Էս վիրուսը եկավ ու հանկարծ մեկ էլ տեսա՝ մահը կողքիս կանգնած ա։ Քիփ քիփ։ Տենց մեկ էլ պուճուր ժամանակ էր իմ հետ եղել, որ մահը կողքիս կանգնած տեսնեի։ Էն ժամանակ կարծես պատճառ չկար՝ ես առողջ սիրուն երեխա էի, ծնողներս ինձ շատ սիրում էին, առողջ էին, շուրջս էլ պատերազմ չկար, Սովետի էն ամենահանգիստ ժամանակներն էին։ Բայց ես անընդհատ մահվան մասին էի մտածում։ Իմ մանուկ գիտակցությանը հասել էր, որ ես մահկանացու եմ, մահը մի օր գալու ա ինձ տանի, ու էդ ինձ ջղայնացնում էր, որովհետև անարդար էր։ Ու ես սկսեցի բանաստեղծություն գրել։ Տխրության մասին ու անձրևների։ Նավակների մասին ու օդանավերի։ Էնքան գրեցի գրեցի, մինչև մահվան շնչառությունը կողքիցս չքվեց։ Որովհետև բանաստեղծությունը, և արվեստն ընդհանրապես, էն տարածությունն ա, որտեղից մահը հանված ա, արվեստում ինչ ստեղծեցիր արդեն չի մեռնում։
Սկզբում իմ ստեղծածը բանաստեղծության էն տեսակն էր, որը չի փոխում աշխարհը, բայց փոխում ա աշխարհին նայող քո հայացքը։ Աշխարհը ո՞նց կփոխես, աշխարհում միշտ կա մահ, ավեր ու փոթորիկ, միշտ կա անարդարություն ու պատերազմ։ Բայց կա նաև սեր, կա գեղեցկություն, կա Չարենցն ու կա հայրենիքը։ Մարինե, դու երգիր էդ ամեն ինչը՝ սերն ու գեղեցկությունը ավերի մեջ, մահվան և անարդարության կողքին, դրանք միասին կազմում են մեր կյանքը, մարդկային մեր հայրենիքը։ Լավ էլ երգում էիր, էլ ինչի գնացիր ու սկսեցիր զբաղվել ուրիշ բաներով ․․․
Հա, եկավ մի պահ, երբ իմ արածը ինձ սկսեց հերիք չանել, ու ես ուզեցի ոչ թե պարզապես բանաստեղծություն գրել, այլ փոխել աշխարհը։ Ու որովհետև աշխարհը փոխելու ամենաարագ ճանապարհը, կարծես թե, քաղաքականությունն էր, ես սկսեցի քաղաքական տեքստեր գրել, սկսեցի մասնակցել քաղաքական շարժումներին։ 2008-ի շարժման ժամանակ ես գրում էի Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակում» և իմ գրածները շատ շատ մարդիկ էին կարդում, ծանոթ ու անծանոթ մարդիկ։ Հետո ես դրանք հավաքեցի ու տպագրեցի առանձին գրքով՝ «Կարմիր աֆիշ»։ Հիմա, երբ բացում եմ «Կարմիր աֆիշը» և հետադարձով կարդում «Հայկական ժամանակում» գրածներս, պարզ տեսնում եմ որ դրանք մահկանացու տեքստեր են, ժամանակը դրանք կրծելու սպանելու ա, արդե՛ն ահագին կրծել ա։ Որովհետև էդ տեքստերը գրականության և քաղաքականության արանքում են տեղավորված, սխալ մի տեղում։
Ինչո՞ւ ես հայտվեցի էդ տեղում, ինչո՞ւ ես պաշտպանեցի Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը։ Երբ Լևոնը 2007-ին վերադարձավ քաղաքականություն և փորձեց երկրորդ անգամ դառնալ նախագահ, նենց չի որ ես իրա ամեն ասածի հետ համաձայն էի։ Բայց Լևոնը կարողացավ սկսել հզորագույն քաղաքական շարժում, իսկ ինձ էն ժամանակ թվում էր թե դա ամենակարևորն ա, թե Հայաստանի նորացումը նախ քաղաքականապես պետք ա տեղի ունենա, և միայն դրանից հետո հնարավոր կլինի հայ մտքի մեծ նորացումը։ Ես սխալվեցի։ Ես սխալ էի։
2018-ին ես արդեն հասկացել էի, որ չէ, հակառակն ա՝ Հայաստանի նորացումը նախ պետք ա տեղի ունենա մեր մտքում, որից հետո հնարավոր կդառնա քաղաքական նորացումը։ Իմ մանիֆեստը, որը ես կարդացի ընկերներիս համար մարտի 14-ին Ակտուալ ակումբում, հենց էդ մասին էր։ Դրա համար էլ երբ Նիկոլը շուտով սկսեց իրա հեղափոխությունը, ես դրանից առանձնապես ակնկալիք չունեի։ Երբ հեղափոխությունը հաղթեց և ոգևորության ալիքը, ողողելով Հայաստանն ու նաև Սփյուռքը, հասավ նաև ինձ, մի պահ եղավ մտածեցի՝ գուցե սխալվե՞լ եմ, գուցե Հայաստանի քաղաքական նորացումը հնարավոր էր և սկսվե՞լ ա։ Բայց չէ, չէի սխալվել։ Էսօր՝ 2020 թվի մայիսին, Ազգային ժողովի գողական թամաշաներից հետո, կարծում եմ բոլորի համար ա ակնհայտ, որ մենք քաղաքական փակուղու առաջ ենք։ Ուրեմն ի՞նչ անել։
Հայ քաղաքական միտքը էսօր փակուղու առաջ ա, որովհետև իրագործել և սպառել ա էսօրվա վիճակով իրա ունեցած ողջ ռեսուրսը։ Քաղաքական միտքը ռեսուրս արտադրող չի, ռեսուրս սպառող ա։ Դրա մասին ա հայտնի ասույթը՝ քաղաքականությունը հնարավորի արվեստն ա։ Լսած կլինեք, շատերն ասում են՝ էս ա, Հայաստանի հնարավորություններն էսքան են, գլխից վեր թռնել պետք չի որովհետև հնարավոր չի։ Բայց չէ՞ որ մարդկային միտքը էն գլխից նման հատկություն ունի՝ սիրում ա թռնել գլխից վեր։ Նման ձևով ա մարդը հայտնագործել ինքնաթիռը։ Նման ձևով ա ստեղծվել մարդկային քաղաքակակրթությունը՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով ինքնաթիռ հայտնագործելով։ Տենց ստեղծվել ա և տենց առաջ ա գնում։ Սայթաքելով, հաճախ փոսն ընկելով, մարդը հետո փոսից դուրս ա գալիս մտքի օգնությամբ և շարժվում առաջ։
Էսօր՝ 2020 թվի մայիսին, մեզ նոր միտք ա պետք։ Էդ նոր միտքը բերելու համար պետք չի «հանճար» լինել, պետք ա պարզապես նոր դիտանկյուն ունենալ։ Հայաստանի պատմությանը երբ նայում ենք, տեսնում ենք մեծագույն մի խնդիր՝ հայերս, պատմական հանգամանքների բերումով, հաճախ վազում ենք աշխարհի հետևից, ուշացումով կրկնելով աշխարհում արդեն եղածը։ Էսօր ստեղծվել ա հնարավորություն՝ դուրս գալու էդ արատավոր շրջանից։ էսօր աշխարհը կանգնած ա նոր դարաշրջանի շեմին։ Այսինքն վաղը լինելու ա նոր աշխարհ՝ ուզենք թե չուզենք։ Ես ցանկանում եմ, որ մենք ոչ թե ստիպված ոտք դնենք էդ նոր աշխարհը, այլ էդ նոր աշխարհը մեր ուզելով լինի, մարդ արարածի ուզածով լինի, էդ թվում՝ հայերիս ուզածով։ Դա հնարավոր ա։ Շատ դժվար ա, բայց հնարավոր։ Դրա համար պետք ա նախ դնել էդ խնդիրը՝ նոր Հայաստանի ստեղծումը նոր աշխարհի ստեղծումի կոնտեքստ բերելու խնդիրը։
Իսկ էդ կոնտեքստը ենթադրում ա նոր դիտանկյուն։ Երբ փոքր Հայաստանից նայում ես մեծ ու հսկա աշխարհին՝ էդ մի դիտանկյուն ա։ Երբ աշխարհի տարբեր կողմերում գտնվող հայերս նայում ենք ապագային՝ փորձելով գծել ապագայի մեր գծագրերը և խելք խելքի տալ՝ դրանք դնելով իրար կողքի, էս արդեն լրիվ ուրիշ դիտանկյուն ա։ Եվ ուրիշ հենակետ։