Հայաստանում բուհերը դիմորդների պակաս չունեն․ արտակարգ դրության օրերին հայտերն ընդունվում են առցանց
Advertisement 1000 x 90

Հայաստանում բուհերը դիմորդների պակաս չունեն․ արտակարգ դրության օրերին հայտերն ընդունվում են առցանց

Հայաստանում հուլիսի սկզբին միասնական քննությունները հանձնելու համար ստեղծված բոլոր քննական կենտրոններում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները։ 2020-2021 ուսումնական տարվա համար բուհերը դիմորդների պակաս չունեն։

2020-2021 ուսումնական տարվա միասնական քննությունների անցկացման մասին «Արմենպրես»-ը զրույցել է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանի, ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանի, ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանի, ՃՇՀԱՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Սարգսյանի հետ։

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը նշեց, որ այս տարի, ելնելով կորոնավիրուսային հիվանդության պատճառով երկրում հաստատված արտակարգ դրությունից և այն հանգամանքից, որ պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները՝ դիմորդներն ամեն մասնագիտության համար նախկին երեք քննության փոխարեն հանձնելու են մեկը։

«Դիմորդները դեռևս հայտեր են լրացնում և, երբ այդ հայտագրումն ավարտվի, այսինքն՝ հունիսի 15-ից հետո, կկարողանանք ավելի հստակ հասկանալ, թե քանի քննական կենտրոն հարկավոր կլինի։ Մինչ հայտագրման ավարտը, ԳԹԿ-ի մասնագետներն այցելում են մարզեր, լինում նախորդ տարվա քննական կենտրոններում, տեսնելու, թե որքանով է հնարավոր այս տարի այդ նույն կենտրոններում քննություն կազմակերպել։ Այս պահին որոշ նախնական պատկերներ արդեն հայտնի են, սակայն ամբողջական տեղեկություն տալ դեռևս չենք կարող»,- ասաց Գրիգորյանը։

ԳԹԿ-ի մասնագետներն արդեն ուսումնասիրել են, թե որ քննական կենտրոնում է անհրաժեշտ սեղաններ և նստարաններ ավելացնել, որտեղ հնարավոր կլինի դրանք ավելի հեռու դնել իրարից կամ որտեղ շենքային պայմանները թույլ կտան ևս մի քանի քննական սենյակ բացել։

ԳԹԿ-ն ուսանողներին տրամադրելու է դիմակներ, տարածքներում լինելու են նաև ախտահանող միջոցներ։

ԵՊՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ իրենց համալսարան արդեն դիմել է ավելի քան 1300 մարդ։

«Ամենաշատը դիմել են Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներ։ Դիմում-հայտերի պակաս այս տարի չունենք, և ինչպես նախորդ տարիներին, ուսանողների թվաքանակը մեծ կլինի»,- նշեց Արմեն Սարգսյանը։

Անդրադառնալով ներբուհական քննություններին, նա ընդգծեց, որ ԵՊՀ-ում այն միշտ մեկն է եղել՝ Լրագրություն մասնագիտության համար հանձնել են՝ բանավոր հաղորդակցման մշակույթ առարկան։

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատուն ասաց, որ 2020 թվականին այդ քննությունը չի լինելու երկրում տիրող արտակարգ դրության պատճառով։

«Այս տարի հանվեցին բոլոր բանավոր քննությունները և Լրագրության ֆակուլտետի ուսանողները կկարողանան ընդունվել միասնական քննության ժամանակ հանձնելով Հայոց լեզու և գրականություն առարկան։ Մյուս մասնագիտությունների համար դիմողները նույնպես միասնական քննությունների ժամանակ կհանձնեն միայն մեկ առարկա»,- նշեց Արմեն Սարգսյանը։

Խոսելով սփյուռքահայերի և օտարերկրացիների ընդունելության մասին, նա նկատեց, որ ելնելով համաճարակային այս իրավիճակից՝ կա խնդիր նրանց ընդունելության հետ կապված։ Սարգսյանը շեշտեց, որ այս պահին ԿԳՄՍ նախարարությունը քայլեր է ձեռնարկում խնդիրը հասկանալու և դրան լուծում տալու ուղղությամբ։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանը նշեց, որ հունիսի 3-ի դրությամբ իրենց մոտ ընդունվելու հայտ է լրացրել 379 դիմորդ։

«Ամենաշատը դիմել են ֆինանսներ, կառավարում, շուկայագիտություն, հաշվապահություն և տնտեսագիտություն մասնագիտությունների համար։

«Անցյալ տարի նույն ժամանակահատվածի համեմատ ունեցել ենք մոտ 200 դիմորդ, սակայն անցյալ տարի ընդունելության համար դիմելու ժամկետներն այլ էին՝ մայիսի 5-ից հունիսի 2-ը, այժմ ժամանակն ավելի կարճ է, գուցե այդ պատճառով են այժմ ավելի շատ դիմումներ։ Օրական, միջինը ստանում ենք 70-80 դիմում»,- ասաց Նազարյանը։

Նա նշեց, որ այս ընթացքում պոտենցիալ ուսանողների հետ շփվել են բացառապես առցանց հարթակում կամ հեռախոսով։

Ներբուհական քննություններ ՀՊՏՀ-ում չկան, դրանք լինում են միայն հեռակա ուսուցման ընդունելության ժամանակ, սակայն այդ գործընթացը լինում է սեպտեմբերին։

«Այս պահին չգիտեմ այդ ամենն ինչպես է կազմակերպվելու, սակայն հակահամաճարակային բոլոր միջոցառումների շրջանակում իրականացվող անվտանգության բոլոր կանոնները կպահպանենք»,- ասաց Տնտեսագիտական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը։

Անդրադառնալով օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների ընդունելությանը՝ Նազարյանը նշեց, որ այդ առումով կարող են խնդիրներ առաջանալ, քանի որ հերթագրումը կատարվում է բացառապես ՀՀ և Արցախի տարածքներում։

«Արտասահմանում գտնվող օտարերկրացի դիմորդները պետք է գան ՀՀ՝ առցանց հայտագրվելու համար։ Սփյուռքահայերի դիմումների ընդունումը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սովորաբար օգոստոսի վերջին է կազմակերպում։ Քանի որ այս ժամանակահատվածում գործում են սահմանափակումներ և օդային ճանապարհները փակ են, դեռևս չենք կարող ասել օտարերկրացիների ընդունելությունն ինչպես կկատարվի»,- ասաց Գրիգոր Նազարյանը։

Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Սարգսյանի խոսքով՝ արդեն դիմել է 177 հոգի։

«Մեր համալսարանում շատ մեծ պահանջարկ ունի արվեստի բլոկը՝ դիզայն, ճարտարապետություն, շինարարության բլոկը և տնտեսագիտությունը»,- նշեց Հայկ Սարգսյանը։

ՃՇՀԱՀ ընդունվելու համար դիմորդների մի մասը հանձնելու են ներբուահական, իսկ մյուս մասը՝ միասնական քննություններ։ Միասնական քննություններն անցկացվելու են հատուկ քննական կենտրոններում, որոնք ստեղծվում են ԳԹԿ-ի կողմից, ներբուհականը՝ համալսարանում։

«Մեզ մոտ տեղադրվել է ախտահանիչ սարք-կամար, որի տակով անցնելիս տեղի է ունենում ախտահանում։ Ներբուհական քննություններն իրականացվելու են ԳԹԿ-ի վերահսկողությամբ և աջակցությամբ։ Այդ ժամանակ մեզ մոտ նույնպես պահպանվելու է սոցիալական հեռավորությունը, տեղադրված են լինելու ալկոգելեր, ձեռնոցներ։ Այս ամենը մենք անելու ենք անվճար»,- ասաց Հայկ Սարգսյանը։

Միասնական քննություններն անցկացվելու են ԳԹԿ քննական կենտրոններում՝ հուլիսի առաջին տասնօրյակում։

Լիլիթ Դեմուրյան