Հայկ Մարտիրոսյանի գրառումը.
«Բոլոր, առանց բացառության բոլոր եվրոպական և ամերիկյան քաղաքներում (բացառությամբ ամերիկյան մի քանի տոտալիտարիզմի մեջ ընկղմված գյուղաքաղաքներից` ներառյալ կալիֆորնիական հայաբնակ շրջանները), հատկապես` հին պլանավորման ուրբանիստական գոտիներում երբեմն կամ հաճախ` կյանքի համար անվտանգ որոշակի խախտումների վրա ոստիկանությունն աչք է փակում, որովհետև հասկանում են, որ կան խախտումներ, որոնք անէական են, ոչ վտանգավոր և անհրաժեշտ։ Նաև` հաճախ թույլատրելի արագությունները շատ ավելի բարձր են քան Հայաստանում, իսկ շատ հաճախ` դրանք գերազանցելիս` չեն տուգանում, որովհետև դա նույնպես որոշ դեպքերում բնականոն կյանքի և ընթացքի անխուսափելի մաս է։ Որոշ դեպքերում` անգամ անհրաժեշտ։
Եվ միայն Հայաստանում է, որ երիտասարդ սերնդի ուղեղը նոր` ֆաշիզմի ճանապարհ բռնած հեղափոխական իշխանոթյունները մտցնում են թե ամեն խախտում հանցանք է, ամեն արագություն` հանցավոր։ Միայն ֆաշիստական, ավտորիտար, օրվելյան «մեծ եղբոր» հասարակություններում են նման զանցանքները կամ խախտումները համարվում հանցանքին հավասար մի բան, իսկ արագությունները տխմարաբար ամենուր հավասարեցնելով կտրուկ նվազեցնելը մինչև անթույլատրելի դանդաղ ցուցանիշներ, և տեսախցիկների համընդհանուր ներդրումը` նորմալ և ընդունելի։
Երբ մարդիկ Արևմուտքի ու Արևմտյան մշակույթի մասին պատկերացումներ կազմում են միայն ֆիլմերից, ամսագրերից ու իրենց ստերեոտիպներից, կամ տուրիստական այցելություններից ու չեն ապրում, չեն ներթափանցում Արևմտյան կյանքի նրբությունների խորքերը, այլ` կուրորեն կապկում են Գլենդեյլի կամ Բեռլինի որոշ կողմեր, որոնք կարող են և առաջին հայացքից լավը լինել, կամ բացահայտորեն վատը, ստացվում է այն` ինչ ստացվում է Հայաստանում։
Չի կարելի Գլենդեյլում ընդունված ու անգամ ամերիկյան չափանիշներով տոտալիտար ոստիկանական պրակտիկան ներմուծել Հայաստան ու Գլենդեյլի ոստիկանության պես զբաղվել գումար կթելով, ոստիկանությունը հիմարություններով զբաղեցնելով և փողոցներում ոստիկաններին ատելի դարձնելով, որպեսզի լցվի քաղաքային բյուջեն։ Այդպես են դառնում ոստիկանական պետություն, այդպես են Գլենդեյլով աշխարհ պատկերացնող մարդիկ ապականում Հայաստանի մթնոլորտը` երկիրը` օրենք հաստատելու անվան տակ տանելով դեպի կեղեքիչ և անմարդկային ու հիմար օրենքներով հասարակություն, որտեղ շնչահեղություն սկսում է առաջանալ ոչ թե դիմակ կրելուց, այլ մարդկանց գրպանը, բերանն ու միտքը կարելուց»: