Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր էջում գրում է.
«Համարձակվում եմ դեմ արտահայտվել «բնիկ երևանցի» արտահայտությունում կիսառասիզմ փնտրողներին: Մշակութային առանձնահատկությունները կարևորող և գաղափարը պաշտպանող բազմաթիվ երկրներ և հասարակություններ տարատեսակ լուծումներ են փնտրում և գործադրում նաև «բնիկների» համահավաքը պահպանելու ուղղությամբ: Մի շարք եվրոպական երկրներում մեծացող ու զարգացող քաղաքների կենտրոններում կամ հին մասում ապրողների համար հաճախ ստեղծվում են ոչ կոմֆորտային պայմաններ, քանի որ նրանց հաճախ արգելվում է իրենց ապրած հին շենքերում փոփոխություններ անել, իսկ երբեմն դա պարզապես հնարավոր չէ: Այս դեպքում ջանքերն ուղղված են շենքերի և դրանց առանձնահատկությունների պաշտպանությանը: Իսկ ժամանակակից կյանքի պայմանները՝ խոհանոցները, լոգարանները, զուգարանները այդ շենքերում այնքան էլ հարմար չեն: Հաճախ փոքր են ճաշասենյակները, ննջասենյակը, իսկ երբեմն ննջասենյակ առհասարակ չկա:Այսօր քաղաքի կենտրոն համարվող թաղամասը 50-100 տարի առաջ հաճախ էլիտար թաղամաս չէր, բանվորական էր:
Անցյալ ամառ ես որոշ ժամանակ ապրեցի Մարսել քաղաքի Շառլ Դը Գոլ հրապարակի մոտի այդպիսի մի շենքում: Շենքը վերելակ չուներ: Հարաբերականորեն մեծ նախկին սենյակի մի մասը առանձնացրել էին զուգարանի համար, մի անկյունում գազօջախ դրել, մնացյալ տարածքում տեղ էր մնացել միայն բացվող բազմոցի համար: Նույնիսկ բազմոցի փակ վիճակում սենյակում շարժվելն ուղղակի ջանքեր էր պահանջում:
Որոշ երկրներ շենքերի պաշտպանությանը միացնում են այդ տարածքների հնաբնակների կենցաղա-մշակութային առանձնահատկությունների պաշտպանությունը, քանի որ փոփոխություններ անելու իրավունքից զրկված մարդիկ հաճախ առհասարակ չեն ուզում ապրել իրենց ժառանգություն հասած անհարմար բնակարաններում: Օրինակ՝ նրանց ազատում են գույքահարկից, երբեմն նույնիսկ պետական բյուջեյից լրացուցիչ վճարում են՝ պայմանով, որ նրանք համաձայնվեն շարունակել ապրել իրենց պապական բնակարաններում: Որովհետև նրանց անհատական և թաղամասային կոլեկտիվ կյանքը՝ նրանց փոխահարաբերությունները, նրանց կենցաղը, եփածը, սպասքը, այցելության վայրերը, տոնակատարությունները, նրանց շփման կերպը այս կամ այն չափով ու ձևով վերարտադրում է նրանց թաղամասի, միկրոթաղամասի մշակութային կյանքը: Քչերն են համաձայվնում մնալ, բայց բոլոր դեպքում սա որոշ չափով նպաստում է թաղամասի հնաբնակների կենցաղի շարունակականությանը:
Երևանը այս մոդելը չի կարող պատճենել: Երևանի այսօրվա կենտրոնը ըստ էության ձևավորվել է խորհրդային շրջանում: Այդ ժամանակ կենտրոնում շատ քիչ հնարավորություններ էին թողնված նախախորհրդային Երևանի հնաբնակների համար: Նրանցից բարեկեցիկների առանձնատները ազգայնացվել են և դարձել կամ վարչական շենքեր, կամ ներսից կտրտվել և դարձվել կոմունալ բնակարաններ:
Նոր կառուցվող շենքերից բնակարաններ հատկացվում էին գլխավորապես խորհրդային վարչարարներին, բարձրաստիճան կուսակցականներին կամ պրոֆեսիոնալներին և խորհրդային արվեստի ու սպորտի գործիչներին՝ կենտկոմի և շրջկոմի աշխատողներին, ինժեներներին, գիտնականներին, գրողներին, դերասաններին, երաժիշտներին… Նրանց մեջ հնաբնակ երևանցիները շատ քիչ էին, հիմնականում հավաքված էին Ալեքսանդրապոլի, ԹԻֆլիսի, Շուշիի, Բաքվի, Ելիզավետպոլի, Նոր Նախիջևան/Ռոստովի, Կոստանդինապոլսի … խորհրդային Հայաստան տեղափոխվող հայերից: Հասկանալի է, որ նրանք իրենց հետ բերում էին այդ քաղաքների մշակութային առանձնահատկությունները և աստիճանաբար ձևավորվում էր խորհրդային Երևանի մշակութային ընդհանրությունը: Սրան գումարվում էր նաև Ցեղասպանությունից փախստական հայերի Երևանում հաստատված հատվածը, որոնք իրենց առանձնահատուկ միկրոմշակույթն էին ձևավորում հատկապես Երևանի Այգեստան թաղամասում: Գերական Վանից փախստականներն էին:
Նախախորհրդային հնաբնակ երևանցիների մի մասը զոհ գնաց ԽՍՀՄ քաղաքական բռնություններին որպես «դասակարգային թշնամի», մի մասը հեռացավ Երևանից, մի մասը լուծվեց խորհրդային նոմենկլատուրային: Նրանց կոլեկտիվ կյանքը խաթարվեց այնքան, որ չէր կարող ժառանգորդել նախախորհրդային երևանաբնակների մշակութային առանձնահատկությունը և ազդել երևանյան նոր ձևավորվող մշակութային դիմագծի վրա: Սա իսկապես մշակութային մեծ խզում էր:
Այսօրվա «բնիկ երևանցիները» կամ նախախորհրդային Երևանի բնակիչների ժառանգորդներն են, ովքեր իրականում, ցավոք, հարյուր տարի է համատեղ անցյալ և նույնիսկ համատեղ ներկա չունեն, կամ մինչև 20-րդ դարի 50-ականները տարբեր տեղերից Երևանում հաստատված գաղթականների, խորհրդային մասնագետների և կոմունիստական նոմենկլատուրայի ժառանգները, որոնք տարբեր մշակութային առանձնահատկությունների կղզյակներ էին: Բայց այո, նրանք բոլորը միասին ձևավորել են որոշ կենցաղային և արժեքային մշակութային շերտ, արժեքավոր շերտ, որը հենց մեր աչքի առաջ քանդվում է: Սա նույնպես մեր մշակութային պատմության ավերում է: Սրա պաշտպանության ցանկությունը ռասիզմ չէ այսպես կոչված «նորաբնակների» նկատմամբ, մեր նոր քաղաքային մշակույթի անընդհատության պահպանության մտահոգություն է:
Կարծում եմ սա գիտակցված լուծում պահանջող հարց է: Մենք չենք կարող անընդհատ ջնջել դժվար կայացող հասարակական մշակութային ուղղահայաց շերտերը: Սա նույնպես պատմության, տվյալ դեպքում Երևանի պատմության խեղաթյուրում է: Երևանի հնաբանակներն իրավունք ունեն իրենց մշակութային անցյալը ժառանգելու և ժառանգությունը պաշտպանելու:
Ես չեմ կարծում, որ գույքահարկի մասին օրենքում փոփոխությունն է սպառնում այդ մշակույթի պաշտպանությանը, առավել ևս, որ Երևանի Կենտրոն թաղամասում հնաբնակ երևանցիների թիվը նվազում է հենց նորաբնակ-նորահարստացածների հաշվին, բայց գտնում եմ, որ այն իսկապես պաշտպանության կարիք ունի»: