Յոթանասունինը տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը: Նա կյանքից հեռացել է հուլիսի 8-ին:
Այս մասին «Արմենպրես»–ին հայտնեց Վլադիմիր Աբրահամյանի որդու կինը՝ Նարա Եփրեմյանը:
Նկարչի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 9-ին, իսկ վերջին հրաժեշտը՝ հուլիսի 10-ին: Տեղի և ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Վլադիմիր Աբրահամյանը ծնվել է Կոտայքի մարզի Բջնի գյուղում 1941 թվականին:
1966-ին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետև՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը:
1973-1976 թվականներին աշխատել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում` որպես դասախոս, իսկ 1980-1991 թվականներին՝ Հեռուստառադիոպետկոմի գրական-գեղարվեստական հաղորդումների խմբագրությունում` որպես բեմադրող նկարիչ: Եղել է
գեղարվեստական խմբագիր ՆԳ «02» շաբաթաթերթում, «Արևիկ» հրատարակչությունում: Դասախոսել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում:
2015 թվականից դասավանդում էր Աբովյան քաղաքի պետական քոլեջում:
1975-ից Հայաստանի նկարիչների միության անդամ էր:
1972 թվականից մասնակցել է մի շարք հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների:
2005 թվականին պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով, 2009-ին՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով, 2011 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարի պատվոգրի, իսկ 2013-ին՝ ՀՀ վաստակավոր նկարչի կոչման:
2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարության մասնակի ֆինանսավորմամբ տպագրվել է Վլադիմիր Աբրահամյանի «Հուշապատում» պատկերագիրքը, որում տեղ են գտել նկարչի տարբեր տարիներին վրձնած գործեր։ «Հուշապատումը» հեղինակի ստեղծագործությունների առաջին ընդգրկուն պատկերագիրքն է՝ նվիրված 1949 թվականին բռնադատված և 1991թ. արդարացված հոր՝ Սմբատ Աբրահամյանի և 6 երեխաներին միայնակ մեծացրած մոր՝ Սիրանույշ Աբրահամյանի հիշատակին։ Վլադիմիր Աբրահամյանը ամուսնացած էր, ունի 3 որդի, երկու թոռնիկ:
Արվեստագետի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են ՀՀ թանգարաններում, տարբեր երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան) քաղաքացիների անհատական հավաքածուներում:
Վլադիմիր Աբրահամյանը շուրջ 250 գեղարվեստական գրքերի ձևավորման հեղինակ է։