Հղիության ընթացքում պտուղը պաշտպանված է կորոնավիրուսային վարակից. պլասենտային հյուսվածքը վիրուսներ ներս չի թողնում: Կորոնավիրուսով վարակված հղի կնոջ երեխան ծնվելուց հետո առողջ կմնա, եթե վարակը չանցնի նրան օդակաթիլային ճանապարհով: Նման կարծիք է հայտնել Շունգաևայի անվան պերինատալ կենտրոնի դիտորդական մանկաբարձական բաժանմունքի վարիչ Նադեժդա Սագաևան:
Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի՝ վերջերս դոկտոր Սագաևան ընդունել էր առաջին ծնունդը կորոնավիրուսով վարակված կնոջ մոտ:
Եթե կորոնավիրուսով վարակված կինը երեխա է ունենում, բուժաշխատողները, երեխայի վարակման ռիսկը նվազեցնելու համար, բացառում են «մաշկով մաշկի հետ» շփման հավանականությունը, այսինքն՝ երեխային մորը գիրկը չեն հանձնում, այլ անմիջապես մեկուսացնում են նրան: Այնուհետև ստուգվում է երեխայի մոտ վարակի առկայությունը: Եթե մոր թեստերը բացասական արդյունք են ցույց տալիս, նա կարող է կրծքով կերակրել իր երեխային:
Բժիշկն ընդգծել է, որ վարակված կանայք դիմակներով են ծննդաբերում, իսկ բուժանձնակազմն օգտագործում է բոլոր պաշտպանիչ սարքավորումները՝ վարակվելուց խուսափելու համար:
Մասնագետը հավելել է, որ նախկինում վարակված կանանց խորհուրդ էին տալիս ընդհատել մինչև 12 շաբաթական հղիությունը, այնուամենայնիվ, եթե հիվանդությունը մեղմ ընթացք է ունենում, ցանկալի է կամ ստացվել է օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ, ապա անհրաժեշտ չէ դադարեցնել այն: Ըստ նրա՝ բժիշկները գործում են ըստ իրավիճակի յուրաքանչյուր առանձին դեպքում: