Կորոնավիրուսի մեղմ ախտանիշներով հիվանդները կարող են հակամարմիններ արտադրե
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսի մեղմ ախտանիշներով հիվանդները կարող են հակամարմիններ արտադրե

Կորոնավիրուսի մեղմ ախտանիշներով հիվանդները կարող են հակամարմիններ արտադրել, ինչի կապակցությամբ նրանց մոտ կարող է իմունիտետ առաջանալ վիրուսի նկատմամբ մի քանի շաբաթով կամ՝ ավելի երկար: Նման եզրակացության են հանգել ֆրանսիացի հետազոտողները, հայտնում է Medicalxpress-ը:

Ըստ նրանց՝ արդյունքները, որոնք «գրախոսման» դեռ չեն ենթարկվել, «հուսադրող էին», քանի որ նոր կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի մեխանիզմների մասին քիչ բան է հայտնի, հատկապես՝ հիվանդության աննշան եւ մեղմ ախտանիշներով մարդկանց մոտ:

«Մենք գիտեինք, որ հիվանդության ծանր արտահայտմամբ մարդիկ հակամարմիններ են արտադրել ախտանշանների առաջացման պահից 15 օրվա ընթացքում,- նշել է Պաստերի ինստիտուտի գլոբալ առողջապահության բաժնի ղեկավար Առնո Ֆոնտանետը, ով ուսումնասիրությունն անցկացրել է Ստրասբուրգի համալսարանական հիվանդանոցում:- Հիմա մենք գիտենք, որ սա նույնքան ճիշտ է նաեւ մեղմ ախտանիշ ունեցող հիվանդների համար, նույնիսկ եթե հակամարմինների մակարդակն ավելի թույլ է»:

Ուսումնասիրությունն իրականացվել է Ստրասբուրգի երկու հիվանդանոցների 160 աշխատակցի շրջանում, որոնց մոտ մեղմ արտահայտմամբ կորոնավիրուս էր ախտորոշվել: Երկու տեսակի սեռոլոգիական թեստերը ցույց են տվել, որ գրեթե բոլորը՝ 160-ից 153-ը՝ մի դեպքում եւ 160-ից 159-ը՝ մյուս դեպքում, հակամարմիններ են արտադրել վարակի առաջացումից հետո 15 օրվա ընթացքում:

Առանձին թեստի օգտագործման դեպքում՝ որոշելու համար, արդյոք հակամարմինը կարող է չեզոքացնել վիրուսը, հետազոտության արդյունքում պարզվել է, որ կամավորների մոտ 98 տոկոսը հակամարմիններ է ունեցել վարակի առաջին նշաններից հետո 28-ից 41 օրվա ընթացքում:
Հետազոտողները հայտարարել են, որ ժամանակի ընթացքում հակամարմինների չեզոքացնող ակտիվությունն ավելանում է:

Պաստերի վիրուսի եւ իմունիտետի բաժնի ղեկավար Օլիվյե Շվարցն ասել է, որ այժմ խնդիրը կայանում է նրանում, որպեսզի երկարաժամկետ հեռանկարում վերահսկել «հակամարմինների արձագանքի կայունությունը եւ վիրուսը «չեզոքացնելու» հնարավորությունը:

news.am