ՍԻՐԵԼԻՆԵՐ
ՖԲ-ում շրջանառվող բնիկ (երեւանցի)-եկվոր խոսակցությունը, թեեւ անիմաստ է եւ անհեթեթ, բայց առիթն օգտագործելով՝ պետք է հույժ կարեւորագույն մի հարց բարձրացնեմ։
Աշխարհի քիչ թե շատ նորմալ գրեթե բոլոր երկրներն ունեն միգրացիայի թանգարաններ։ Նրանց համար մարդուժի տեղաշարժը, հատկապես՝ ներհոսքը, երկրի արժեւորման ցուցիչներից է։
Հայաստանն, ավաղ, նման թանգարան չունի։ Այն Հայաստանը (Արեւելյան, նախկին խորհրդային), որը, եթե ոչ 100, ապա առնվազն 80 տոկոսով իր գոյության համար պարտական է երբեմնի միգրատներին՝ գաղթականներ, ներգաղթողներ, ներքին (ԽՍՀՄ) վերաբնակիչներ։
Ամեն առիթով խոսել եմ այս խնդրի մասին։ Ասել եմ, որ անհրաժեշտ է միգրացիոն գործընթացներն ուսումնասիրող եւ ներկայացնող թանգարան-հիմնարկություն ունենալ։ Ամենազորեղ փաստարկը, որով հակադրվել են առաջարկիս, հետեւյալն է. «Ուզում ես ջուր լցնե՞լ ադրբերջանցիների ջրաղացին, նրանք առանց քեզ էլ ասում են, որ Երեւանն իրենց քաղաքն է»։
Եւ, քանի որ քմծիծաղով եմ նայում էդ ջուր ու ջրաղացին, շարունակում եմ առաջարկել ստեղծել միգրացիայի թանգարան, նկատի ունենալով, որ այս տարածքում առկա պատմական նյութը՝ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանաքարեր, պեղածո-հանածոներ, լիուլի բավարար են ոչ միայն հերքելու ադրբեջանական վարկածները, այլեւ հաստատելու, որ Արեւելյան Հայաստանի այս հատվածը եղել եւ մնում է լիիրավ հարթակ բոլոր հայերի վայէջքի համար։
Ես այսօր մասամբ գլուխ գովեցի, որ առնվազն 200 տարվա ցեղային կենսագրությամբ երեւանցի եմ։ Դա ճիշտ է, երբ միայն գերագնահատում ես հայրիշխանությունը։ Բայց համընթաց իմ շառավիղներում ինչ ասես կա՝ վանեցի (էջմիածինցի), բայազետցի (գավառեցի), խոյեցի (օհանավանցի), մշեցի (ապարանցի)։
Սփյուռքահայերի շրջանում տարածված մի մոլորություն կա, որ Արեւելյան Հաաստանի այս հատվածը ՀԱՅՐԵՆԻՔ չէ, որ հայրենիքն այն կորուսյալն է, որն ունենալու անհնարինությունն ավելի հարմարավետ է, քան ունեցածի արժեւորումը։
Ես նորից եմ կրկնում՝ Արեւելյան Հայաստանի այս հատվածն այն խճանկարն է, որտեղ ամեն ոք կարող է գտնել հայ լինելու իր պատճառաբանությունը։ Եւ նորից եմ պնդում, որ Հայաստանում պետք է լինի բնիկությունն ու եկվորությունը հավասարակշռող հաստատություն՝ Արեւելյան Հայաստանի մարդագրությունն ուսումնասիրող եւ ի ցույց դնող հետազոտական կառույց։
Ֆեյսբուքյան այս գրառումս ընդունեք որպես բաց նամակ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Սփյուռքի հանձնակատարին, Գիտությունների ազգային ակադեմիային, այլ հաստատություններին ու գերատեսչություններին, որոնք գուցե հասկանան եւ քննարկեն շատ կարեւոր այս հարցը։
Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան էջից: