Հայաստանի պատվիրակության անդամներն օրերս Ադիս Աբեբայում մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի 11-րդ նիստին: Արդյունքների մասին լրագրողների հետ խոսեցին ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը և ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը: «Շատ կարևոր տարի էր, քանի որ երկար սպասված ընտրապայքարից հետո Հայաստանը դարձավ կոմիտեի անդամ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Արև Սամուելյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր՝ կապված ոչ նյութական մշակութային ժառանգության, հիմնադրամի քարտուղարության աշխատանքի, աուդիտորների հաշվետվության, կոմիտեի հաշվետվության, անվանակարգերի ներկայացման, նոր ձևաթղթերի և այլնի հետ:
Հատկապես հետաքրքրական են եղել կոմիտեի ցանկերը: Ոչ նյութական ժառանգության մեջ կա երեք ցանկ` ներկայացուցչական, անհապաղ պահպանության, լավագույն փորձի գրացման: Այս տարի ներկայացվել է 51 հայտ, որից 43-ը դրական գնահատականի է արժանացել կոմիտեի անդամների կողմից:
Ներկայացուցչական ցանկում ընդգրկված 37 հայտից անցել է 33-ը: Դրանցից 16-ը միանգամայն նոր հայտեր են եղել:
Վահրամ Կաժոյանի խոսքով` իրենց հետաքրքրող հայտը ներկայացվել էր հինգ երկրի կողմից` Իրան, Ադրբեջան, Թուրքիա, Ղազախստան, Ղրղզստան և կոչվում էր «Տափակ հացի պատրաստման և տարածման մշակույթը»: «Երկու տարի առաջ Փարիզում կայացած նիստին ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշի պատրաստման ավանդույթը» հայտը: Կոմիտեն առանց որևէ խոչընդոտի գրացեց այն: Ադրբեջանի պատվիրակությունն այդ ընթացքում մամլո հաղորդագրություն տարածեց` հղում կատարելով կոմիտեի վրա և նշելով, որ կոմիտեն հրաժարվել է գրանցել Հայաստանի հայտը ու կոչ է անում Ադրբ եջանին հավաքագրել տարածաշրջանի երկրներին ու նոր հայտ ներկայացնել լավաշի վերաբերյալ: Քարուղարությունը հորդորեց Ադրբեջանին զերծ մնալ կոմիտեի անունից կեղծ հաղորդագրություններ տարածելուց»,-ասաց Կաժոյանը:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի` յուրաքանչյուր երկիր կարող է հայտ ներկայացնել ցանկացած թեմայով: Փորձագիտական մարմնի իրավասությունների մեջ չի մտնում ճշգրտել դրանց իրավացիությունը: Փորձագիտական մարմնի դերը հայտնի չափանիշներին համապատասխանությունը ստուգելն է:
Հայաստանի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի անունից նամակ է ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային: Նամակում խնդրվում է տարածել նամակն անդամ երկրների ներկայացուցիչների շրջանում` ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը լավաշի հարցի շուրջ:
Կոմիտեի կանոնադրության համաձայն, եթե որևէ հայտ հինգ դրական եզրակացություն է ստանում, քննարկում չի լինում: Սակայն Հայաստանը առաջ է քաշել հինգ դրական եզրակացություն ունեցող երկու հայտերի քննարկումը, որոնք, Հայաստանի ներկայացուցիչների կարծիքով, պատմական, քաղաքական անճշտություններ են պարունակել:
Առաջինը «Տափակ հացի մշակույթի» հայտն էր, իսկ մյուսը` Թուրքիայի կողմից ներկայացված չինի, այսինքն` հախճապակու տեխնիկային վերաբերող հայտը: Խոսքը Քյոթահիայի հախճապակու արտադրության մասին է:
«Քննարկումներն այս թեմաների շուրջ էին: Քարտուղարությունից մեզ տեղեկացրեցին, որ Թուրքիան որոշել է չբանակցել, և տեքստն ընդունման է դրել: Մենք խնդրեցինք քննարկումը հետաձգել և կոմիտեի մի շարք անդամներ աջակցեցին մեզ: Արդյունքում Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությունը տապալվեց»,-ընդգծեց Վահրամ Կաժոյանը:
Հայաստանի պնդմամբ` այն հայտերը, որտեղ առկա է լավաշ բառը, հղում պետք է ունենան Հայաստանի վրա:
Բանակցությունների արդյունքում հինգ երկրները նախագծում ներառել են մի պարբերություն, որտեղ հղում կկատարվի երկու տարի առաջ ընդունված հայտի վրա` նշելով, որ տափակ հացի մշակույթը տարածված է ոչ միայն հինգ, այլև տարածաշրջանի այլ երկրներում:
Հայաստանն անդրադարձել է Քյոթահիայի խեցեղենի հայտին` շեշտելով, որ Թուրքիան խախտել է անհրաժեշտ մի շարք կետեր և, որ հախճապակու արտադրությունը հայերին է պատկանել:
Օրակարգի քննարկման հարցերից էր նաև կոմիտեի աշխատանքների բարեփոխումը: Հայաստանն առաջարկել է հատուկ խումբ ստեղծել, որը կզբաղվի խախտումները վերահսկելու հարցով:
Եզրափակելով իրենց խոսքը` Հայաստանի ներկայացուցիչներն ասացին, որ որպես կոմիտեի անդամ առաջին նիստը շատ լավ է անցել: