Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծում եմ, որպես փոխհատուցում և շնորհակալություն մեզ կրթելու պատրաստակամության համար, Հայաստանի քաղաքացիներս ևս կրթելու, սովորեցնելու ծրագիր պետք է մշակենք սփյուռքահայ արվեստի գործիչների համար:
Օրինակ, ամբողջ ժողովուրդը կարող է դասընթացներ անցկացնել, թե ինչպես է պետք պայքարել կայսրության դեմ, հաղթել այդ պայքարում, հռչակել և կառուցել անկախ պետականություն (88-ին Թատերականի հարթակից սփյուռքահայ արվեստի գործիչների ելույթներ չեմ լսել): Ազատամարտիկները կարող են կրթել, թե ինչպես հաղթել պատերազմում առանց կանոնավոր բանակի, թիկունքի, սպառազինության, լուրջ դաշնակիցների (Ղարաբաղյան պատերազմում Սփյուռքից եկած 15-20 հոգի էր կռվում):
Հայաստանի կանայք անգնահատելի խորհուրդներ կտան, թե ինչպես պատերազմական ցուրտ ու անլույս ձմռան ամիսներին կարելի է կին մնալ, օջախ տաքացնել, երեխա մեծացնել, մաքուր-կոկիկ դպրոց ուղարկել:
Ուսուցիչները փորձ կփոխանակեն, թե ինչպես ցուրտ դասասենյակներում, 50-60 դոլար վարձատրության դիմաց մատաղ սերունդ կարելի է կրթել: Գյուղացիները կսովորեցնեն, թե ինչպես առանց տեխնիկայի ու պարարտանյութի կարելի է հող մշակել, բերք հավաքել, սահմանային գյուղերում հաճախ ադրբեջանցիների կրակոցների թիրախ լինելով:
Ազատատենչ քաղաքացիները կկրթեն, թե ինչպես կարելի է «ձայներ պահել» ընտրատեղամասերում, հաճախ բռնությունների ենթարկվելով: Ցուցարարներն ու լրագրողները՝ ինչպես պաշտպանվել մահակի հարվածներից ցույցերը ցրելու ժամանակ: Քաղբանտարկյալները՝ ինչպես պաշտպանվել դատարանում, չկորցնել արժանապատվությունը բանտերում, նրանց ընտանիքները՝ ինչպես գոյատևել և չչարանալ քո երկրի նկատմամբ:
Գործարարները դասընթացներ կարող են կազմակերպել, թե ինչպես ապրանք ներկրել պաշարված Հայաստան, «քցվելով» ռուսաստան-վրաստաններում, հայրենի մաքսատներում ու հարկայիններում: Մարտի 1-ի զոհերը, Ղարաբաղյան (նաև ապրիլյան) պատերազմի նահատակները, ՊՊԾ գնդի ոստիկանները, ցավոք, անձամբ չեն կարող որևէ բան սովորեցնել և կրթել, բայց նրանց սխրանքն է ուսուցանում…:
Հայաստանի քաղաքացիների մեծագույն հատվածը 88-ից շատ լավ գիտի ազատության, արդարության, պատասխանատվության, ազնվության արժեքը: Այդ մեծագույն հատվածը վտանգի է ենթարկել սեփական բարեկեցությունը, առողջությունը, կյանքը, իղձերը՝ հանուն այս պետության կայացման: Նույնիսկ այն մարդիկ, որոնք այսօր իրենց ձայնն են վաճառում: Լավ են անում, եթե այլընտրանք նրանց չեն թողել:
Ի սեր Աստծո, մի փորձեք մեզ կրթել: Ազատ ժամանակ կունենաք, ընտրությունների օրերին ձեր արձակուրդը Հայաստանում կանցկացնեք, ընտրատեղամասերում դիտորդություն կանեք, և շատ շնորհակալ կլինենք ձեզ: Բայց ժողովրդին կրթելու մտադրությունը թողեք…»: