Հայաստանում 1985 թվականին պատրաստվում էին «Ադիդաս» սպորտային կոշիկների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը, և ընկերության ներկայացուցիչները Գերմանիայից եկան տեխնիկական անձնակազմ ընտրելու։
Գերմանացիներն ուզում էին հաստոցների մոտ տեսնել մարդկանց, որոնք դեռ չեն սովորել խարդախություն անել, դրա համար էլ նրանք պետք է երիտասարդ լինեին։ Անորակ ապրանքի արտադրությունը նրանց համար պետք է անթույլատրելի ու անընդունելի լիներ։
Այսպես ասենք`եթե մարմարի քարը քարի վրա ես դնում, պետք է վերջում պալատ դառնա, ոչ թե գոմ։
Քմահաճ գերմանացիներին, որոնք իրենց հայտնի ապրանքը ԽՍՀՄ–ում արտադրելու ռիսկին էին գնացել, հասկանալ կարելի էր։ Բայց կար մի մանրուք, որը, չգիտես ինչու, ուշադրությունից դուրս էր մնացել։
Ինչ–ինչ, բայց կոշիկ կարել հայերը կարող էին նույնքան հիանալի, որքան կոնյակ են արտադրում կամ փորագրում քարի վրա, այդ իսկ պատճառով կոշիկի մեր վարպետների դուստրերն ու թոռնուհիները շատ հարմար էին այս գործի համար։
Սակայն այն, ինչ հայի համար պարզ է, գերմանացու համար անհասանելի է, և գործարանում աշխատելու համար վերցրին նրանց, ում ընտրեց «Ադիդասի» թիմը: Նրանց ուղարկեցին Գերմանիայում սովորելու, հետո աշխատանքի և հանգստի համար անկրկնելի պայմաններ ստեղծեցին։ Եվ մեր աղջիկները սկսեցին մարզական կոշիկներ կարել ու լավ ապրել։
Այդպիսով` Եղվարդը դարձավ միակ տեղը ամբողջ Խորհրդային Միությունում, որտեղ արտադրում էին բոլորի կողմից սիրված «Ադիդասները»։
Ինչո՞ւ սիրված։ Ով տեսել է` գիտի, ով չի տեսել` չի էլ հավատա։ Խորհրդային տարիների մի քանի սերունդ հագնում էին հիմնականում չինական արտադրության «կեդեր»։ Դրանք էին այն ժամանակվա սպորտային կոշիկները։ Այդ ոտնամաններից ռեզինի հոտ էր գալիս, դրանք քրտնեցնում էին ոտքերն ու բացի այդ, վատ էին նստում ոտքի վրա։ Երկար չէին դիմանում. շատ արագ էին մաշվում ու պատռվում։ Բայց` թանկ չէին։
… Անցած տարիների անձնական հուշերից։ 60-ականներին Լենինական էր ժամանել 10 հազար մետր վազքում Օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն Պյոտր Բոլոտնիկովը։
Ամառ էր։ Հայտնի հյուրին խաշի էին հրավիրել սարերում։ Որոշեցին ոտքով գնալ այնտեղ։ Ճանապարհի կեսին կեդերը հարեցին չեմպիոնի ոտքերը։ Նա հանեց հոտավետ ոտնամանները, հայհոյեց և ճանապարհի մյուս մասն անցավ բոկոտն։ Խաշը շուտով մոռացվեց, իսկ անպետք կեդերը` ոչ։
Եվ ահա 80-ականներին որոշեցին շտկել դրությունը։ Գերմանական կողմը Եղվարդի գործարանին «Ադիդաս» սպորտային կոշիկներ արտադրելու համար լիցենզիա տրամադրեց, սկսեց մատակարարել ոչ միայն չբավարարող սարքավորումները, այլև նյութերը։ Չվստահելով տեխնիկական վերահսկողության բաժնին, ստուգումները հանձնարարեցին գերմանացիներին, որոնք շոշափում էին ամեն կարը։
Հարց առաջացավ`ո՞ւմ նշանակել գործարանի տնօրեն։ Ընտրությունը կանգնեց ոսկերչական իրերի գործարանի փորձված ղեկավարի վրա (ազգանունը, ցավոք, արդեն չեմ հիշում), որը հայտնի էր «Քֆուր Սերոժ» անունով։
Ինչո՞ւ նա։ «Քֆուր Սերոժը» տարված էր ժամանակակից տեխնիկայով ու առաջատար տեխնոլոգիաներով` որտեղ էլ լիներ։ Հայաստանում լավագույն հաստոցային պարկը ստեղծեց, հիանալի գիտեր ինժեներական գործն ու կարողանում էր լեզու գտնել ցանկացածի հետ (պարզվեց` գերմանացիների հետ նույնպես)։
Այդ ամենով հանդերձ` Սերոժն անտանելի զազրախոս էր, որը խոսքի մեջ անսովոր դարձվածքներ էր հորինում` ոչ նորմատիվային բառապաշար կիրառելով։ Անշառ, բացառապես գործին առնչվող այդ արտահայտություններից մարդիկ չէին նեղանում, ավելին` շատ հանգիստ էին ընդունում։
… Շուտով հայկական արտադրության «Ադիդասները» վաճառքի հանվեցին, և Հայաստանի կապույտ ու սպիտակ գծերով սպորտային կոշիկների մասին հայտնի դարձավ ամբողջ Խորհրդային Միությունում (մասամբ էլ «Իզվեստիա» թերթում իմ հոդվածների շնորհիվ)։ Իրարանցումը համապատասխան արձագանք էր ստանում։ Ստիպված` ժամանակ առ ժամանակ «Քֆուր Սերոժի» մոտ էին գնում և պայմանավորվում Մոսկվայի հասցեներով ապրանքն ուղարկելու մասին։
Հասցեները շատ էին։ «Ադիդասները» դադարեցին զուտ սպորտային կոշիկ լինել. դրանք սկսեցին կրել բոլորը, միշտ և ամենուրեք։ Ջինսերի նման, որոնք ևս գրավում էին երկիրը։
Եղվարդի գործարանը մեծ թափ էր հավաքում, սական նույնիսկ այն ժամանակ, երբ «Ադիդաս» սկսեցին արտադրել Մոսկվայում և մերձբալթյան հանրապետություններից մեկում, միևնույնն է` պահանջարկը լրջորեն գերազանցում էր առաջարկը։
Կոշիկների շնորհիվ Եղվարդը դարձավ հայկական էլիտայի հետ փոքր–ինչ առնչություն ունեցողների ձգողականության կենտրոն, իսկ գործարանը` արտադրության մշակույթի և տեխնիկական առաջընթացի օրինակ։ Արտադրամասերում մաքուր էր, հնչում է ցածր երաժշտությունը, հաստոցների մոտ երիտասարդ և գեղեցիկ աղջիկներ էին…
Իսկ հե՞տո… Երբ ԽՍՀՄ–ը փլուզվեց, Եղվարդի արտադրողներից հետ վերցրին լիցենզիան, գործարանն անկում ապրեց, կոլեկտիվը կազմալուծվեց, բացի այդ` ժամանակի ընթացքում «Ադիդաս» գնելը նույնքան հեշտ դարձավ, որքան «Ջերմուկը» մոտակա խանութից։
… «Քֆուր Սերոժին»` Թումանյան փողոցի հարևանիս, հաճախ էի հանդիպում զբոսնելիս։ Մեծամասամբ միայնակ էր քայլում։ Սակայն դա արդեն այն Սերոժը չէր։ Նա մտահոգ էր դարձել, լռակյաց, դադարել էր հայհոյել։
Ինչպես պարզվեց` հետո նա մշտական բնակության տեղափոխվեց Ամերիկա, և ես այլևս նրան չտեսա, և որ առավել ցավալի է` չլսեցի։