«Կորոնավիրուսնիկի» առօրյան` 43 օր մեկուսացում, կամ ինչու է Մարինեն շնորհակալ Covid-19-ից. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կորոնավիրուսնիկի» առօրյան` 43 օր մեկուսացում, կամ ինչու է Մարինեն շնորհակալ Covid-19-ից. armeniasputnik.am

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, հիվանդասենյակ N501։ Ընթերցողի համար սա պարզապես շենք է ու հերթական հիվանդասենյակի համար, իսկ լրագրող ու ռադիոհաղորդավար Մարինե Գասպարյանի համար մի վայր, որտեղ նա 43 օր ապրել է, բացահայտել իր հոգու գաղտնիքներն ու նորից վերադարձել է արվեստին։

Մարինե Գասպարյան

Մարինեն կորոնավիրուսի վարակակիր էր ու 10 թեստ է հանձնել, որոնցից 9–ը դրական պատասխան են ունեցել։ Նա չի սիրում «հիվանդ» բառն ու ամեն անգամ կենտրոնում իր գտնվելու շրջանի ու այնտեղի մարդկանց մասին խոսելիս ինքն իրեն ուղղում է`չէ, հիվանդները չէ, վարակվածները։

Թեստերի «խաղը»

Մարինե Գասպարյանը պահպանում էր անձնական անվտանգության բոլոր կանոնները, խնամքով ախտահանում էր ամեն ինչ, նույնիսկ դեղատնից գնած դեղերի տուփերը։ Ոչ թե իր, այլ 67-ամյա հոր համար էր վախենում։ Հենց նրա մոտ էլ ի հայտ եկան առաջին ախտանշանները՝ ջերմություն ու վատ ինքնազգացողություն։ Ապրիլի մեկին պոլիկլինիկա դիմեցին, այնտեղից նրանց ուղարկեցին այլ բուժհաստատություն, որտեղ տղամարդը թեստ հանձնեց ու բացասական պատասխան ստացավ։

Տուն վերադառնալուց հետո (արդեն ապրիլի 3-ին` խմբ․) Մարինեի մոտ ուժեղ մկանային ցավեր սկսվեցին։ Ինքն իրեն հանգստացնում էր, թե դա տնային մարզումների հետևանք է, սակայն ցավը հետզհետե տարածվում ու անտանելի էր դառնում, իսկ երբ տաքությունը բարձրացավ ու ախորժակը կորավ, կասկածներն ամրապնդվեցին։ Հոր տաքությունն էլ բարձրացավ։ Արդեն ապրիլի 6-ին նրա մոտ դող սկսվեց, ու նրանք գնացին հիվանդանոց։ Կորոնավիրուսի թեստեր հանձնեցին, արդյունքները դրական եկան։

«Հիմա էլ գաղափար չունենք, թե ինչպես ենք վարակվել։ Այդ օրերին մեր ամբողջ բարեկամությունը կապի մեջ էր ու անհանգստանում էր մեզ համար, ամոթ կլիներ, եթե թեստերի արդյունքները բացասական լինեին»,- կատակում է Մարինեն։

Վարակի իրական երեսը

Հիվանդանոց տեղափոխվելու 3-րդ օրը Մարինեի ինքնազգացողությունը լավացավ, սակայն հոգեբանական առումով նրա համար դժվարությունները չէին ավարտվել։ Հայրը թոքաբորբ ուներ։ Նրան վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխել։ Մարինեն չէր կարողանում տեսակցել նրան, միայն հեռախոսով էին շփվում։ Երբեմն խոսում էր բուժանձնակազմի հետ ու մանրամասներ էր իմանում նրա վիճակի մասին, սակայն 24 ժամ շարունակ սարսափելի անհանգստանում էր հոր համար։

armeniasputnik.am