««Ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացված Խոջալուի հաջող ռազմագործողությունից հետո հակառակորդը Շուշիում ավելի էր ակտիվացել, եւ Ստեփանակերտն ու շրջակա հայկական մյուս բնակավայրերը շարունակ հրետակոծության տակ էին պահվում: Քաղաքը ավերվում էր, ու խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն օրեցոր աճում էր: Չնայած խուճապ չկար, սակայն լարվածության ուժգնացման պատճառով ցանկացած պահի իրադրությունը կարող էր անկառավարելի դառնալ: Պահանջվում էր անհապաղ վերացնել Շուշիի կրակակետերը, ինչը հնարավորություն կտար խուսափելու հետագա ավերածություններից եւ զոհերից, ու ամենակարեւորը՝ բերդաքաղաքն ազատագրելու թշնամուց ու Լաչինի միջանցքով ճանապարհ բացելու դեպի Հայաստան, Արցախը դուրս բերելու երկարամյա դաժան շրջափակումից»,- ստեղծված ծանր կացությունից դուրս գալու համար Շուշիի ռազմագործողությունը համարելով անխուսափելի, մայիսի սկզբին այն կազմակերպելու անհրաժեշտությունն այսպես է կարեւորում գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):
Նա խոստովանում է, որ ռազմագործողության ձեռնարկումը դյուրին չի եղել. «Երեւանում եւ թե Ստեփանակերտում շատ լավ հասկանում էին, որ հայկական ուժերն ակնհայտորեն բավարար չեն այն իրագործելու համար»: Կոմանդոսը շեշտում է եւս մի կարեւոր հանգամանք: Մարտական տեխնիկայի, հրետանու եւ ռազմամթերքի քանակով հայկական կողմն անհամեմատ զիջում էր հակառակորդին: «Այն ժամանակ ադրբեջանցիներն ունեին 4 «Տ-72» տանկ, 9 ՀՄՄ, 12 միավոր այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 2 միավոր «ԲՄ»-21 («գրադ») համակարգ, մի քանի հրետանային կայանք եւ երկու տասնյակից ավելի ականանետ: Մինչդեռ այդ ամենի դեմ մենք դուրս էինք բերել ընդամենը 2 «Տ-72» տանկ, 8 ՀՄՄ, 6 հրետանային կայանք եւ 9 ականանետ»,- ասում է Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ հավելելով, թե չնայած իրեն լրացուցիչ տեխնիկա էին խոստացել, բայց հապաղելն այլեւս անհնար էր…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում