Իրավարար վճիռ
Advertisement 1000 x 90

Իրավարար վճիռ

Ինչպես Բագրատունյաց Հայաստանի, այնպես էլ Կիլիկիայի հայ ավատատերերը հողի նկատմամբ սեփականատիրական իրավունքը ժառանգել եւ հայրենակալվածքի տեր էին դարձել հայ նախարարական իրավունքի ավանդույթների հիման վրա: Կիլիկիայում գոյություն ունեին 70 մեծ ու փոքր բարոնություններ, որոնք ժառանգում էին տոհմի ավագ անդամները: Այդ իշխանություններից յուրաքանչյուրն ուներ իր ամրոցները, զորքն ու դրոշը: 13-րդ դարում Կիլիկիայում կային 400 բերդեր, որոնցից Սմբատ Գունդստաբլը թվարկում է 112-ը:

Բարոնն իր տիրույթում լիիրավ իշխանավոր էր, բայց ճանաչում էր թագավորի սյուզերենությունը: Եկեղեցին նույնպես խոշոր հողատեր էր, ավատատեր իշխանների նման ուներ հայրենակալվածք եւ մեծ ազդեցություն երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: Հողային իրավունքի ոլորտում ծագող վեճերը կարգավորվում էին ոչ միայն ներպետական իրավունքի աղբյուրներով, այլեւ՝ իրավարար վճռով, որը վերջնական էր եւ անվերապահ կատարման ենթակա:

Նման մի օրինակ ունենք Զապելի խնամակալ Կոստանդին Հեթումյանի կյանքից: Վերջինս իր ժառանգական հայրենակալվածքը՝ Պապեռոն ամրոցը, ժառանգում է ավագ որդուն՝ Սմբատ Գունդստաբլին, իսկ պատերազմի միջոցով ձեռք բերված Կոռիկոսը՝ կրտսեր որդի Օշինին: Սմբատը վիրավորվում է, քանի որ ավագ որդին էր եւ հայ սովորութային իրավունքի համաձայն պետք է ժառանգեր հայրական բոլոր հողերը՝ ամբողջ հայրենակալվածքը: Որդու ու հոր միջեւ առաջանում է լուրջ կոնֆլիկտ, որը լուծելու համար նրանք դիմում են «Երուսաղեմի ասիզներ»-ի հեղինակ կոմս Յոհան Իպլեին:

Իրավարարը արձակում է հետեւյալ որոշումը. քանի որ Կոռիկոսը ռազմավար է, ապա Կոստանդինն իրավունք ունի այն թողնելու նրան, ում կամենա, իսկ ժառանգական հայրենակալվածքը՝ միայն ավագ որդուն: Սա դարձավ նախադեպային, որից հետո Կիլիկիայում սկսեցին տարբերակել տոհմական հայրենակալվածքներ եւ այլ եղանակով ձեռք բերված ժառանգական հողեր:

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր