Այս տարի կեռասի և ծիրանի բերքատվությունը Հայաստանում ավելի ցածր է, քան անցած տարի։ Փորձագետներն առավելագույնը 55 հազար տոննա են ակնկալում, երբ Հայաստանի համար նորման 65-70 հազարն է։ Արտահանել կլինի առավելագույնը 20 հազար տոնան։
Բերքի քանակի վրա ազդել են տարեսկզբի ցրտահարությունները, իսկ որակի վրա` բարձր խոնավությունը` առատ անձրևներից սնկային հիվանդություններ են առաջացել։ Սակայն կա ևս մեկ պատճառ, որն ամեն տարի խանգարում է բերքին և գյուղացու եկամտին, այդ մասին էլ մենք կխոսենք ստորև։
«Ցրտերն ու սնկային հիվանդությունները կրճատել են բերքի քանակը և ազդել են որակի վրա։ Արտահանման ենթակա ծիրան շատ դժվար է գտնել, և մեր ներկայացուցիչները փորձում են նույնիսկ ոչ այնքան որակով բերք գնել, միայն թե այն չմնա գյուղացու վրա», –Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը։
Որքան բերքը քիչ է, այնքան ռուսական սուպերմարկետների ցանցերի հետ բանակցային դիրքերը թույլ են, և խանութների փեղկերում տեղեր գրավելու մրցակցությունը` մեծ։ Առավել ևս, որ Ուզբեկստանում և Տաջիկստանում բերքի հետ կապված խնդիրներ չեն եղել, ինչպես նաև Թուրքիայում և Իրանում. այս երկրները ևս Ռուսաստան ծիրան ու այլ մրգեր են մատակարարում։
«Այս տարի մտադիր էինք արտահանել 7-8 հազար տոննա, սակայն միանշանակ այդ ծավալը չենք կարողանա ստանալ, լավագույն դեպքում կունենանք կեսը», – նշեց Բաղդասարյանը։
Խնդիրը նաև այն է, որ ոչ բոլոր գյուղացիներն են վնասատուների դեմ անհրաժեշտ միջոցառումներն իրականացրել, այդ պատճառով նույնիսկ այն բերքը, որը ստացել են, հիմա դժվար է վաճառել։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ճանաչված փորձագետ Գառնիկ Պետրոսյանն ասում է, որ այգեգործները միշտ չէ որ ճիշտ ու ժամանակին են մշակում ծառերը։ Սնկային հիվանդությունները նորություն չեն, թե ինչպես պայքարել դրանց դեմ` վաղուց է հայտնի։ Բայց, նրա խոսքով, ցավոք, շատերը մոռանում են կամ հնարավորություն չեն ունենում ժամանակին իրականացնել ծառերի մշակումը։
«Եթե տարին չոր է լինում, մեկ–երկու սրսկումը բավական է, որ սունկը չզարգանա։ Սակայն եթե տարին խոնավ է, ապա պետք է սրսկել մի քանի անգամ ավելի», – ընդգծեց Պետրոսյանը։
Մասնագետն ընդգծում է, որ ծառերի մշակումը պետք է սկսել նախապես։ Նախորդ աշնանը, երբ ծիրրանի տերևները թափվում են, պետք է պղնձի մեծ պարունակությամբ պաշտպանիչ դեղամիջոցներ կիրառել, իսկ գարնանն արդեն մի քանի սրսկում իրականացնել. սկզբում մինչև բողբոջելը, այնուհետև` ծաղկելուց հետո։ Սակայն եթե տարին խոնավ է եղել, ապա դա էլ բավարար չէ. 10-12 օրը մեկ պետք է սրսկել։
Պետրոսյանը հիշեցնում է, որ ինքը նորություն չի ասում, սրանք վաղուց հայտնի բաներ են։ Այդ պատճառով ավելորդ չէ ևս մեկ անգամ գյուղատնտեսության գրքերը վերընթերցել, որտեղ մանրամասն նկարագրված են բոլոր վնասատուներն ու հիվանդությունները և նրանց դեմ պայքարի եղանակները։ Եթե անձամբ ընթերցելու հնարավորություն չկա, կարելի է գոնե հարցնել մասնագետին։
«Չի կարելի հիմք ընդունել այստեղից այնտեղից, հարևանից ու ծանոթից լսածը։ Թունաքիմիկատների խանութներում էլ բարեխիղճ մասնագետներ կան, սակայն կան նաև այնպիսիք որոնց գիտելիքները կիսատ են և որևէ բան խորհուրդ են տալիս հենց այնպես, միայն թե վաճառեն իրենց ապրանքը», – նշեց Պետրոսյանը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am