Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ մամլո ծառայությունից, դեկտեմբերի 5-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երևանի պետական հումանիտար տեխնիկական քոլեջի ուսանողները և դասախոսները: Հյուրերը նախ հետևել են քառօրյա նիստերի աշատանքին, ապա մասնակցել բաց դասի, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Հանդիպման առաջին իսկ պահից հաստատվել է ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ: Գալուստ Սահակյանը զրույցի սկզբում ներկայացրել է ԱԺ կառուցվածքը, խոսել օրենսդրական գործառույթի մասին և անդրադարձել խորհրդարանական բանավեճերին: ԱԺ նախագահն իր խոսքում փաստել է, որ մշակվող օրինագծերը վերջնական տեսքի են բերվում հենց ծավալվող բանավեճերի արդյունքում: Ուսանողներն ԱԺ նախագահին ուղղել են նաև հարցեր, որոնք վերաբերում էին տնտեսության զարգացմանը, երկրում կոռուպցիայի կանխմանը, արտագաղթին, բանկային համակարգին, գյուղացիական վարկերին, Հայաստանում արտադրության խթանմանը և տեղական ռազմական արդյունաբերության ընդլայնմանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ուսանողների խնդրանքով խոսել է նաև իր անցած քաղաքական ճանապարհից: Բաց դասի ավարտին խորհդարան այցելած հյուրերը նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ նախագահի հետ: