Հայրենական մեծ պատերազմի մասնակից, մոսկովաբնակ, արդեն երջանկահիշատակ Վլադիմիր Ռազուվաեւի մարտական երկու պարգեւները նվիրաբերվել են Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքի բնակիչ, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի ընտանիքին:
Ինչպես տեղեկացրեց Համբարձում Համբարձումյանը, «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի» եւ «Պատվո» շքանշանները վերջերս անձամբ Հայրավանք է բերել Վլադիմիր Ռազուվաեւի որդին՝ Ալեքսեյ Ռազուվաեւը: Այդ քայլով Ալեքսեյը կատարել է հոր պատգամը:
«Վլադիմիր Ռազուվաեւի ընտանիքի հետ շուրջ չորս տասնամյակ մենք կապված ենք եղել բարեկամական կապերով: Նրա որդի Ալեքսեյը, ով պետական բարձր պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ ժամանակներում, Հայաստանում բարեկամական ամուր կապեր էր ստեղծել շատերի, այդ թվում՝ նաեւ մեր ընտանիքի հետ: Տարիների ընթացքում այն վերածվեց սրտաբուխ բարեկամության, մշտական ու փոխադարձ շփումների : Ալեքսեյի հայր Վլադիմիրը, ով անձամբ մասնակցել էր Բեռլինի գրավմանը եւ Մեծ հաղթանակի զորահանդեսին, շատ էր հպարտանում իր անցած մարտական կենսագրությամբ, ապրում անցած փառքի հուշերով, պատգամել էր զավակներին, որ իր մարտական պարգեւները հետմահու նվիրաբերեն արու թոռանը: Բայց ստացվել է այնպես, որ Վլադիմիրի երկու որդիներն էլ արու ժառանգ չեն ունեցել, ուստի Ալեքսեյը, հաշվի առնելով մեր եղբայրական մտերմությունն ու կապը, որոշել է հոր շքանշանները պահպանության հանձնել մեր ընտանիքում՝ դրանք նվիրաբերելով մեր ընտանիքում մեկ տարի առաջ ծնված թոռանս՝ կրտսեր Համբարձումին: Ալեքսեյը դա արել է, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ մեր ընտանիքում կա մասունքներ պահպանելու ավանդույթ: 1918 թվականի ամռանը, երբ զորավար Անդրանիկն իր բանակով անցել է մեր մարզի տարածքով, Նորատուս գյուղի մոտ բարուրով նրա առջեւ է դուրս եկել իմ տատ Շաքարանուշ Թադեւոսյանը:
-Ի՞նչպես է այդ երեխայի անունը,- տատիս հարցրել է զորավար Անդրանիկը:
-Անդրանիկ,- հպարտ պատասխանել է տատս:
Անդրանիկը խնդրել է քանդել բարուրը, որպեսզի տեսնի տղայի դեմքն ու կազմվածքը:Այդ բարուրի մեջ իմ հայրն է եղել, ում փարթամ կազմվածքն ու տեսքն այնքան է դուր եկել զորավարին, որ նա հանել է իր մոտ եղած Գեւորգիեւյան խաչն ու դրել բարուրին՝ պատգամելով, որ այն պահապան լինի հորս ու իր ընտանիքին: Մենք սրբորեն, հորից որդի, պահպանում ենք այդ խաչ-մասունքը, որին ավելացան եւս երկու շքանշան-մասունք՝ Վլադիմիր Ռազուվաեւից փոխանցված: Դրանք կպահպանվեն մեր ընտանիքում՝ որպես հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության , պատմական հաղթանակի կերտման խորհրդանիշ, որը պիտի հիշվի ու փառաբանվի սերնդեսերունդ»,- ներկայացրեց Համբարձում Համբարձումյանը: