Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում կայացած «Էվերթոն»- «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կրկին անհաջող ավարտ ունեցավ մանչեսթերյան ակումբի համար: Վերջին վայրկյանին մրցակցի իրացրած 11-մետրանոցից հետո խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
Խաղավարտին Ժոզե Մոուրինիոն՝ մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչը, խոսել է կազմի ընտրության մասին՝ մասնավորապես առանձնացնելով Մխիթարյանին և Մարսիալին:
Մոուրինիոն նշել է, որ ֆուտբոլիստների ընտրությունը կախված էր ոչ թե ֆուտբոլիստների անձից, այլ խաղի բնույթից:
«Մխիթարյանն ու Մարսիալն ավելի արագ են հարձակման գծում: Նրանք կարողանում են գնդակն արագ տեղափոխել հարձակման գիծ և արագ են կողմնորոշվում, երբ գնդակը նրանց մոտ է»,- նշել է Մոուրինիոն:
Խոսելով խաղի մասին՝ Մոուրինիոն նշել է, որ չունի որևէ մեկնաբանություն:
«Արդյունքը ոչինչ չի նշանակում, մենք գերազանցում էինք մրցակցին: Մենք շարունակելու ենք աշխատել: Գոհ եմ իմ ֆուտբոլիստներից, որոշ մասից՝ հատկապես: Կան տղաներ, որ իրար հետևից անցկացրել են 5 բավականին բարդ հանդիպում»,- նշել է պորտուգալացի մասնագետը:
Սիրարփի Աղաբաբյան