Հայաստանում 2019 թվականը առանձնացել է տնային տնտեսությունների վարկավորման ծավալների բավական մեծ աճով, հատկապես աճ է նկատվել հիփոթեքային վարկավորման ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին առցանց ասուլիսում հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ կներկայացնելով 2019 թվականի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»:
Նա նախ հիշեցրեց, որ հաշվետվությունը վերաբերում է 2019-ին, ուստի զարգացումներն ամբողջությամբ ներկայացված են առանց կորոնավիրուսի հետ կապված զարգացումները ներառելու:
«2019-ին ունեցել ենք բավականին հաջող տարի՝ թե ընդհանուր տնտեսության զարգացման և թե ֆինանսական համակարգի զարգացման առումով: 2018-ի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ նշված միտումները հիմնականում շարունակվել են նաև 2019-ին: Բանկերը վերջին մի քանի տարիների ընթացքում ցուցաբերել են շարունակական կայուն աճի միտում: Խոսքը վերաբերում է թե ակտիվներին, թե պարտավորություններին, թե կապիտալին, ներգրաված ավանդներին: Վերջին մի քանի տարիներին, ներառյալ 2019-ին ունեցել ենք բավականին լավ դինամիկա: 2019-ն առանձնացել է տնային տնտեսությունների վարկավորման ծավալների բավական մեծ աճով: Մենք հատկապես էական աճ ենք նկատել հիփոթեքային վարկերի և տնային տնտեսություններին տրամադրված այլ տեսակի վարկավորման ոլորտում»,-ասաց Գրիգորյանը:
Նա նշեց, որ մոնիտորինգ են իրականացնում, հետևում այդ վարկերի վարքագծին՝ ընդհանրապես տնային տնտեսությունների եկամտային բեռի, վարկային բեռի, պարտքի բեռի ցուցանիշների զարգացումներին: Գրիգորյանը վերահաստատեց՝ պատրաստ են անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ, որպեսզի նման զարգացումները ռիսկեր չստեղծեն թե տնային տնտեսությունների համար և թե ֆինանսական համակարգի համար:
«Հիմնական փոփոխությունները, որ մենք կարող է անենք, և որոնք այս պահի դրությամբ դիտարկվում են, վերաբերում են հատկապես պարտքի բեռի կտրուկ աճի սահմանափակմանը, որպեսզի տնային տնտեսությունների մոտ չունենանք ֆինանսական դժվարութուններ՝ հետագայում պարտքի սպասարկման առումով»,-ասաց նա ու նշեց՝ վերլուծությունները ցույց են տվել, որ դեռևս այդ մասով խնդիր չկա:
Աննա Գրիգորյան