Ինչ մեքենաներով են երթևեկում Հայաստանի Հանրապետության երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Այս հարցը, թերևս, շատերին է հետաքրքրում: Նախագահներին սպասարկող ավտոմեքենաներին ևս մեկ անգամ անդրադառնալու առիթ հանդիսացավ այն հանգամանքը, որ այս օրերին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի զրահապապ ավտոմեքենան դրվել է աճուրդի և գտնվում է կրճատված ավտոմեքենաների աճուրդի հրապարակում:
Օրինակ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մինչև վերջերս երթևեկում էր ամերիկյան արտադրության Lincoln Town Car զրահապատ լիմուզինով, որն արտադրվել է 90-ականներին՝ 1995-97թթ.։
Նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այս ավտոմեքենայով երթևեկել է իր պաշտոնավարման վերջին տարիներին, իսկ պաշտոնանկությունից հետո այն փոխանցվել է իրեն՝ որպես պաշտոնաթող նախագահին սպասարկող մեքենա։ Այն լյուքս դասի, հզոր V8 շարժիչով ներկայացուցչական սեդան է՝ նախատեսված հենց բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկելու համար։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ պաշտոնավարման սկզբնական շրջանում Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկել են ռուսական արտադրության «Վոլգա»-ներ։
Իր նախագահության տարիներին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երթեւեկում էր գերմանական արտադրության զրահապատ Mercedes S-Class-ով։ Սա 90-ականների արտադրության Mercedes-ի ամենահայտնի ու ամենահարգի մոդելներից է։
Պաշտոնաթողությունից հետո Ռոբերտ Քոչարյանը երթեւեկում է ճապոնական արտադրության Lexus LS 460 ներկայացուցչական դասի շքեղ սեդանով։ Lexus-ը ճապոնական Toyota-ի լյուքսային բրենդն է՝ նախատեսված հյուսիսամերիկյան շուկայի համար, որտեղ շատ են տեղ տալիս ավտոմեքենաների շքեղությանն ու թանկարժեք համալրումներին։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռ. Քոչարյանին սպասարկող այս մեքենան ևս զրահապատ է։
Իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երթևեկում է ավանդական Mercedes-ով։ Նրան սպասարկում են 2006-ից հետո արտադրված W221 թափքով զրահապատ Mercedes S-Class-ով։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին սպասարկող այս ավտոմեքենայի վրա փակցված է երկրի «թիվ մեկ» պետհամարանիշը՝ հատուկ տարբերանշանով. 001 UU, մեքենայի հետնամասում՝ համարանիշի համար հատկացված հատվածում պատկերվախ է նաև Հայաստանի դրոշը։