«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ինձ հասկացնում են, որ քաղաքական որոշում կա՝ «Արմնյուզի» եթեր չգնալու. Դավիթ Սարգսյանը՝ ճամբարավորված հեռուստաեթերի մասին․ tert.am
Advertisement 1000 x 90

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ինձ հասկացնում են, որ քաղաքական որոշում կա՝ «Արմնյուզի» եթեր չգնալու. Դավիթ Սարգսյանը՝ ճամբարավորված հեռուստաեթերի մասին․ tert.am

«Ես Ֆեյսբուքում քաղաքական գրառումներ չեմ անում, թեև քաղաքական հաղորդման հեղինակ-վարող եմ: Media.am կայքի փոխանցմամբ գրել է լրագրող, հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանը:

Միտումը, ճիշտ է, հակառակն է՝ շատ լրագրողներ փորձում են ներկայանալ իբրև վերլուծաբան, նյութերի հղումներն իրենց էջերին դնելիս էլ այդ նյութերից մեծ տեքստեր են գրում՝ անթաքույց արտահայտելով իրենց վերաբերմունքը նյութի հերոս քաղաքական գործչի նկատմամբ:

Մի քանի օր առաջ խախտեցի աշխատաոճս. ստիպված էի մի վերջին հնարավորություն օգտագործել՝ հրապարակավ ուղիղ եթերի հրավիրել ԱԺ-ի կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Մեծագույն մասի հետ անձնապես ծանոթ և ֆեյսբուքյան ընկեր ենք: Բայց, ինչպես և սպասում էի, նրանցից որևէ մեկը չարձագանքեց:

Նախկինում «Երկիր Մեդիա», հիմա էլ «Արմնյուզ» հեռուստաալիքում քաղաքական հարցազրույցների շարքում մշտապես հյուրընկալել եմ օրվա իշխանությանը, որքան էլ դա դժվար է եղել: Որպես կանոն, հարկ էր լինում կառավարող խմբակցության 10-15 պատգամավորի զանգել, մինչև մեկը համաձայնում էր:

Վերջին երկու ամսում դա էլ չի հաջողվում. նույն պատգամավորներն ինձ հասկացնում են, որ քաղաքական որոշում կա՝ «Արմնյուզի» եթեր չգնալու (5-րդ ալիքի եթեր չգնալու որոշումն, ըստ ամենայնի, ավելի վաղ էր կայացվել): Զուգահեռաբար ինձ ակնարկում են, որ իմ դեմ՝ իբրև լրագրողի, ոչինչ չունեն:

Երեկոյան դիտում եմ քաղաքական հարցազրույցները՝ տեսնելու, թե գործընկերներիցս ով ում է հյուրընկալել: Եվ ահա՝ իշխանական պատգամավորը, որին այնպե՜ս համոզում էի հաղորդմանս մասնակցել, Հանրայինի եթերում է, հարցն էլ հնչում է մոտավորապես հետևյալ ձևակերպմամբ՝ «Ձեր ընդդիմախոսները կարող են ասել, որ… իսկ դուք ի՞նչ կպատասխանեիք նրանց»: Եվ պատգամավորը, կանխավայելելով «հարմարավետ փաթեթավորած» հարցը, թեթևակի ժպիտը դեմքին, շտապում է պատասխանել:

Ճիշտ է, հանուն արդարության՝ անընկալելի է նաև այլ, մասնավոր հեռուստատեսային ալիքներում զրուցավարի կողմից քաղաքական գնահատականներով համեմված տրամախոսությունը (երբեմն դժվար է դա հարցազրույց կոչել), երբ հարցերն առավել քան կողմնորոշող են, հաճախ՝ գնահատողական, զրույցն էլ՝ խոհանոցային:

Նման ոճի մի քանի տասնյակ «նախկին քաղաքական գործիչների» խիստ կենցաղային, գռեհիկ ընդդիմադիր խոսքի պակաս էլ չկա հեռուստաեթերում:

Առհասարակ, հայաստանյան հեռուստաեթերից իսպառ վերացել է «դժվար զրույց» ժանրը: Այն, իհարկե, դասական բրիտանական իմաստով գոյություն էլ չի ունեցել՝ հեռուստատեսության մշտական կառավարելիության հանգամանքով պայմանավորված:

Այսօր «ընդդիմադիր հեռուստաալիքների» հանրային ընկալման ու իշխանության կողմից դրանց շարունակական թիրախավորման պատճառով «դժվար զրույցի» կայացումն առավելևս անհնար է:

«Լավատես» իշխանական պատգամավորը երբեք չի գնում «հոռետես» զրուցավարին հյուր, և հակառակը՝ դժգոհ ընդդիմադիրը, որպես կանոն, չի երևում պայմանական «Հայլուրի Հայաստանում»:

Թերևս, իշխանական ու ընդդիմադիր գործիչները կողմնորոշվում են հեռուստաալիքների ընդհանուր խմբագրական քաղաքականությամբ և ժամանակի ընթացքում ձևավորում նախընտրելի լրատվամիջոցների ու լրագրողների շրջանակ:

Բայց ո՞վ է ասել, որ այն մշտապես պետք է իշխանության (կամ առհասարակ որևէ քաղաքական ուժի) սրտով լինի:

Հարցազրուցային հաղորդումն իր դրամատիկական ու բովանդակային առանձնահատկություններն ունի, որքան էլ այն հեռուստաալիքի ընդհանուր գծի մի մաս է: Ու որքան «սուր» ու «սադրիչ» լինեն հարցերը, այնքան ավելի մեծ պետք է լինի գայթակղությունը՝ ջախջախելու դրանք, ու եթե թաքցնելու, վախենալու, կոծկելու, ստելու ոչ մի պատճառ չկա, ապա քաղաքական գործիչն ինքը պետք է շահագրգիռ լինի նման ձևաչափով:

Արդյունքում՝ կառավարող խմբակցության անդամներին չենք տեսնում ո՛չ «Արմնյուզի», ո՛չ 5-րդ ալիքի, ո՛չ հ2-ի քաղաքական հաղորդաշարերի եթերում, մյուս հեռուստաալիքները նման ձևաչափ չունեն:

Հարցազրուցային հաղորդումներից յուրաքանչյուրը մնում է կա՛մ ընդդիմադիր գործիչներին հրավիրելու հույսին, կա՛մ ստիպված կազմում է սեփական բանախոսների շրջանակը, ինչը, սակավաթիվ ոլորտային փորձագետներ ունենալու պատճառով, բավարար չէ:

Հրավերները մերժելու հիմքերից ամենատարածվածը կապված է զրուցավարի «քաղաքական բացահայտ դիրքորոշման», հարցերը բացառապես հարցական նախադասությամբ ձևակերպելու, գնահատողական դատողություններ չանելու պահանջի հետ:

Սա ընկալելի պահանջ է, թեև հարցի ու գնահատականի սահմանը չափազանց նուրբ է, և աշխարհի որևէ խոշոր հեռուստաընկերության քաղաքական հարցազրուցավար միայն հարցեր չի տալիս, նաև ընդդիմախոսում է:

Այսօր մեր հեռուստաեթերում, ինչպես և քաղաքական դաշտում, զրոյական բանավիճային մշակույթ է:

Եթե չհաշվենք կիրակի երեկոյան Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հանրային քննարկում» նախագիծը, որին ընդդիմադիրները հիմնականում հրաժարվում են մասնակցել՝ սահմանափակ եթերաժամանակի և իրենց առանձին հարցազրույցների չհրավիրելու պատճառով, բազմակողմանի բանավիճային հեռուստահաղորդում չկա:

Երբեմնի ընդդիմադիր թերթերը հեռուստաալիքներին որակում էին իբրև «պատասխանատու» լրատվամիջոցներ՝ դրանում ավելի շատ հեգնական երանգ դնելով: Որո՞նք են այսօրվա «պատասխանատու» լրատվամիջոցները՝ Հանրային հեռուստաընկերությո՞ւնը, «Ազատություն» ռադիոկայա՞նը, «Առաջին» լրատվակա՞նը. ըստ իշխանության վարկածի՝ թերևս այո, քանի որ հենց այս լրատվամիջոցներն են վայելում նրանց մեծագույն վստահությունը, և իրենք էլ դրանցում ամենօրյա հյուր են:

Ի հակադրության այդ թևի՝ իշխանությունն էլ ձևակերպում է «մտահոգ» լրատվամիջոցների շրջանակը, «մտահոգը»՝ դարձյալ ծաղրական երանգով:

Այն առավելապես նույնացվում է 2018-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի նշանաբանի հետ և ասոցիատիվ կերպով փորձում է «մատնել» այդ լրատվամիջոցների քաղաքական համակրանքների շրջանակը: Այս շարքում են «Արմնյուզն» ու 5-րդ ալիքը, թերթերից՝ «Հրապարակը», կայքերից՝ Yerevan.today-ը և այլն:

Փոխարենը, եթերային հեռուստաընկերությունների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թեև առանց մասնավորեցման, մեկ անգամ չէ, որ անվայելուչ է արտահայտվել՝ «հակապետական քարոզչություն» իրականացնող, «Կոռուպցիա գրուպ» հեռուստաալիքներ, և այլն: Ճիշտ է, որևէ դեպքում իրավական գործընթաց չի հաջորդել:

Հայրենական հեռուստաեթերն այսօր ծայրահեղ ճամբարավորված ու բևեռացված է: Արդյունքում միջին հեռուստադիտողի համար, եթե նա ընդծված քաղաքական նախընտրություններ չունի, ճշմարտությունն արտածելը դառնում է գրեթե անհնարին:

Երկու զուգահեռ իրականություն՝ գերլավատեսական ու ապոկալիպտիկ, գոյատևում են կողք կողքի»:

Դավիթ Սարգսյան

tert.am



Նման նյութեր