«Պատմության եւ մշակույթի հուշարձանները կարեւորագույն դերակատարություն ունեն հասարակության եւ պետության համար։ Այդ իսկ պատճառով դրանց պահպանությունն ու փոխանցումը հաջորդ սերունդներին ոչ միայն կոնկրետ պետության, այլեւ միջազգային հանրության, միջազգային կազմակերպությունների, օրինակ՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտպանության եւ հոգածության ներքո են գտնվում։
ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում ռասսայական խտրականության եւ ոստիկանական բռնությունների դեմ բողոքի ցույցերի շրջանակներում ապամոնտաժվում, պղծվում եւ վանդալիզմի զոհ են դառնում հայտնի պատմական, քաղաքական գործիչների հուշարձանները, որոնց գործունեությունն ըստ ցուցարարների այս կամ այն կերպ առնչվում է ստրկատիրության եւ գաղութացման հետ։
Երբ անցումային, փոփոխություններ ենթադրող փուլերում ոչնչացվում եւ ապամոնտաժվում են հուշարձաններն ու պատմական կոթողները, ներկայացնելով որպես «վատ» անցյալի մերժում, իրականում մերժվում եւ փորձ է արվում սրբագրել նախկին արժեհամակարգը։ Անցյալն իրողություն է, որի մասին մենք պե՛տք է պատկերացում ունենանք, որքան էլ այն մեզ համար անընդունելի լինի։ Պատմությունից պետք է դասեր քաղել եւ հետեւություններ անել։ Երբ քանդվում են պատմական հուշարձանները՝ անցյալի լուռ, բայց խոսուն վկաները, ոչնչացվում են մարդկության «արմատները», որից մենք թուլանում ենք եւ խոցելի դառնում սպասվող «փոթորիկներին» դիմակայելու ժամանակ։ Հուշարձանն անցյալն ու ապագան կապող բարակ, բայց կենսունակ թելն է, որը պարտավոր ենք պահպանել մենք՝ ներկայում ապրողներս»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: