Պարետի վերջին որոշմամբ ժամանակավորապես կասեցվել է 132 ընկերության գործունեություն, եւս 45 տնտեսավարողի պատկանող մասնաճյուղերի աշխատանքները կասեցվել են 24 ժամով։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հրապարակած տվյալներն առնվազն փաստում են, որ հակահամաճարակային կանխարգելիչ միջոցները եւ համավարակի պայմաններում աշխատանքներ կազմակերպելու պարետի կողմից սահմանված կանոնները տնտեսավարողների կողմից չեն պահպանվում։
Վերոհիշյալ պատկերը դիտարկվել է տնտեսավարողների մոտ, բայց վիճակն առավել անմխիթար է փողոցներում եւ հասարակական այլ վայրերում։ Քաղաքացիների զգալի մասը չի կրում շնչադիմակներ եւ ձեռնոցներ, չեն պահպանվում սոցիալական հեռավորությունները։ Այդ հատվածի վարքը բավական է, որպեսզի համավարակը տարածվի՝ չնայած հասարակության ավելի մեծ հատվածի կողմից այդ կանոնների անվերապահ պահպանմանը։ Առավել մտահոգիչ է, որ պաշտպանիչ միջոցներ չեն կրում այսօր հասարակական տրանսպորտի գործառույթն իրականացնող միակ միջոցների՝ տաքսիների վարորդները։ Պատահական չէ, որ արդեն մարզերից մեկում գրանցվել է տաքսու վարորդի վարակման դեպք։
Այս պատկերի օրինաչափ հետեւանքն են վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների օրական ախտորոշումների 100-ից ավելի դեպքերը։ Օրվա ընթացքում հայտնաբերված վարակակիրների թիվն արդեն մոտենում է 200-ի։ Այլ կերպ ասած, մեր երկրում վարակի տարածումը թափ է հավաքում, այն դեպքում, երբ շատ երկրներում սկսել է նահանջել, իսկ հարեւան Վրաստանում արդեն օրական 10-ից քիչ դեպք է հայտնաբերվում։
Ստեղծված իրավիճակում սպասելի էին իրավիճակի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ կապով հասարակությանն արված ուղերձները։ Վերջինս խնդրում է բնակչությանը պահպանել արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները եւ բացատրում վարակից պաշտպանվելու տարրական կանոնները։ Երկրի ղեկավարի վարքը լիովին ընկալելի է՝ մի կողմից պետությունը ստիպված գնացել է տնտեսական գործունեության հիմնական ոլորտներում սահմանափակումների վերացման, մյուս կողմից արձանագրվում է վիրուսով վարակվածության թվի աճ։ Չնայած վարչապետի պարբերաբար արվող նման հորդորներին, հասարակության մի ստվար հատված համարժեք չի արձագանքում դրանց։
Վերջիններս կամ չեն գիտակցում համաճարակի հետեւանքների լրջությունը, կամ չեն հավատում դրան։ Վերջին միտմանը նպաստում են սոցիալական ցանցերով տարածվող տարբեր բովանդակության միֆերը՝ համաճարակի ոչ իրական լինելու կամ նրա՝ գեոքաղաքականության գործիք լինելու մասին։ Սոցցանցերով տարածվող տեղեկատվություններն այնպիսի ծավալների են հասել, որ դրանց դեմ ամբողջ աշխարհում արդեն սկսում են պայքարել վիրուսից մահացածների հարազատները եւ բժիշկները։ Նման միֆերը թուլացնում են հասարակության զգոնությունը եւ անտարբեր դարձնում իրական վտանգի նկատմամբ։
Վարչապետը վերջին ուղերձում նկատեց, որ վարակի տարածման նման տեմպերի դեպքում հնարավոր է շատ լուրջ ճգնաժամի առաջ կանգնել եւ չբացառեց խիստ սահմանափակումներին վերադառնալու հավանականությունը։
Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ասուլիսում հայտարարել էր, որ առեւտրի կետերում առանց շնչադիմակների քաղաքացիներ հայտնաբերելու դեպքում կկասեցվեն տվյալ տնտեսավարողների գործունեությունները։ Այդ հայտարարությանը հաջորդած տնտեսավարողների գործունեության վերջին կասեցումների նման ծավալներից կարելի է ենթադրել, որ կասեցումների հիմնական պատճառներից մեկը հիշատակված սահմանափակման խախտումներն են եղել։
Ստեղծված իրավիճակում լուծումներից մեկը կարող է լինել հասարակական վայրերում եւ աշխատավայրերում շնչադիմակների պարտադիր կրելու որոշման կայացումը։ Այդ ճանապարհով են գնացել մի շարք երկրներ, եւ այն տվել է ակնկալվող արդյունքները։ Բայց նման որոշում կայացնելուց առաջ պետությունը պետք է նաեւ միջոցներ ձեռնարկի դրանք հասարակության համար հասանելի դարձնելուն ուղղված միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, քանի որ շնչադիմակների պահանջարկի ավելացմանը զուգահեռ նրանց գները 30-40 դրամից բարձրացել են 200-300 դրամի։ Վերահսկման կարիք ունի նաեւ դրանց որակը։
Պարետի վերջին՝ մայիսի 3-ի թիվ 63 որոշմամբ ոչ միայն հանվել են տնտեսական գործունեության որոշ ոլորտներում աշխատանքների սահմանափակումները, այլեւ սահմանվել են այդ ոլորտներում աշխատանքների կազմակերպման անվտանգության կանոնները։
Վերոհիշյալ որոշման թվով 10 հավելվածով ներկայացվում են գրեթե բոլոր գործունեություններին բնորոշ անվտանգության կանոնները։ Դրանցում ասվում է, որ գործատուներն օրական երկու անգամ պետք է ապահովեն աշխատակիցների ջերմաչափումը, աշխատավայրերում ախտահանման եւ պաշտպանիչ այլ պարագաները, ախտահանվող տրանսպորտով տեղափոխեն աշխատակիցներին։
Փակ տարածքներում տնտեսական գործունեություն ծավալող գործատուները պարտավոր են աշխատակիցներին հատկացնել բժշկական ձեռնոցներ եւ դիմակներ, ապահովել աշխատողների միջեւ սոցիալական հեռավորությունը։ Ոորշմամբ հաստատվել են նաեւ կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնների իրազեկման թերթիկներ, որոնք ուղարկվել կամ տրամադրվել են տնտեսավարողներին։ Ըստ տեսչական մարմնի ղեկավարի վերջին հայտարարության, տնտեսավարողներին նման իրազեկումների թիվն անցել է 1000-ը։
Նման սահմանափակումների եւ դրանց պահպանման ուժեղացված վերահսկողության պայմաններում արձանագրվում են դեպքեր, երբ հենց աշխատակիցներն են բողոքում գործատուի կողմից իրենց համապատասխան պարագաներով չապահովելու դեպքերի մասին։ Բնականաբար, շատ են նաեւ այն դեպքերը, երբ աշխատանքը կորցնելու հեռանկարն աչքի առաջ ունենալով աշխատակիցներն այդ խախտումների մասին չեն բարձրաձայնում։
Տնտեսավարողների մոտ խախտումների նման մեծ թիվը խոսում է այն մասին, որ սահմանափակումների պահպանման ռեժիմը լիարժեք չի ապահովվում։ Այս իրավիճակում օրինաչափորեն առաջ է գալիս պատժամիջոցների խստացման՝ մասնավորապես ֆինանսական տույժերի չափերի մեծացման անհրաժեշտությունը։ Այն կարող է որոշակի հակազդեցություն առաջ բերել տնտեսավարողների մոտ, բայց սա այն դեպքն է, երբ նպատակը լիովին արդարացնում է միջոցը։ Եթե տնտեսական գործունեության ազատականացմանը զուգահեռ չհաջողվի համավարակը կանխել, ապա պետությունը ստիպված կլինի վերադառնալ խիստ սահմանափակումների՝ իր բոլոր սոցիալական եւ տնտեսական բացասական հետեւանքներով։
Արմեն Վարդանյան
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ