1933 թվականին Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար հայազգի Ռուբեն Ղուկասի Ռուբենովին հաջորդեց Միր Ջաֆար Բաղիրովը, ում նշանակումը չէր կարող անցնել առանց Բերիայի աջակցության ու Ստալինի համաձայնության:
Պաշտոնավարման քսան տարիների (1933-1953) ընթացքում Բաղիրովը ներկայանում էր որպես «ադրբեջանական ժողովրդի հայր»: Հաճախ հայտարարում էր, թե ֆաշիզմի դեմ տարած հաղթանակն ադրբեջանցի նավթագործների շնորհքն է: Բաղիրովին անվանում էին «տեղական Ստալին»։ Նրա կառավարման շրջանում Ադրբեջանում բռնաճնշումների ենթարկվեցին տասնյակ հազարավոր մարդիկ՝ գերազանցապես հայեր, քրդեր, լեզգիններ ու թալիշներ։
Երբ Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը նամակով դիմեց Ստալինին` Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի կազմի մեջ մտցնելու առաջարկով (1945 թ. նոյեմբերի 11), Բաղիրովը նույն թվին նամակ գրեց ՀամԿ(բ)Կ Կենտկոմի քարտուղար Մալենկովին, որտեղ մասնավորապես ասված էր. «ԼՂԻՄ-ի վերադարձման հարցում դեմ չեմ, բացառությամբ Շուշիի շրջանի, պայմանով, որ Ադրբեջանի կազմի մեջ մտցվեն Հայաստանի գերազանցապես ադրբեջանցիներով բնակեցված Ազիզբեկովի, Վեդիի ու Ղարաբաղլարի շրջանները (1937-1948 թթ. Վեդիի շրջանի արևելյան հատվածը առանձնացված էր որպես Ղարաբաղլարի շրջան)»:
Ստալինի մահը նշանավորեց ստալինյան դարաշրջանի ավարտը, որին հետեւեց Բերիա-Բաղիրով քաղաքական առանցքի դատապարտումը: Ես հիշում եմ Բաղիրովի դատավարությունը, որին ներկա էի որպես Արցախի պատվիրակության անդամ։ Դատի ժամանակ ռազմական տրիբունալի նախագահի ու գլխավոր մեղադրող Ռ. Ա. Ռուդենկոյի խաչաձեւ հարցաքննությամբ պարզվեց, որ Բաղիրովը ծրագրած է եղել Ադրբեջանին միացնել Դաղստանը, իսկ ինքը, Ստալինն ու Բերիան որոշած են եղել 1953-ի ամռանը կազմակերպել Հայաստանում բնակվող հայության մի նոր վիթխարի բռնագաղթ, որով արդեն հանրապետության բնակչությունը պիտի կրճատվեր, դառնար մեկ միլիոնից էլ պակաս, որպեսզի զրկվեր միութենական հանրապետության իրավունքներից:
– Ուրեմն Հայաստանը պիտի բաժան-բաժան արվեր, միացվեր հարեւանների՞ն. այդպե՞ս պիտի հասկանալ,- հարցրեց ռազմական տրիբունալի նախագահը:
– Այո՛,- անվրդով պատասխանեց Բաղիրովը,- ծրագիրը խափանվեց միայն Ստալինի մահվան պատճառով:
– Բայց ո՞րն է հիմքը, ի՞նչն էր միավորում ձեր ու Ստալինի տրամադրությունները,- այս հարցն էլ տվեց գլխավոր մեղադրող Ռոման Ռուդենկոն:
– Ես Ադրբեջանի ղեկավարն էի՝ շահագրգռված նրա ամեն տեսակ հզորությամբ: Կրեմլին ձեռնտու էր Արեւելքում, մահմեդական աշխարհի նախադռանը, ունենալ Ադրբեջանի պես հզոր ու հավատարիմ մի հենարան-հանրապետություն,- դարձյալ անվրդով ու հանգիստ պատասխանեց եռյակ դահճապետության վերջին ներկայացուցիչը։
Բերիայի ոճրագործություններին հանցակից լինելու մեղադրանքով 1954 թ. Մ. Ջ. Բաղիրովը ձերբակալվեց, իսկ 1956 թ. մայիսի 7-ին դատապարտվեց գնդակահարման: Որոշ աղբյուրների համաձայն դատավճիռն ի կատար է ածվել Բաքվում, թեեւ շրջանառվում է նաեւ նրա սիբիրյան աքսորում մեռնելու վարկածը։
Աղբյուրը՝ Բագրատ Ուլուբաբյան, «Արցախյան գոյապայքարը», Երեւան, 1994