Կորոնավիրուսի տարածման տեմպերով ու հիվանդների թվով պայմանավորված պարետի ու առողջապահության նախարարի որոշմամբ՝ Հայաստանում COVID 19–ի թեթև դեպքերի բուժումը մայիսի 25-ից սկսած իրականացվում է տնային պայմաններում:
Նոր կարգը բազմաթիվ խնդիրներ ու հարցեր է առաջացրել հիվանդների մոտ: Մամուլում ոմանք դժգոհում են, որ մնացել են միայնակ հիվանդության հետ պայքարում, իսկ պոլիկլինիկայից որևէ աջակցություն չեն ստանում:
Կորոնավիրուսով վարակված երեխայի մայրը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ երբ երեխայի հետ այցելել են պոլիկլինիկա, տեղամասային բժիշկը երեխային «բրոնխիտ» ախտորոշումն է տվել ու դեղորայք նշանակել, այդ թվում՝ հակաբիոտիկի ներարկում:
«Մեր պնդմամբ՝ երեխային պոլիկլինիկայում նաև կորոնավիրուսի թեստ արեցին, որի պատասխանը պետք է ստանայինք մեկ օր անց: Այդ մեկ օրվա ընթացքում էլ տնային պայմաններում պետք է բժշկի նշանակած բուժումն անեինք: Բանն այն է, որ բոլոր այն բուժաշխատողները, որոնց մենք դիմեցինք այդ մեկ օրվա ընթացքում՝ թե՛ պոլիկլինիկայում, թե՛ երևանյան տարբեր հիվանդանոցներում, թե՛ նույնիսկ շտապօգնության ծառայությունում, հրաժարվեցին այդ ներարկումը կատարել»,- պատմեց երեխայի մայրը:
Նրա խոսքով՝ բոլորն էլ իմանալով, որ հնարավոր է՝ երեխան վարակվել է կորոնավիրուսով, հրաժարվում էին այցելել իրենց բնակարան:
«Իհարկե, մենք չէինք կարող թաքցնել այդ հանգամանքը բժիշկներից, ու, բնականաբար, ում որ դիմում էինք, նախապես ասում էինք, որ երեխան թեստավորվել է կորոնավիրուսի կասկածով: Այս մասին իմանալուց հետո ոչ մի բժիշկ այդպես էլ չհամաձայնեց այցելել երեխային»,- նշեց մեր զրուցակիցը:
Թեստի դրական պատասխանն ստանալուց հետո արդեն երեխայի բուժումն իրականացվել է հիվանդանոցում, քանի որ նա ախտանշաններ է ունեցել՝ հազ, ջերմություն, հոտառության կորուստ: Երեխան արդեն բուժվել ու վերադարձել է տուն: Բայց նրա ծնողներն անգամ չեն ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե բուժումը շարունակեին տնային պայմաններում:
«Ամենասարսափելին այն է, որ պոլիկլինիկայի բժշկի ախտորոշումը հիվանդանոցում հենց առաջին օրն իսկ հերքվեց, հակաբիոտիկային բուժման կարիք էլ ասացին՝ չկա: Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ մեր առաջնային բուժօգնության օղակներն այսպիսի ցածր մակարդակի վրա են»,- ընդգծեց երեխայի մայրը:
Նման մի քանի պատմություններից հետո ՀՀ առողջապահության նախարարությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պարզաբանել է, թե ինչ պարտավորություններ ունեն պոլիկլինիկայի աշխատակիցները տանը բուժում ստացող կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների նկատմամբ:
Նախ նրանք պարտավոր են խորհրդատվություն տրամադրել հիվանդին՝ վարակի փոխանցումը կանխելու և նախազգուշական միջոցառումների վերաբերյալ:
Բացի այդ, բժշկի ցուցումով օրական 2 անգամ պետք է կատարվի պացիենտի և խնամողի ջերմաչափում, որի արդյունքերին բժիշկը պետք է տեղեկանա հեռախոսազանգերի կամ այցելությունների միջոցով, և անհրաժեշտության դեպքում ուղեգրի ախտորոշիչ հետազոտությունների (ռենտգեն, թեստավորում):
Վարակի փոխանցումը կանխելու նպատակով նրա հետ բնակվող անձինք ևս պարտավոր են ապահովել անվտանգության բոլոր միջոցառումները՝ սահմանափակել պացիենտի տեղաշարժը տանը՝ նրան տրամադրելով լավ օդափոխվող սենյակ: Նաև սամանափակել պացիենտի խնամողների թիվը և այցելուներ չընդունել: Պետք է պահպանել պացիենտից առնվազն 1-2 մետր հեռավորություն:
Պացիենտի խնամքը պետք է իրականացնել անհատական պաշտպանիչ միջոցներով, պարբերաբար փոխել դիմակն ու ձեռնոցները, լվանալ կամ ախտահանել ձեռքերը:
Պացիենտի կեղտոտ սպիտակեղենն անհրաժեշտ է առանձնացնել փակվող տարայի մեջ, հագուստը, սպիտակեղենն ու սրբիչները լվանալ 60-90 °C ջրով ու օճառով: