Ռուսաստանցի երգիչ, 2009 թվականի Եվրատեսիլի հաղթող՝ Դիմա Բիլանը, Հայոց ցեղասպանությանը նվիրված տեսահոլովակ է պատրաստում:
Այդ մասին մի քանի օր առաջ նա հայտնել է «Տարվա երգ» մոսկովյան համերգի ձայնագրությունից հետո՝ МузТВ հեռուստաընկերության լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ:
Երգչի խոսքերով նկարահանումներն արդեն ընթացքի մեջ են: Բնանկարահանումներն իրականացվել են Արարատյան դաշտում, իսկ մնացած մասը արվելու է «Մոսֆիլմ» կինոստուդիայի սրահներից մեկում:
«Թեման ինձ հոգեհարազատ է, նախատատս՝ Շուշան Տիգրանի Քրունին, ջարդերից է փրկվել, և այդ ժամանակ եղել է 13 տարեկան»,- ասել է Դիման:- «Նրան փրկել են ռուս հնադավանները, որոնք նույնպես փախչել են Թուրքիայից: Ափսոս, նա իմ ծնվելուց առաջ է մահացել, չեմ տեսել: Սակայն մայրիկիս ասելով, տատիկը ամբողջ կյանքում իր հարազատներին է փնտրել, այդպես էլ ոչ մեկին չի գտել…»:
Տեսահոլովակի թողարկումը կներկայացվի եկող տարվա ապրիլին: Արտիստը երգը նվիրելու է նախատատի և Օսմանյան կայսրությունում միլիոնավոր նահատակների հիշատակին: Բիլանը նաև նկատեց, որ իր գոյությամբ շնորհակալ է նախատատին, որին թեև չի տեսել, բայց միշտ զգացել է նրա աներևույթ օգնությունը:
yerkramas.org
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը