«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Թունյանը նման տեսակետ հայտեց ԱԺ մայիսի 11-ի նիստում հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկմանը:
Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ ինքը ևս հանձնաժողովի անդամ է: Նա հաև հիշեցրեց, որ երբ քննարկել են հանձնաժողովի կազմը որոշելու հարցը, ինքը մի քանի հարցադրումներ է հնչեցրել: «Մասնավորապես, հարցադրում եմ հնչեցրել, թե արդյոք ունենալո՞ւ ենք այնքան մասնագիտական ռեսուրսներ, որպեսզի կարողանանք այդ ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները պատշաճ ուսումնասիրել: Կարող եմ ասել, որ այս ընթացքում որոշակի աշխատանք կատարվել է: Ես ինքս մեր աշխատանքի տեմպից այնքան գոհ չեմ, ինձ մոտ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք ավելի շատ կենտրոնացած ենք ոչ թե ընդհանուր հանքարդյունաբերության ոլորտի, այլ առանձին ընկերությունների վրա: Ես ինքս որոշակի հարցեր հնչեցրել եմ և առաջիկա երեք ամիսը կօգտագործեմ ավելի ինտենսիվ կերպով այդ հարցերի պատասխանները ստանալու համար»,-ասաց Թունյանն ու նշեց՝ դա պետք է փորձեն ստանալ Սերգեյ Բագրատյանի օգնությամբ:
Նա նշեց՝ եթե կանչելու են ընդամենը փորձագետների կամ որոշ դեպքերում արդեն ընդգծված մոտեցում ունեցող մարդկանց, նրանց կարծիքը լսելու ու դրա վրա եզրակացություն անելու համար, դա կարող է իրենց սխալ ուղղությամբ տանել: Թունյանն առաջարկեց ի սկզբանե պայմանավորված հարցաշարերն արագ ուղարկել համապատասխան ընկերություններին, ստանալ պատասխանները, եզրակացություն անել:
Սերգեյ Բագրատյանն արձագանքեց՝ եզրափակիչ ելույթի կարիք չէր լինի, եթե Թունյանի խոսքերի ենթատեքստը չհասկանար: «Այս հանձնաժողովը ստեղծվել է Դոնթի բանաձևով, և իշխանության մեր գործընկերները կարող են ազատ քննարկել հարցերի ողջ շրջանակը: Բաժանվել են խմբեր, թե քանի պատգամավոր որ ընկերությունների հաշվետվություններն է դիտարկում: Որևէ մեկդ կաշկանդված չէ ցանկացած ընկերության գործունեություն ուսումնասիրելու: Կոնկրետ ես ավելի շատ կարևորում եմ հանրային հնչեղություն ունեցող հանքարդյունաբերության ուսումնասիրությունը և այդ ուղղությամբ եմ աշխատում»,-ասաց նա:
Բագրատյանը նշեց՝ իր հրավիրված փորձագետը 10 հազար էջ ուսումնասիրություն է կատարել և ներկայացրել է իր եզրակացությունը հանձնաժողովին: Նա առաջարկեց Թունյանին ևս մեկ փորձագետ հրավիրել և ևս 30 հազար էջ ներգրավել ընթացքի մեջ: «Եթե որևէ մեկը կասկածում է անաչառության մեջ, մենք ամենաշատն ենք դեմ խտրական վերաբերմունքին»,-ասաց Բագրատյանը:
Հանձնաժողովը ապրիլի 30-ի փակ նիստի ժամանակ որոշել է՝ հիմք ընդունելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետը, ինչպես նաեւ համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատանքի անհնարինության հանգամանքը, կատարված հարցումների արդյունքում ստացված փաստաթղթերի իրավական հիմքերի ուսումնասիրության անհրաժեշտությունը, երկարաձգել հանձաժողովի լիազորության ժամկետը 3 ամսով:
Աննա Գրիգորյան