Գյումրեցի չորսամյա Սոֆիան հաղթել է ռուսական «ЛУЧШЕ ВСЕХ» հաղորդաշարում` աներևակայելի հիշողությամբ ապշեցնելով բոլորին (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գյումրեցի չորսամյա Սոֆիան հաղթել է ռուսական «ЛУЧШЕ ВСЕХ» հաղորդաշարում` աներևակայելի հիշողությամբ ապշեցնելով բոլորին

Գյումրեցի փոքրիկ Սոֆիան հաղթող է ճանաչվել ռուսական «ЛУЧШЕ ВСЕХ» մանկապատանեկան հաղորդաշարում։ Չորսամյա աղջնակը գիտի 200 պետության մայրաքաղաքների անուններ։

Մրցույթի հաղորդավար Մաքսիմ Գալկինը ապշահար ասում էր պետությունների անուններ, իսկ Սոֆիան իր թոթով լեզվով անմիջապես արտաբերում էր մայրաքաղաքների բարդ ու դժվարահունչ անվանումները։ Գալկինը հայտարարեց, որ իր կյանքում առաջին անգամ է տեսնում  չորսամյա երեխայի, որն այդքան պետությունների մայրաքաղաքների անուններ գիտի։ Իսկ փոքրիկ գյումրեցին շատ գեղեցիկ բացատրեց նրան․

«Որովհետև ես խելացի եմ»։

erexagumri

Սոֆիայի մայրիկը՝ Գոհար Ենոքյանը IGyumri.com-ի հետ զրույցում պատմեց, որ նկատելով դստեր անսովոր ունակությունները՝ սկսել է աշխատել երեխայի հետ և երբեք չի ստիպել, որ երեխան ինչ-որ բան սովորի․

«Դեռ վաղ հասակում, երբ նոր էր սկսում բառերն իրար կապել՝ փորձեցի ոտանավորներ սովորեցնել և ի զարմանս ինձ, շատ արագ էր սովորում։ Հասկացա, որ պետք է աշխատել երեխայի հետ։ Փորձեցի մեկ-երկու պետության մայրաքաղաքների անուններ սովորեցնել ու հասկացա, որ փոքրիկն իրեն լավ է զգում, երբ հարցերին ճիշտ պատասխաններ է տալիս։ Այնքան էր հետաքրքրվել պետություններով, որ ինքն էր գալիս ասում․«Մամ արի նոր պետություն սովորենք»։ Ես երբեք չեմ ստիպել փոքրիկիս սովորել, փորձել եմ ինչքան հնարավոր է սովորելու պրոցեսը հետաքրքիր դարձնել նրա համար»,- պատմում է Գոհարը։

erexagyumri1

Սոֆիան բազմակողմանի զարգացած փոքրիկ է։ Բացի աշխարհագրական գիտելիքներից, ունի նաև հետաքրքրություն երգերի հանդեպ։ Այս տարիքում երեխան նույնիսկ սեփական երգերն է ստեղծում․

«Սոֆիան զվարճալի երգեր է ստեղծագործում տարբեր առարկաների մասին։ Սիրում է նկարել, արտասանել հայերեն և ռուսերեն։ Գիտի հայերենի, ռուսերենի այբուբենները և ազատ խոսում է այդ լեզուներով»,- մեզ հետ զրույցում նշեց Գոհարը։

Խելացի գյումրեցի փոքրիկը չնայած, որ հեռու է ծննդավայից, այնուամենայնիվ նրա բնավորության մեջ նկատվում է «գյումրեցու թասիբ» ասվածը․

«Սկզբում, երբ հարց էինք տալիս և մի սխալ էր անում՝ ծանր էր տանում։ Բնավորությամբ էլ է այդպիսին․ սիրում է միշտ ճիշտ խոսել, ճիշտ բառեր ասել։ Եթե ինչ-որ հարցում թերանում է իրեն վատ է զգում և ամեն ինչ անում է, որ երկրորդ անգամ նույն սխալը չանի»,-IGyumri.com-ի հետ զրույցում պատմում է Սոֆիայի մայրիկը։

Սոֆիայի ընտանիքն այժմ ապրում է Ռուսաստանի Պոդոլսկ քաղաքում։ Իսկ Նախկինում ապրել են Գյումրու Անի թաղամասում։ Հայրենի քաղաքից տեղափոխվել են 3 տարի առաջ։ Մայրը՝ Գոհար Ենոքյանը և ամուսինը՝ Վազիր Բաղդասարյանը ունեն բարձրագույն կրթություն և աշխատում են՝ օտար հողում մեծացնելով իրեն հրաշկ դստրերին՝ Սոֆիային և երկամյա Անգելինային։

Առաջիկայում «ЛУЧШЕ ВСЕХ» նախագծի շրջանակներում նկարահանվելու է ֆիլմ՝ Սոֆիա Բաղդասարյանի մասին՝ «рецепты воспитания «Лучше всех» խորագրով։

IGyumri.com