Մի այգեպանի որդի, խնձորենու ծառի տակ նստած, Ավետարան է կարդում` հասնելով այն տողերին, թե կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ… Ծառից կարմրահաս խնձոր է ընկնում: Երիտասարդը վերցնում է, զամբյուղի մեջ դնում: Այնուհետև նայում է ծառին, որոշում հավաքել բոլոր հասուն պտուղները: Հաջողությամբ մի քանի զամբյուղ արագ լցնում է խնձորներով և ասում.
– Տե՛ր իմ, գոհ եմ, որ ինձ լուսավորեցիր` ցույց տալով կատարելության ուղին: Կաշխատեմ կարճ ժամանակում հավաքել բոլոր պտուղները և մինչ մայրամուտը գործն ավարտին հասցնել:
Արագ-արագ սկսում է զամբյուղները խնձորներով լցնել ու ժամանակ առ ժամանակ արեգակի տեղաշարժին ուշադրություն դարձնել: Մի դև նկատում է այս մարդու շտապողականությունը, բարձրանում ծառի վրա և ճյուղերը փոքր-ինչ շարժում: Հասուն պտուղներն անձրևի նման թափվում են: Այգեպանի որդին մեծ փութաջանությամբ գետնին թափված խնձորները լցնում է զամբյուղները և հիացմունքով շունչ առնում`նայելով իր աշխատանքի արդյունքին: Դևը չարամտորեն ամբողջ ուժով թափահարում է ծառի մյուս ճյուղերը, ակնթարթորեն անցնում մի այլ խնձորենու ծառի վրա և սրա ճյուղերն էլ շարժում և այսպես ամբողջ այգու ծառերի ճյուղերը ու պտուղներով ծածկում այգու գետնածածկ կանաչը…
Երիտասարդը, շնչակտուր և ուժասպառ լինելով, շվարած ասում է.
– Տե՛ր Աստված, ինձ երկու ձեռք ես տվել, այլևս չեմ հասցնում խնձորները հավաքել և իմ գործը կատարյալ ավարտին հասցնել:
Երկնքից մի ձայն է լսվում.
– Ավետարանի պատգամները կարդալով ըստ քո ցանկությունների մի հասկացիր, այլ պարզապես հետևիր այդ պատգամներին. ես չասացի կատարյալ գործեր արեք, այլ կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ և զուր տեղը ձեզ փորձության մի մատնեք…
Հովհաննես Մանուկյան