Թոքերի քաղցկեղով պացիենտների մոտ 40%-ի գլխուղեղում մետաստազներ են զարգանում: Այսպիսի պացիենտների միջին գոյատևումը 6 ամսից քիչ է: Թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկի հիմնական գործոն համարվում է ծխելը, սակայն, ինչպես պարզվել է, այն կարող է նաև նպաստել ուղեղում մետաստազների առաջացմանը: Այս մասին ասված է Journal of Experimental Medicine-ում հրապարակված հետազոտության մեջ:
Ինչպես հայտնում է medportal.ru-ն, թոքերի քաղցկեղի դեպքում նիկոտինը շատ վտանգավոր է, քանի որ այն կարող է ներթափանցել ուղեղի մեջ և ազդել իմունային բջիջների հատկությունների վրա:
Ուեյք Ֆորեսթի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները նշել են, որ նիկոտինը ծխախոտային արտադրանքի քաղցկեղածին բաղադրիչը չէ: Սակայն նիկոտինը նպաստում է, որ թոքերի քաղցկեղի ոչ մանրբջջային մետաստազներն ընկնեն ուղեղի մեջ:
«Ելնելով մեր բացահայտումներից՝ մենք չենք կարող ասել, որ նիկոտինի հետ խառնվող արտադրանքի օգտագործումը ծխելը դադարեցնելու անվտանգ տարբերակ է թոքերի քաղցկեղ ունեցող մարդկանց համար»,- ասել է հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Կոունոսուկե Վատաբեն:
Գիտնականները հետազոտել են թոքերի քաղցկեղով 281 պացիենտի և հայտնաբերել են, որ ծխողների մոտ այս ուռուցքը ավելի հաճախ է մետաստազվում դեպի ուղեղը, քան չծխողների մոտ:
Այնուհետև մկների մոդելով գիտնականները կարողացել են հայտնաբերել նիկոտինի ազդեցության մեխանիզմը և ավելի լավ հասկանալ, թե ինչպես են մետաստազները ընկնում ուղեղ: Պարզվում է, որ նիկոտինը ներթափանցում է հեմատո-էնցեֆալիկ պատնեշի միջոցով և ազդում է միկրոգլիայի` ուղեղի իմունային բջիջների վրա: Արդյունքում, գլիան դադարում է պաշտպանական դեր կատարել և սկսում է նպաստել քաղցկեղի աճին: