COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ ռուսական պատվաստանյութի թեստավորման ժամկետները, որը մշակվել է Գամալեի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում, հնարավոր է՝ զգալիորեն կրճատվեն: Այս մասին հայտնել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի գենոմային ինժեներիայի լաբորատորիայի ղեկավար Պավել Վոլչկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բուրդենկոյի անվան գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալում այս պատվաստանյութը ներկայումս թեստավորում են կամավորների երկու խմբի վրա: 18 կամավորներից առաջինին պատվաստանյութը ներարկել են հունիսի 18-ին:
Կլինիկական փորձարկումները սովորաբար անցկացվում են երեք փուլով եւ մի քանի տարի են տեւում: Սակայն համավարակի պայմաններում փորձարկումների մի քանի փուլեր կարող են կրճատել Առողջապահության նախարարության եւ «Ռոսպոտրեբնադզորի» հայեցողությամբ, նշել է մասնագետը:
«Ընդ որում՝ դրա որոշ պարամետրեր մնում են չհստակեցված, օրինակ՝ այդ պատվաստանյութի ազդեցության տեւողությունը»,- հավելել է նա:
Նրա խոսքով՝ պատվաստանյութի փորձարկումների երկրորդ եւ երրորդ փուլերը կարող են դարձնել ավելի զանգվածային: Մասնավորապես՝ կլինիկական փորձարկումների շրջանակում այն կիրառելու են բուժհաստատություններում, բայց դրա հետ միաժամանակ դեղամիջոցը դեռեւս չի գրանցվելու: Դա կօգնի պատվաստանյութի ազդեցության մասին ավելի լիարժեք տվյալներ հավաքելուն: