Sputnik Արմենիայի աշխատակիցներից մեկն այսօր այցելել է ՀՀ ճանապարհային ոստիկանության` Երևանի Գաջեգործների փողոցում գտնվող հաշվառման–քննական ստորաբաժանում և տեսել, որ այնտեղ ասեղ գցելու տեղ չկա, այն դեպքում, որ միայն վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 351–ով և հասել 4823–ի։
Sputnik Արմենիան փորձեց պարետատնից պարզել, թե ինչ է արվում իրավիճակը վերահսկելու ուղղությամբ։
Պարետատնից մեզ հայտնեցին, որ շուտով ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն կանի։ Հերթերից խուսափելու համար նաև շաբաթ կիրակի կաշխատեն, աշխատանքներ կտարվեն օնլայն գործիքներ մտցնելու ուղղությամբ։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներն աշխատանքը վերսկսել են մայիսի 11-ից։ Նախնական գրանցմամբ իրականացվում են հետևյալ գործողությունները.
1. մաշված, անընթեռնելի դարձած կամ վնասված վարորդական վկայականների (այդ թվում՝ ժամկետը չլրացած) փոխարինում նորով,
2. խոտանված տրանսպորտային միջոցի գրանցման վերականգնում և հաշվառում,
3. առանց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերի փոփոխություն այլ համարանիշերով (այդ թվում՝ մեծ պահանջարկ ունեցող ի պահ հանձնված համարանիշերի հատկացում),
4. տրանսպորտային միջոցի գույնի փոփոխությամբ պայմանավորված՝ տրանսպորտային միջոցի վերահաշվառում,
5. ֆիզիկական անձի անձնական տվյալների կամ բնակության վայրի հասցեի փոփոխությամբ պայմանավորված՝ տրանսպորտային միջոցի վերահաշվառում,
6. իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևի փոփոխությամբ (վերակազմակերպմամբ) կամ գտնվելու վայրի փոփոխությամբ պայմանավորված՝ տրանսպորտային միջոցի վերահաշվառում,
7. 3500 կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների գրանցում և հաշվառում (այդ թվում՝ ՀՀ-ում գրանցվածների օտարման դեպքում):