Երևանի բերդի տարածքում գտնվող ամենից աչքի ընկնող կառույցներից էր Երևանի խանի պալատը: Այն հիրավի պարսկական աշխարհիկ ճարտարապետության զարդերից էր: Պալատը, որը պատկերված է լուսանկարներում, կառուցվել էր 1798 թվականին՝ նախկինում գոյություն ունեցող պալատների տեղում և դրանց որոշ մասերի վերակառուցմամբ: Հայտնի էր հատկապես պալատի մեծ, հանդիսավոր դահլիճը, որը կոչվում էր Շուշաբանդ-այվան, այսինքն՝ հայելապատ-հանդիսասրահ: Այն նաև մեծ հովանոց էր, որ նայում էր Հրազդանի ձորին: Շինությունը պատված էր գույզգույն մեծ ու փոքր հայելիներով, որոնք լույսի, գույների գեղեցիկ խաղ էին ստեղծում: Շինության պատերը զարդարված էին իդեալական այգին, բուրաստանը ներկայացնող որմնանկարներով, որտեղ պատկերված էին զանազան ծաղիկներ, բույսեր: Շինության պատերը զարդարում էին նաև իրանական առասպելական հերոսների, օրինակ Շահնամեի գլխավոր հերոս Ռուստամի, ինչպես նաև կառավարող գահակալներին ներկայացնող որմնանկարները և կտավները: Հայելապատ դահլիճի կենտրոնում էր գտնվում մի փոքրիկ մարմարե շատրվան: Ներկայումս այն Երևանի Պատմության թանգարանում է ցուցադրվում: Պալատի շենքը կառուցված էր քարե հիմքերի վրա հում և թրծած աղյուսից և ուներ մի քանի մասնաբաժին։
Հետաքրքիր է, որ Երևանի խանի պալատը իր հատակագծային լուծումներով, ներքին կառուցվածքով կրկնում էր մի շարք այլ պալատական կառույցների և ներկայացնում էր հստակ ձևավորված ճարտարապետական ուղղություն: Պալատի ճարտարապետն է համարվում Միրզա Ջաֆարը, թեև դա հստակ վկայված չէ:
1827 թվականին հենց այս պալատում է բեմադրվել Ալ. Գրիբոյեդովի Խելքից պատուհասը ստեղծագործությունը: Հետաքրքիր է, որ նույն Գրիբոյեդովը որպես ռուսական դիվանագիտական պատվիրակության անդամ հյուրընկալվել է նույն պալատում 19-րդ դարի սկզբներին և նկարագրել խանի հյուրասիրությունը։ Նա թողել է նաև Երևան քաղաքի հետաքրքիր նկարագրություն։
Պալատը երկար կյանք չի ունեցել: Ռուս-պարսկական պատերազմից հետո Երևանի բերդը բազմիցս վերափոխվում է, պալատը աստիճանաբար լքվում է, անտերության մատնվում և սկսում քանդվել, թեև փորձեր են արվում դա կանխելու, գումարներ են հատկացվում Երևանի քաղաքային խորհրդի կողմից, անհատների կողմից, հրավիրվում են մասնագետներ, սակայն վերջիվերջո որոշում է կայացվում ցարական պաշտոնյաների կողմից, որ պալատի շենքը նպատակաուղղված չի պահպանել և վերականգնել խիստ վթարային լինելու պատճառով և որոշում է կայացվում այն ապամոնտաժել, թեև անգամ դրան չի հասնում, քանի որ շենքը փլուզվում է:
Հավելեմ, որ պալատի պահպանման ջատագովների մեծագույն մասը հայ և ռուս մտավորականությունն էր: 19-րդ դարում Երևան այցելած շատ ճանապարհորդներ որպես քաղաքի գլխավոր զարդերից մեկը հիշատակում են այս պալատը։
#պատմություն #արի_գնանք_Հայաստան
Պատմաբան Ռուբեն Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից: