Նոր կորոնավիրուսը կարող է ազդել մարդու ուղեղի վրա և նյարդաբանական ախտանիշներ առաջացնել, պնդում է վարակամաբան Ջերեմի Ռոսմանը` Մեծ Բրիտանիայի Քենթի համալսարանից:
The Conversation պարբերականը նշում է, որ COVID-19-ը վարակման դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում շնչառական վարակ է, որը տենդ, կոկորդի ցավ, հազ է առաջացնում, իսկ ավելի լուրջ դեպքերում` շնչահեղձություն և շնչառական խանգարում: Սակայն կորոնավիրուսը կարող է ազդել նաև այլ հյուսվածքների վրա` այնպիսի ախտանիշեր առաջացնելով, ինչպիսիք են փսխումը, լուծը, սրտի աշխատանքի խանգարումը և արյան մակարդումը: Սակայն նոր կորոնավիրուսը կարող է ազդել նաև ուղեղի վրա: Նկարագրված են Գվիլին-Բարե սինդրոմի զարգացման դեպքերը COVID-19 ունեցող հիվանդների մոտ, երբ իմունային համակարգը, արձագանքելով վարակին, սխալմամբ գրոհում է ծայրամասային նյարդային բջիջները: Սա հանգեցնում է նախ մկանների թուլության, իսկ հետո` կաթվածի: Եղել են նաև դեպքեր, երբ կորոնավիրուսը ծանր էնցեֆալիտ է առաջացրել` ուղեղի բորբոքումով և այտուցով, ինչպես նաև սուր շրջանառական խանգարում (ինսուլտ) գլխուղեղի հյուսվածքներում:
Ընդհանուր առմամբ, տարբեր ծանրության նյարդաբանական ախտանիշներ հայտնաբերվել են հիվանդների 36 տոկոսի մոտ, ովքեր բողոքում էին գլխացավից, գլխապտույտից, համի և հոտառության կորստից, ջղացնցումներից և զգայախաբությունից: Այս դրսևորումներն ավելի հաճախ նկատվել են հիվանդության ծանր դեպքերում և շարունակվում էին առողջացումից հետո:
Մասնագետի խոսքով` SARS-CoV-2-ը կարող է հատել հեմատո-էնցեֆալիկ պատնեշը, որը բաժանում է արյունատար և կենտրոնական նյարդային համակարգերը, և խոցել ուղեղը: Նյարդաբանական ախտանշաններն առաջանում են կամ վիրուսի` նյարդային հյուսվածքների վրա ազդեցության, կամ իմունային համակարգի չափազանց ակտիվացման հետևանքով: Բացի այդ, վարակի` ուղեղի մեջ ներթափանցման համար որպես ևս մեկ ուղի կարող է ծառայել հոտառության նեյրոնները քթի մեջ:
Ուղեղը խոցել ունակ են նաև այլ պաթոգենները, օրինակ` գրիպը, կարմրուկը, շնչառական-սինցիտիալ վիրուսները և սեզոնային կորոնավիրուսները, օրինակ` HCoV-OC43-ը: