Կորոնավիրուսի համավարակը և հնարավորություն է բիզնեսի համար, և ցավոք, շատերի համար պարտություն։ Հատկապես ճգնաժամային այս օրերում ի՞ նչ պետք է անել բիզնես սկսելու, եղածն էլ պահելու համար։ Համավարակի դեմ պատերազմում միայն բիզնեսից է կախված, թե հաղթանակի դրոշը որ կողմում կծածանվի։
Ստրեսակայունություն՝ ռիսկերի նկատմամբ, անհաջողությունն էլ որպես հաջողության հասնելու դաս. «Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը թվարկում է բիզնես սկսելու, նաև գործողը պահելու համար ամենակարևոր հատկանիշները.
«Լոյալ լինել ռիսկերի նկատմամբ։ Եթե մարդը լոյալ չէ ռիսկերի նկատմամբ, չի կարող բիզնես սկսել, հատկապես հիմա, քանի որ բիզնեսն ամենօրյա ռիսկ է։ Դու ռիսկի ես գնում ոչ միայն քո համար, այլ նաև քո աշխատակիցների համար, քո գործընկերների համար։ Ամեն ինչը պետք է որպես դաս դիտարկել։ Եթե որպես անհաջողություն դիտարկես, սրտի կաթված կստանաս»,- ասում է Վահրամ Միրաքյանը։
Ինչպես համավարակի, այնպես էլ ընդհանրապես բիզնես սկսելու համար Բի Էս Սի Բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը կարևորում է կոնկրետ թիրախավորված աշխատանքն ու հաճախորդի համար արժեք ստեղծելը։ Նաև խորհուրդ է տալիս կարդալ.
«Ես խորհուրդ կտամ կարդալ «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գիրքը։ Այստեղ հիմնավոր ներկայացված է, թե ինչ քայլերով սկսել սեփական բիզնեսը Հայաստանում։ Հիմնավոր գիտելիքը շատ կարևոր է»,- նշում է Սամվել Գևորգյանը։
Կոտայքի մարզում գործող ինքնակպչուն ժապավենների արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն Հակոբ Խաչատրյանն իր բիզնեսն սկսեց շուկայի ուսումնասիրությունից։ Կորոնավիրուսի վարակն ազդեց, սակայն կառավարության առաջարկած հակաճգնաժամային փաթեթից օգտվեցին, որպեսզի բիզնեսը չդադարեցնի։
«Արդեն երկու տարի է վաճառում ենք, շուկայում նորմալ դիրք ունենք։ Ապագայում պլանավորում ենք Վրաստան արտահանել, աշխատում ենք այդ ուղղությամբ, այս պահին ռեալ արդյունք չունենք»,- ասում է Խաչատրյանը։
Բիզնեսին աջակցելու համար միայն ֆինանսական ու վարկային միջոցները բավարար չեն։ Հատկապես համավարակի այս օրերին սրտի կաթվածից հեռու մնալու համար ճիշտ քայլերն ու խորհրդատվությունն է կարևորվում։ Հենց այս նպատակով բիզնեսն ու ընդհանրապես բոլոր հետաքրքրվողները համացանցում ակտիվորեն օգտագործում են մի գործիք, որը վեբինար է կոչվում։
Վահրամ Միրաքյանն առաջինն էր, որ սկսեց վեբինարներ անցկացնել․
«Ինտերկատիվ գիտելիք ու փորձ ստանալու հնարավորություն է սա։ Շատ կարևոր է ինտերակտիվը, քանի որ մարդիկ տեղում կարողանում են հարց ուղղել, պատասխան ստանալ։ Ամեն դեպքում ձայնագրությունը որպես օգտակար կոնտենտ շարունակում է մնալ»,- ասում է Միրաքյանը։
Կորոնավիրուսի դեմ պայքարում հաղթում են նախաձեռնողները, ասում է, հատկապես, որ դեպրեսիայի մեջ միշտ էլ կարելի է ընկնել ու այն էլ հեշտությամբ.
«Պատկերացրեք, պատերազմ է, ու կողմերը բախման ժամանակ ընկնեն դեպրեսիայի մեջ։ Մարտի դաշտում ոչ մեկ չի մտածում դեպրեսիայի մասին։ Հաղթելու մասին են մտածում։ Լացակումած տրամադրությունները իրավիճակը ավելի կվատացնեն, պետք է մարտի տրամադրվել եւ գնալ հաղթանակի»,- նշում է «Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը։
Միայն բիզնեսից է կախված, թե հաղթանակի դրոշը որ կողմում կծածանվի` վստահ է գործարարը։
Ամբողջությամբ՝ armradio.am