Հայ հասարակության հետամնաց լինելու հատկանիշներից է այն, որ երիտասարդները ամուսնանալուց հետո ապրում են ծնողների հետ։ Առաջադեմ երկրներում տասնութ տարեկանից հետո երեխաները հեռանում են տնից։ Դա ո՛չ նորաձևության հարց է, ոչ էլ «Եվրոպական» քմահաճույք։ Ուղղակի մարդիկ հասկացել են, որ տասնութ տարի ծնողների հետ ապրելուց հետո մարդու սոցիալական, հոգեբանական և ինտելեկտուալ զարգացումը պահանջում է փոփոխություն։ Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Ծնողների մեծ մասը տնից հեռանալը կամ առանձին ապրելը համարում է անձնական վիրավորանք, իբր մենք վատն ե՞նք որ ուզում եք առանձին ապրեք։
Ես պնդում եմ, որ նորաստեղծ ընտանիքների քանդվելու հիմնական պատճառներից մեկը ծնողների հետ համատեղ կյանքն է։ Մի՞թե դժվար է հասկանալ, որ երկու մարդու համատեղ կյանքն ինքնին բավարար դժվարություն է ենթադրում, որպեսզի դրան գումարես նաև սկեսրոջ և սկեսրայրի տհաճ ներկայությունը։ Ընդ որում տհաճ լինելու համար պարտադիր չէ, որ սկեսուրը իրեն պահի տհաճ։ Նույնիսկ եթե ինքը տան հոգսերի մեծ մասը վերցնում է իր վրա, տհաճ է իր անընդհատ ներկայությունն ինքնին։ Դու ամուսնուդ հետ ապրում ես, որովհետև սիրահարված ես։ Բայց հո սկեսրոջդ էլ սիրահարված չե՞ս, որ հետը ապրես։ 21-րդ դարում զույգը պիտի ունենա իր անձնական տարածքը՝ իր բնակարանը, իր լոգասենյակը, խոհանոցը, ննջասենյակը, հյուրասենյակը։ Մարդը պիտի իրավունք ունենա ապրել լրիվ առանձին։ Աղջիկը ամուսնանում է տղմարդու հետ, ոչ թե տղամարդու հոր, մոր, քրոջ, տատիկի և հարևանի։
Ես հարգում եմ այն աղջիկներին, որոնք ամուսնությունից առաջ առանձին ապրելու պահանջ են դնում։ Ու չեմ հարգում էն տղամարդկանց, որոնք էդ պահանջը համարում են տարօրինակ։ Հեքիաթի ժանրից է նաև, երբ ասում են «Մայրս և կինս իրար հետ շատ լավ են»։ Իրենք իրար հետ կարող են շատ լավ լինել միայն եթե ապրում են առանձին։ Իսկ եթե միասին են ապրում, ապա էդ «լավ լինելը» լինում է ինչ-որ մեկի առողջության հաշվին։ Հիմնականում հարսի առողջության։ Ինձ հակադարձում են, թե համատեղ կյանքում հոգսը ավելի քիչ է, ծնողները օգնում են երեխային պահելու հարցում, տան գործերում ևն։ Էդ դեպքում թող երիտասարդ ընտանիքը ունենա իր սեփական բնակարանը, տեսնեմ էդ համատեղ կյանքի քիչ հոգսը կգերադասի՞, թե առանձին կյանքը։ Փորձը ցույց է տալիս, որ ինչքան էլ սկսեսուրը օգնի տնային գործերում, հնարավորության դեպքում երիտասարդները ուղղակի փախչում են ծնողներից՝ իրենց օգնությունով հանդերձ։
Կենցաղը բարդ սոցիալական ոլորտ է։ Ճաշակները տարբեր են, սովորությունները տարբեր են։ Սկսած կահույքից, սպասքից, վերջացրած լվացքով, ամաննները լավանալով, ճաշելու մշակույթով, քնելու ռեժիմներով… հազար ու մի մանրուք կա… եթե դու պահանջում ես, որ հարսն ու սկսեսուրը համատեղ ապրեն, դրանով ռումբ ես դնում քո նորաստեղծ ընտանիքի տակ, որը վաղ թե ուշ պայթելու է։ Էլ չխոսած սեռական կյանքի մասին, որը «ավանդական» ընտանիքներում հաճախ սկսվում է միայն ամուսնությունից հետո։ Դուք ո՞նց եք պատկերացնում սեքսը մի բնակարանում, երբ պատից այն կողմ ամուսնու ծնողներն են։ Չգիտեմ ով ոնց, բայց իմ կարծիքով միայն էն միտքը, որ կողքի սենյակում քո ծնողներն են, հերիք ա, որ ամենաառողջ մարդու մոտ ոչնչանա էրեկցիան։ Լավ, ասենք մեղրամսին գնացին մի ամիս առանձին ապրեցին։ Բա հետո՞։ Եթե անփորձ են, էդ մի ամսվա ընթացքում երիտասարդները հազիվ սովորում են իրենց մարմիններին, մի քիչ հմտանում են, գալիս է ֆանտազիաները իրականացնելու պահը և… սկեսուրի ներկայությունն, ժպիտն ու «հոգատարությունը»։ Ո՞նց չատես էդքանից հետո քո սկիսուրին։
Ես չեմ ասում շփումը վատ է։ Շփումը շատ լավ է և հիանալի է, երբ տատերը և պապերը օգնում են երիտասարդ ընտանիքին երեխայի հարցում։ Հիանալի է, երբ հարսը կարող է երեխային թողնել սկեսրոջ մոտ և երբեմն ազատ շունչ քաշել։ Դա Եվրոպայում էլ կա։ Բայց դա չի նշանակում միասին ապրել։ Ծնողների ընտանիքը ուրիշ ընտանիք է։ Ուրիշ։ Սկսեսուրը հարսի տանը պիտի հյուր լինի։ Թող լինի սպասված և հաճելի հյուր, բայց հյուր, որը գալիս է և հետո գնում է։ Նույն կերպ հարսը իր սկեսրոջ տանն է հյուր։ Հյուրը կարող է քո տանը գիշերել մի օր, երկու օր, բայց ոչ 10 օր։
Ուզեք, թե չուզեք, ծնողների հետ ապրելը հետամնացության նշան է։ Իմ համոզմամբ դա զույգի երջանկությանը սպառնացող ամենավտանգավոր բաներից է։ Կոչ եմ անում բոլոր երիտասարդ աղջիկներին չամուսնանալ այն տղամարդու հետ, որը պնդում է, որ պիտի «Մերոնց հետ ապրենք»։ Պահանջեք, որ ունենաք ձեր առանձին բնակարանը, թեկուզ լինի փոքր, հեռու, բայց լինի միայն ձերը, որտեղ ոչ ոք մուտք չի ունենա առանց ձեր երկուսի թույլտվության։ Իսկ եթե տղամարդն ինքն էլ կուզեր առանձին ապրել, բայց չի կարող ծնողներին դեմ գնալ, ուրեմն առհասարակ մի ամուսնացեք հետը, որովհետև դա թուլամորթ ու անկամ տղամարդ է։ Թուլամորթի հետ ե՞ք ամուսնանում։
Նարեկ Սարգսյանի էջից: