«Զվարթնոց » պատմամշակութային արգելոց-թանգարանում աշխատանքային եռուզեռ է: Չնայած կիզիչ արևին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ աշխատանքային խմբի ղեկավար Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ, արդեն մի քանի օր է հուշարձանի տարածքում՝ համարակալված բեկորների նույնականացման աշխատանքներ են իրականացնում:
««Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի զարգացման հեռանկարային ծրագրի առաջին բաղադրիչն է բեկորների նույնականացման և գույքագրման աշխատանքները։ Քարերը ներկայումս ուղղակի կող կողքի շարված են գետնին և բնականաբար տարիների ընթացքում դրանք կարող են քայքայվել: Հետևաբար նախատեսում ենք բեկորների համար հարթակ ստեղծել, լուծել դրանց ամրակայման հարցը: Հետագայում որևէ ծարգիր իրականացնելիս պետք է հստակ իմանանք քանի բեկոր կա և, որ հատվածից է: Սա մի շատ կարևոր աշխատանքի սկիզբն է», -աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալուց հետո ասում է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Խորեն Գրիգորյանը:
2002 թ. «Հայաստան համահայկական հիմնադրամի» աջակցությամբ ճարտարապետների մի խումբ իրականացրել է Զվարթնոցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարի բեկորների հետազոտում, չափագրում և անձնագրավորում: Յուրաքանչյուր բեկորի համար կազմվել է համակարգչային անձնագիր:
ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ Լիաննա Գևորգյանի փոխանցմամբ, տարիների ընթացքում բեկորները ցուցակագրվել են, հիմա էլ՝ ճշգրտման, նույնականացման անհրաժեշտություն է առաջացել: Խնդիրն այն է, որ ժամանակի ընթացքում բացօթյա տեղադրված բեկորների համարները կամ ջնջվել են կամ դարձել անընթեռնելի: Որոշ բեկորներ` ցուցադրման պահանջներից ելնելով տեղաշարժվել են: Աշխատանքային խումբն օգտվում է հենց 2002թ. տվյալների բազայից, համեմատում ցուցակում ընդգրկված լուսանկարների, չափագրությունների հետ, թարմացնում բեկորների վրայի համարները:
Չնայած որոշ դժվարությունների, մեր մասնագետները շատ զգույշ ու խնամքով են աշխատում բեկորների հետ:
ՊՈԱԿ-ի աշխատակից Վահագն Գրիգորյանի փոխանցմամբ, բեկորները չեն տեղաշարժում, երբեմն դժվարություն է առաջանում կապված ոչ բարձրորակ լուսանկարի հետ: Արդեն նույնականացվել է 190 բեկոր: