հոգևորականները Ավետարանն են քարոզում, բազկատարած՝ Աստծուն են աղոթում: Դուք հիմա թերթ եք կարդում, իսկ մի տեղ երեկոյան ժամերգություն է: Առավոտյան դեռ ճմլկոտում եք անկողնում, իսկ եկեղեցիներում վաղ Պատարագն է մատուցվում: Դուք եկեղեցի չեք գնացել, իսկ Պատարագը մատուցվում է: Ինչպես Գոգոլն էր ասում՝ եթե մարդիկ իրար հում-հում չեն ուտում, ապա դա նրանից է, որ աշխարհում շարունակվում է Սուրբ Պատարագ մատուցվել:

Ընդհանրապես մենք այնքա՜ն քիչ ենք: Աշխարհում ընդամենը 4% ուղղափառ քրիստոնյա կա: Մեր երկրում հեղափոխությունից առաջ 7% էր, այժմ մոտավորապես 5%: Քանի՞ միլիոն մարդ է ապրում Ռուսաստանում: Մոտավորապես 140-150 միլիոն, իսկ ուղղափառներն ընդամենը 5% են: Ո՞ւր ենք մենք: Տանը, երշիկով հերթական բրդուճն ենք ուտում, հեռուստահաղորդումներ դիտում, որոնք մեզ ապուշացնում են, ցեխ են շպրտում Ռուսաստանի ու ռուսների վրա… Իսկ մենք պետք է ուժեղ լինենք, կազմակերպված, խելացի ու համերաշխ: Կուռ համա՛յնք ստեղծեք ձեր եկեղեցում, պահպանե՛ք ձեր քահանային, հաստատո՛ւն մնացեք ուղղափառ հավատքի մեջ: Համախմբվե՛ք, օգնե՛ք միմյանց: Թույլ մի՛ տվեք, որպեսզի վիրավորեն ձեր քահանաներին: Ամեն կիրակի եկեղեցի՛ գնացեք: Այլապես Ռուսաստանը մեր երկիրը չի լինի, այն կխլեն մեզանից:

Ավագ քահանա Անդրեյ Տկաչով

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am